կարևոր
3826 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-26 12:55
Քաղաքական

«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցչի հետ

«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցչի հետ

Հայաստանի եւ Ֆրանսիայի ժողովուրդների հարաբերությունները հիմնված են դարավոր բարեկամության եւ պատմամշակութային սերտ կապերի վրա: Առանձնահատուկ է Ֆրանսիայի դերը Հայաստանի համար. այդ երկիրը դժվարին ժամանակահատվածում մշտապես եղել է հայ ժողովրդի կողքին: Ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերի պատասխանատու Նիկոլա Կարգեսի հետ հանդիպման ընթացքում:

Հանդիպմանը ներկա են եղել «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանն ու Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոն:

Կողմերը քննարկել են տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը: Հայ խորհրդարանականները կարեւորել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հաստատումը: Այս համատեքստում Սեյրան Օհանյանը կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնումը: Մտքեր են փոխանակվել Հայաստանում միջազգային դիտորդական առաքելությունների իրականացման գործընթացի վերաբերյալ:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը ողջունել է խորհրդարանի նիստերին ընդդիմության մասնակցությունը: Սեյրան Օհանյանը խոսել է խմբակցության առաջնահերթություններից, ներկայացրել խորհրդարանական աշխատանքների իրենց օրակարգը: Գեղամ Նազարյանի խոսքով խմբակցությունը բանակի վերականգնումը համարում է առաջնահերթ: