կարևոր
3091 դիտում, 10 ամիս առաջ - 2023-05-10 12:38
Քաղաքական

Ալիևը նախկինում ասում էր՝ «Ղարաբաղ ու Արևմտյան Զանգեզուր», իսկ հիմա՝ «Ղարաբաղ ու Զանգեզուր»․ Տաթևիկ Հայրապետյան

Ալիևը նախկինում ասում էր՝ «Ղարաբաղ ու Արևմտյան Զանգեզուր», իսկ հիմա՝ «Ղարաբաղ ու Զանգեզուր»․ Տաթևիկ Հայրապետյան

Իլհամ Ալիևը հոր՝ Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակի առթիվ ելույթ է ունեցել օկուպացված Շուշիից: Ելույթին անդրադարձել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը․

««Ադրբեջանցի ժողովրդի աղետները սկսվեցին Հեյդար Ալիևի՝ պաշտոնից հեռացումից հետո: Եթե նա մնար իշխանության, հայ ազգայնականները չէին կարող նման կեղտոտ քայլեր ձեռնարկել մեր պետության դեմ: Հայ ազգայնականները այն ժամանակվա Ադրբեջանի ծախված իշխանությունների հետ միասին միավորվել էին Հեյդար Ալիևի դեմ:

Շուշին 1992-ի մայիսին կորսվել է պետական դավաճանության արդյունքում: Ժողճակատ–Մուսավաթ զույգը Շուշին հանձնեց իշխանության գալու համար:

Մայիսի 2-ից մինչ օրս Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում դրվել են 10 գյուղերի հիմքերը։ Մեծ առաջնորդ Հեյդար Ալիևի ամենամեծ ցանկությունը Շուշին, Ղարաբաղն ու Զանգեզուրն ազատ տեսնելն էր:

Մենք մեծացրել ենք այնպիսի երիտասարդների, ովքեր կարող էին լեռը դնել լեռան գագաթին, և նրանք իրականում դա արեցին: Մենք դաստիարակել ենք այնպիսի երիտասարդ սերունդ, որը, դրսևորելով բարոյական և ֆիզիկական բարձր հատկանիշներ, ազատագրել է տարիներով օկուպացված հողերը և գրեթե թեթև սպառազինությամբ ազատագրել այնպիսի անառիկ ամրոց, ինչպիսին Շուշին է:

Մենք ոչ մեկից կախված չենք, ոչ մեկի գործերին չենք խառնվում։ Բայց որևէ մեկին թույլ չենք տալիս և թույլ չենք տա քիթը խոթել մեր գործերի մեջ ՝ լինեն դրանք քաղաքական հարցեր, լինեն դրանք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հարցեր, լինեն դրանք Ադրբեջանի անբաժանելի մաս կազմող Ղարաբաղի հարցը։ Ոչ մեկին թույլ չենք տվել և թույլ չենք տալու։ Դա ապահովելու համար մենք ունենք կամք և ուժ:

Մենք Ղարաբաղն ու Զանգեզուրը նորից ենք կառուցում:

Երկրորդ ղարաբաղյան պատերազմը մեր պատմական հաղթանակն է: Սա պետք է ներկայացվի մեր դասագրքերում, պատմության մեջ՝ որպես հերոսական էպոս:

Ադրբեջանը ժողովրդավարական երկիր է, Ադրբեջանում մարդիկ ազատ են ապրում:

Կան երկրներ, որտեղ այլ ժողովրդի ներկայացուցիչները չեն կարող ապրել։ Օրինակ ՝ Հայաստանը։ Հայաստանը, որի բնակչությունը 99,9 տոկոսով բաղկացած է հայերից: Սա փաստացի ցույց է տալիս այդ երկրի ֆաշիստական քաղաքականությունը։ Սակայն կար ժամանակ, երբ ներկայիս Հայաստանի բնակչության մեծամասնությունը ադրբեջանցիներ էին, այլ ազգությունների ներկայացուցիչներ»:

Այս ելույթում իրեն հատուկ հայտարարություններից զատ, ուշադրության է արժանի հետևյալ արտահայտությունը՝ «Ղարաբաղ ու Զանգեզուր», նախկինում հաճախ ասում էր՝ «Ղարաբաղ ու Արևմտյան Զանգեզուր», հիմա նրա ախորժակը արդեն տարածվում է ամբողջ Սյունիքի վրա: Այս ելույթը ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն պետք է որակվի: Իսկ մեզ ֆաշիզմի մեջ մեղադրող Ալիևին պետք է հիշեցնել իր հակահայկական բազմաթիվ ելույթներն ու Սաֆարովի հերոսացման ակտը»։