կարևոր
3874 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-04 14:48
Քաղաքական

15 զինծառայողի մահվան պատճառները դեռ չեն պարզվել, կապիտանի մեղավորությունը չի ապացուցվել. Mediahub

15 զինծառայողի մահվան պատճառները դեռ չեն պարզվել, կապիտանի մեղավորությունը չի ապացուցվել. Mediahub

Ազատ գյուղի զորամասի կացարանում 15 ժամկետային զինծառայողի կյանք խլած ողբերգական դեպքից ավելի քան 16 օր անց վարույթն իրականացնող մարմինը չի կարողանում պարզել տղաների մահվան պատճառները։

Այն, որ կացարանը այրվել է՝ քննությամբ արդեն պարզվել է, բայց արդյո՞ք 15 զինվորի մահը վրա է հասել կապիտան Եղիշե Հակոբյանի անփութության պատճառով։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ դա պարզելու համար նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքների եզրակացությունները դեռ չկան։

«Բացի այդ նաեւ համալիր փորձաքննություն է նշանակված, որի եզրակացությունն էլ դեռ չկա։ Ստանալուց հետո միայն որոշակի հանգամամքներ պարզ կդառնա»,-ասաց նա։ 

Պաշտոնեական անփութության համար հանրային քրեական հետապնդման ենթարկված Եղիշե Հակոբյանի նկատմամբ այս պահի դրությամբ խափանման միջոցի հարց, Աբրահամյանի խոսքով, չի քննարկվում՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը։

«Եթե առողջական խնդիրներ չունենար, այդ ժամանակ կքննարկվեր խափանման միջոցի հարցը»,-ասաց նա։

Դեմքի, ձեռքերի, ոտքերի այրվածքներով այրվածքաբանական կենտրոնում հոսպիտալացված 28-ամյա Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը MediaHub-ի հետ զրույցում շեշտում է՝ իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել ոչ միայն առողջական վիճակի պատճառով, այլ նաեւ փաստերի բացակայության։ 

«Պետք է կոնկրետ փաստել, որ 15 զինծառայողները մահացել են Եղիշեի գործողությունների հետեւանքով»,-ընդգծում է փաստաբանը։ 

Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը շտապել է՝ Եղիշե Հակոբյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելով, ասում է Սարգսյանն, ու շեշտում․

«Խիստ նախնական է մեղադրանքը։ Կանխակալ է մտածել, որ 15 զինվորները մահացել են հրդեհից»։ 

Դատախազությունը 3 օր առաջ հայտնեց, որ հանրային քրեական հետապնդում է սկսվել պաշտոնական վարկածով՝ գլխավոր գործող անձի՝ Եղիշե Հակոբյանի նկատմամբ, որը նաեւ Փաշինյանի պատմելով՝ կրակը թեժացնելու համար փորձ է արել 5 լիտրանոց տարայով բենզինը լցնել վառարանի մեջ։ 

Մինչև հրդեհի հանգամանքներն ու զինվորների մահվան պատճառը պարզելու համար ձեռնարկված քննությունը կսկսվեր, Փաշինյանն այդ օրն առավոտյան կառավարության նիստում հայտնեց, ողբերգությունից ընդամենը ժամեր անց․

«Բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այրվել է նաեւ բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո, կրկին նախնական տվյալներով, ինքնապաշտպանական բնազդից ելնելով, 5 լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ, մեծ հավանականությամբ՝ ոչ դիտավորյալ»։

Դեպքի առնչությամբ Փաշինյանի կանխակալ հայտարարությունը, ըստ փաստաբանի, կարող է ազդեցություն ունենալ իրավապահ մարմինների աշխատանքի վրա։ 

«Որովհետեւ, ըստ էության, կանխորոշվել կամ առաջ է քաշվել մի վարկած, որի հաստատման ուղղությամբ լծվում են տարբեր իրավասու մարմիններ։ Բայց պետք է ասեմ, որ երեկ, երբ ծանոթացա հասանելի դատավարական փաստաթղթերին, տեսա նաեւ, որ ամեն ինչ արվել է՝ այլ վարկածները հերքելու կամ հաստատելու համար»,-ասաց նա։

Թե դրանք ի՞նչ վարկածներ են եղել, փաստաբանը հայտնել չկարողացավ՝ փաստաթղթերի բովանդակության գաղտնիությունից ելնելով։ 

«Այն, որ հրդեհ է տեղի ունեցել, փաստ է, բայց դեռ այս պահի դրությամբ չգիտենք, թե զինծառայողները ինչից են մահացել։ Ո՞վ կարող է կոնկրետ ասել, որ զինվորների մահվան պատճառ է հանդիսացել ծխախեղդ լինելը, այրվելը։ Երբ կունենանք պատճառները, կխոսենք նաեւ այլ հարցերի մասին»,-նշեց փաստաբանը։

Սարգսյանը հայտնեց, որ նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվում են մարդիկ, ուսումնասիրվում են համապատասխան փաստաթղթեր, նորմատիվ իրավական փաստաթղթեր, որոնք լույս կսփռեն դեպքին նախորդած ժամանակահատվածի վրա եւ դրանով պայմանավորված կորոշվի, թե ով կամ ովքեր են մեղավորը։ 

«Միանշանակ ասել, որ ինչ-որ մեկը մեղավոր է, խիստ նախնական է։ Մենք պետք է քննարկենք այն հարցը, թե հրդեհը կարո՞ղ էր դառնալ մահվան պատճառ։ Ենթադրություններով կասկածները փարատելը ամենաանշնորհակալ գործն է, էլ չեմ խոսում քրեական վարույթի շրջանակում։ Արդյո՞ք Եղիշե Հակոբյանը մեղավոր է 15 զինվորի մահվան մեջ․ քննությունը չունի այս հարցի պատասխանը»,-հավելեց փաստաբանը։

Իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, մեղադրանքն ընդունելու մասով, Եղիշե Հակոբյանը դիրքորոշում չի հայտնել։

«Ասել է, որ անպայման ցուցմունք կտա ու իր դիրքորոշումը կհայտնի մեղադրանքի առնչությամբ»,-նշեց Սարգսյանը։ 

ՔՊ-ական պաշտպանության նախարար, մասնագիտությամբ ուսուցիչ Սուրեն Պապիկյանի հրաժարականը պահանջող հասարակությունը քաղաքական ղեկավարության կողմից պատասխանատվության նշույլներ անգամ չտեսավ։ Ինչպես 44-օրյա պատերազմի դեպքում, այս անգամ էլ՝ պատժվեցին բացառապես զինվորականները։

Կացարանում բռնկված հրդեհի գործով կալանավորվել է երկու սպա՝ զորամասի հրամանատարի տեղակալն ու կոմունալ շահագործման ծառայության, հակահրդեհային պաշտպանության եւ փրկարար աշխատանքների ծառայության պետը։ Հրդեհի նույն օրը «գլխատվեց»  2-րդ բանակային կորպուսի ամբողջ ղեկավար կազմը։

«Ամեն զոհի հետեւում կա կոնկրետ մեղավոր, կոնկրետ պատասխանատու եւ մենք պետք է գտնենք նրանց։ Սա է այս հրեշավոր լրահոսի առաջն առնելու տարբերակը»,-այս մասին ասում էր Նիկոլ Փաշինյանը, բայց ոչ թե վարչապետ, այլ ընդդիմադիր եղած տարիներին, երբ Ազգային ժողովում «Ելք» խմբակցության ղեկավարն էր։ 

Հարկ է նշել, որ բանակի ու զինվորի մասին ժամանակին «լալահառաչ» ստատուսներ գրող վարչապետ Փաշինյանը, ոչ միայն չմասնակցեց 15 զինվորների հոգեհանգստի արարողությանը, այլեւ սգո օր չհայտարարեց, չնայած, որ հանրային պահանջը կար։