կարևոր
32173 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-03 11:59
Մշակույթ

Հանրային Հ/Ը-ը «Մանկական եվրատեսիլ»-ի բեմի համար մեկ անձից 2.7 մլրդ դրամի գնումներ կկատարի

Հանրային Հ/Ը-ը «Մանկական եվրատեսիլ»-ի բեմի համար մեկ անձից 2.7 մլրդ դրամի գնումներ կկատարի

Գործադիրն այսօր չզեկցվող նախագծով «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն ՓԲ ընկերությանը կթուլատրի  մեկ անձից  2,698.6 մլն ՀՀ դրամի գնում կատարել«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի կազմակերպման համար:

Հիմնավորման մեջ ասվում է, որ Հ1-ի կողմից «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի կազմակերպման շրջանակներում ներկայացված լրացուցիչ ծախսերի ընդհանուր գումարը (ներառյալ տեխնիկական սարքավորումների, բեմական կոնստրուկցիաների ու դեկորատիվ ձևավորման ծառայությունները) կազմում է 2,248.8 մլն ՀՀ դրամ, առանց ԱԱՀ, իսկ ԱԱՀ-ով գումարը կազմում է 2,698.6 մլն ՀՀ դրամ՝ հիմք ընդունելով ներկայացված ամփոփ հաշվարկները: Ըստ Փաստաթղթի՝ «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի կազմակերպման շրջանակներում նախատեսված ընդհանուր ծախսերը կկազմեն 4,998.2 մլն ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ:

«Հաշվի առնելով մրցույթի իրականացման սեղմ ժամկետները՝ սույն հիմնավորմամբ ևս Ընկերության կողմից առաջարկվում է օտարերկրյա որոշ մատակարար կազմակերպություններից տեխնիկական սարքավորումների ու առանձնահատուկ բեմական կոնստրուկցիաների վարձակալական ու սպասարկման ծառայությունների ձեռքբերումը նույնպես իրականացնել «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն թիվ 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 32-րդ կետի 5-րդ ենթակետի և 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «զ» պարբերությունների դրույթները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության պահանջները: Մասնավորապես դա վերաբերում է արտադրական անհրաժեշտությունից ելնելով Pro Cinema բուլղարական ընկերությունից ձեռքբերվող էլեկտրական գեներատորների հավելյալ քանակների վարձակալությանն ու սպասարկմանը (մոտ 39.0 հազ. եվրո), լեհական ATM System Sp. Z.o.o. ընկերությունից ձեռքբերման ենթակա ձայնային սարքավորումների վարձակալական ու սպասարկման ծառայություններին (մոտ 793.3 հազ եվրո), լուսային սարքավորումների կառավարման ծրագրային ապահովման գծով գերմանական Raphael Demonthy ընկերությունից ձեռքբերման ենթակա ծառայություններին (մոտ 116.4 հազ. եվրո), բեմական հրավառության և հատուկ էֆեկտների ապահովման գծով պորտուգալական IgnitionConcept ընկերությունից ձեռքբերման ենթակա ծառայություններին (մոտ 136.5 հազ. եվրո), ինչպես նաև բելառուսական Local Team ընկերությունից բեմական հատուկ կոնստրուկցիաների վարձակալության ու սպասարկման (մոտ 950.0 հազ. ԱՄՆ դոլար) և դրանց համալրման, ամրակցման և դեկորատիվ ձևավորման գծով ՀՀ-ում կատարման ենթակա աշխատանքները (մոտ 330.0 մլն ՀՀ դրամ), որոնք նախատեսվում է իրականացնել համանման միջոցառումների կազմակերպման ոլորտում փորձառություն ունեցող «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ-ի կողմից»,-ասվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ: