կարևոր
2809 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-10 15:55
Քաղաքական

Ադրբեջանը գերիներին օգտագործում է որպես ՀՀ-ի նկատմամբ ճնշում գործադրելու լծակ. Փաշինյան

Ադրբեջանը գերիներին օգտագործում է որպես ՀՀ-ի նկատմամբ ճնշում գործադրելու լծակ. Փաշինյան

Ադրբեջանը չի վերադարձնում հայ գերիներին, որպեսզի դա օգտագործի որպես Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու լծակ, որպեսզի ՀՀ կառավարությունը, այդ թվում` ներքին ճնշումների ազդեցության տակ գնա որոշումների: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է աշխատել գերիների վերադարձի ուղղությամբ, քանի դեռ հարցը լուծված չէ:

«Անհետ կորածների հետ կապված որոնողական աշխատանքներ են տեղի ունենում: Մեր ոչ բոլոր նահատակների մարմիններն են հայտնաբերվել»,-ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ սեպտեմբերի 13-ից հետո 17 ռազմագերիներ վերադարձվել են Հայաստան և շարունակում են ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:

Թե ինչո՞ւ Ադրբեջանը չի վերադարձնում գերիներին՝ Փաշինյանն ասաց. «Որովհետև այդ թվում դա լծակ է՝ Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու, որ Հայաստանի կառավարությունը, այդ թվում` ներքին ճնշումների ազդեցության տակ գնա որոշումների, որոնք չեն համապատասխանում Հայաստանի շահերին: Եվ դա արվում է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումով: Բայց մենք շարունակելու ենք մեր ջանքերը: Բավարա՞ր են այդ ջանքերը. մեր գնահատականն այն է, որ քանի դեռ գերիները չեն վերադարձել, այդ ջանքերը բավարար չեն: Ուրեմն այլ հարթություններ է պետք գտնել այդ հարցով զբաղվելու, որ խնդիրը լուծվի»:

Նա նշեց, որ միայն սեպտեմբերին տեղի ունեցած ագրեսիայի հետևանքով չէ, որ կան անհետ կորածներ, 44-օրյա պատերազմից էլ կան շուրջ 200 անհետ կորածներ: Հիմա գերիների, անհետ կորածների հարցերով հանձնաժողովը վերակազմավորվել է ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ, աշխատում են, գերիների, անհետ կորած համարվող քաղաքացիների հարազատների հետ հաղորդակցության մեջ են: «Պետք է շարունակենք աշխատել այնքան, քանի դեռ խնդիրը լուծված չէ»,-եզրափակեց Փաշինյանը: