կարևոր
2806 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-29 18:09
Հասարակություն

Փաստաբան Լևոն Գևորգյանին մեղադրանք է ներկայացվել

Փաստաբան Լևոն Գևորգյանին մեղադրանք է ներկայացվել

Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Լևոն Գևորգյանին այսօր մեղադրանք է ներկայացվել՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեից։

Գևորգյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (կաշառք տալը՝ իր կամ իր մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Նշենք, որ Լևոն Գևորգյանը միջազգային իրավունքի մասնագետ է, իրավաբանական գիտությունների թեկնածու, ներկայացուցչություն է իրականացնում միջազգային իրավական հարթակներում։ Նա բազմիցս բարձրաձայնել է միջազգային իրավական հարթակներում ՀՀ վարած սխալ քաղաքականության մասին, բազմիցս խոսել է Արցախի ինքնորոշման իրավունքի, Արցախի միջազգային ճանաչման հարցի նրբությունների մասին։

Հիշեցնենք, որ մարտի 22-ին ոստիկանությունը հայտնել էր, որ ժամը 01.25-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ծառայողները Հրազդանի կիրճում ստուգում կատարելու նպատակով կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի աավտոմեքենա, որի վարորդը իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ինչի համար ուղևորը 40.000 դրամ է առաջարկել պարեկային ծառայողներին:

«Ուղևորը կաշառք տալու հիմնավոր կասկածանքով ձերբակալել, բերվել է ոստիկանության Դավթաշենի բաժանմունք և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին»,- հայտնել էին ոստիկանությունից։ Դեպքի առթիվ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառք տալու հատկանիշներով, որը քննչական ենթակայությամբ փոխանցվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին։