կարևոր
4120 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-27 12:43
Քաղաքական

Ռուսաստանի հեռացումը տարածաշրջանից. պատմական ակնարկ

Ռուսաստանի հեռացումը տարածաշրջանից. պատմական ակնարկ

2020 թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն համաձայնագրից հետո Հայաստանի Հանրապետությունը ամեն օր կանգնում է նորանոր մարտահրավերների առաջ: Հայաստանի Հանրապետությունը փաստացի պատերազմի մեջ է, որը մերթ ընդ մերթ ընդմիջվում է կարճատև զինադադարներով: Այս իրավիճակում մեր երկրում առանձին շրջանակների կողմից ուղղորդված հակառուսական ակցիաներ են իրականացվում ՀԱՊԿ-ից դուրս գալու և ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու պահանջով։ Իսկ ի՞նչ կարող է տալ Հայաստանին Ռուսաստանի հեռացումը տարածաշրջանից:

Այս հարցի պատասխանը մեր ոչ վաղ անցյալի պատմության էջերում է: Այն գտնելու համար ետ գնանք 1917 թվական: 1917 թ. Ռուսաստանում տեղի ունեցած փետրվարյան հեղափոխությունը և ժամանակավոր կառավարության ստեղծումը, թեև թուլացրին Ռուսաստանի դիրքերը Այսրկովկասում, բայց հայությանը Արևմտյան Հայաստանի ազատագրման որոշակի հույսեր ներշնչեցին: Մինչդեռ նույն թվականին տեղի ունեցած Հոկտեմբերյան հեղաշրջման հետևանքով բոլոր հույսերն ու սպասելիքները հօդս ցնդեցին:

1917 թ. հոկտեմբերի 25-ին բոլշևիկները Պետրոգրադում իրականացրին պետական հեղաշրջում և գրավեցին իշխանությունը: Դրա հետևանքով առանց այդ էլ Ռուսաստանից կտրված Այսրկովկասը հայտնվեց անիշխանության ճիրաններում: Իրավիճակն ավելի բարդացավ Երզնկայի 1917 թ. դեկտեմբերի 5-ի զինադադարից հետո, երբ արագացավ ռազմաճակատի քայքայումը: Սիմոն Վրացյանի վկայությամբ՝ «….ռուս բանակը պատրաստվում էր, 1918 թվի սկզբին, անցնելու ընդհանուր հարձակման՝ անգլիացիներին միանալու ծրագրով, և թուրքերը ուժ չունեին դիմադրելու: 1917 թ. տարեվերջին թուրքերի արևելյան բանակը բոլորովին կազմալուծ ու բարոյալքված վիճակի մեջ էր՝ անընդունակ ռազմագիտական լուրջ խնդիրներ լուծելու»1: Ի դժբախտություն հայերի՝ 1917 թ. հոկտեմբերի վերջերին Գերմանիայի օժանդակությամբ բոլշևիկները՝ Լենինի գլխավորությամբ, Ռուսաստանում պետական հեղաշրջում իրականացրին՝ ձեռք գցելով իշխանությունը: 1917 թ. դեկտեմբերի 5-ին ռուսական կովկասյան ճակատի և թուրքական կովկասյան զորախմբերի հրամանատարության միջև Երզնկայում կնքվեց զինադադար, որով դադարեցվում էին մարտական գործողությունները Սև ծովից մինչև Վանա լճի հարավային ափի շրջանները տեղակայված զորքերի միջև:

Այսպիսով՝ Ռուսաստանում տեղի ունեցած Հոկտեմբերյան հեղաշրջման պատճառով Լենինի «խաղաղության» օրակարգով Ռուսաստանը ստիպված էր հեռանալ Այսրկովկասից, որտեղից հետ կանչվեցին նաև ռուսական զորքերը. «Եւ «դեպի տուն» նշանաբանով ռուսական բանակները ամբոխ դարձան եւ ճակատները մերկացան»2:

Լենինի հրամանով ռազմաճակատից և առհասարակ Կովկասից ռուսների հեռանալուն հաջորդում էր թուրքերի առաջացումը, որոնք առաջնորդվում էին հետևյալ նշանաբանով. «Մենք պիտի կանգ առնենք այնտեղ, որտեղ ռուսական զորքը կանգ կառնի: Մենք չենք ճանաչում ո՛չ անկախություն եւ ո՛չ էլ ինքնորոշում»3: Ազգերի ինքնորոշման անվան տակ Լենինի կողմից ռուսական զորքերի դուրսբերումը Հայաստանից մեծ ծառայություն էր թուրքերին, որովհետև ամենալավատեսների համար անգամ «Պարզ էր…., որ ռուսական բանակը Հայաստանից դուրս բերելը հավասար կլիներ հայերի բնաջնջմանը»4: 1918 թ. հունվարի 28-ին, խախտելով Երզնկայի զինադադարը, թուր¬քա¬կան 5000-անոց բանակը՝ Մեհմեդ Վեհիբ փաշայի հրամանատարությամբ, հար¬ձակ¬ման անցավ և, զարգացնելով հաջողությունը, հասավ Էրզրում (Կարին), որտեղ ինք¬նա¬պաշտ-պանության ղեկավար էր նշանակվել զորավար Անդրանիկը: Վերջինիս, սակայն, չհաջողվեց կազմակերպել Էրզրումի ինքնապաշտպանությունը: Թուրքական արշավանքներին զուգահեռ՝ 1918 թ. մարտի 3-ին, Ռուսաստանի բոլշևիկյան կառավարությունը կնքեց Ռուսաստանի պատմության թերևս ամենախայտառակ պայմանագիրը՝ Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, որով ոչ միայն հրաժարվեց Արևմտյան Հայաստանից, այլև թուրքերի քմահաճույքին թողեց Արևելյան Հայաստանը. «Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը ավելի եւս արձակեց թուրքերի ձեռքերը: Նրանք չմնացին ռուս-թուրքական սահմանագծի վրա եւ շարժվեցին դեպի Կովկասի ներսերը՝ իրենց հետ բերելով ավեր ու կոտորած»5: Ռուսական զորքերի հեռանալու, Բրեստ-Լիտովսկի խայտառակ պայմանագրի և Լենինի՝ «ազգերի ինքնորոշման իրավունքի» ու «խաղաղության» քաղաքականության հետևանքով թուրքական արշավանքների դեմ «Հայերը առանձին կը մնային, ուրեմն պաշտպանելու համար շուրջ 400 քմ երկարութեամբ ճակատ մը…. Հայկական ուժերը հերոսաբար կռուեցան, բայց տակաւ տեղի տուին թուրքերու թուական առաւելութեան առջեւ»6: Թուրքերի ձեռքերն ազատված էին ռուսական կապանքներից, և նրանք գնում էին դեպի իրենց նպատակը՝ Մեծ Թուրանի ստեղծումը, որի ճանապարհին կանգնած էին ռուսական պետությունն ու հայ ժողովուրդը: Եվ ահա Կովկասից ռուսական բանակի հեռացումով «թուրքերու առջեւ կը բացուէր Թուրքնի ճամբան եւ կ’ընծայուէր աննման պատեհութիւն՝ իրագործելու թուրք ծրագրին երրորդ եւ չորրորդ կէտերը – ռուսահայութեան բնաջնջումը…. Թուրքերու համար «հերթական աշխատանք»է աւելի բան չէ նշանակած հայ ժողովուրդի ամբողջական մաքրագործումը…., անհրաժեշտ գործ մը, զոր պէտք է կատարեն, բանալու համար իրենց ճամբան դեպի Միացեալ եւ Անկախ Թուրանիա…. Եւ առաջ խաղաց թուրքական բանակ: Մէկ-երկու ամսուան ընթացքին վերագրաւուած էր «արեւելեան Անատոլուն», յակառակ հայերու յուսահատական դիմադրութեան»7:

Այս պայմաններում դեռևս 1917 թ. նոյեմբերի 19-ի հրամանով նոր կազ¬մավորված Հայկական կորպուսի հրամանատար էր նշանակվել գեներալ Թ. Նազար¬բեկյանը: Կորպուսի կոմիսարն էր Դրոն, իսկ առաջին դիվիզիայի հրամա¬նա¬տարը՝ գեներալ Մ. Սիլիկյանը: Վիճակը ծանր էր հատկապես Երևանի նահանգում, որը լիքն էր ցեղաս¬պա¬նու-թյունից մազապուրծ գաղթականներով ու որբերով: Բացի այդ՝ նահանգում ակտիվացել էին անիշխանական տարրերն ու թաթար հրոսակները, ահռելի չափերի էր հասնում դասալքությունը: Կարճ ասած՝ Երևանի նահանգում իսկական քաոս էր: Քաոսային այս իրավիճակում ազգային ուժերը (մասնավորապես՝ Դաշնակցությունը) փրկության ելքեր էին փնտրում, և ելքը գտնվեց. 1917 թ. դեկտեմբերին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը և Հայ զինվորական խորհուրդը արտակարգ լիազորություններով Երևանի նահանգ ուղարկեցին Վանի ինքնապաշտպանությունը փայլուն ղեկավարած Արամ Մանուկյանին: Արամը Երևան ժամանեց 1917 թ. դեկտեմբերի 18-ին՝ անմիջապես անցնելով հայության փրկության համար միջոցներ ձեռք առնելուն: Առաջին և գլխավոր միջոցը սեփական ուժերին ապավինելն ու արտաքին որևէ ուժից օգնություն չակնկալելն էր, մի բան, որ ավանդույթի ուժով արտաքին ուժի օգնության հետ հույս կապող հայ ժողովուրդը դեռևս բավարար չափով չէր գիտակցում: Թուրքական վտանգի առաջ մենակ մնացած հայ ժողովրդին սեփական ուժերի նկատմամբ հավատ ներշնչելու նպատակով Արամը հղեց իր հայտնի կոչ-պատգամը. «Ամէն ոք իր մասին է մտածում: Իր երկրի սահմաններից այն կողմ եթէ նայող կայ, նայում է միայն յանուն իր շահերի: Ոչ ոք ոչ մի մարդ չի ուղարկի տաճկական ճակատ՝ տուն գնացող ռուսներին փոխարինելու համար: Եթէ ընդհանուր ուժերով ճակատ պահելու խօսք էլ է լինում, դա խօսք է՝ զուրկ իրական հիմքից ու անկեղծութիւնից: Հայերով ո՛չ ոք չի հետաքրքրւում, շօշափելի օգնութիւն հասցնելու մտքով: Դրա հակառակը, կայ դաւադրական վերաբերմունք: Մենակ ենք եւ պէտք է ապաւինենք միա՛յն մեր ուժերին՝ թէ՛ ճակատը պաշտպանելու եւ թէ՛ երկրի ներսը կարգ հաստատելու համար»8:

Ձեռնարկված ճիշտ քայլերի շնորհիվ Արամը կարողացավ հաջողությամբ իրականացնել զորահավաքը: Արամը, ապա նաև 1918 թ. հունվար-փետրվարից նրան միացած գեներալներ Դրոն ու Մ. Սիլիկյանը քայլ առ քայլ Երևանի նահանգը պատրաստում էին ինքնապաշտպանության: Զարգացնելով առաջխաղացումը՝ թուրքերը 1918 թ. մարտի 24-ին գրավեցին Սարիղամիշը։ Այս լուրը Երևանում իսկական խուճապ առաջացրեց, և այս խուճապային իրավիճակում էր, որ հայ ժողովուրդը կայացրեց իր համար ամենաճիշտ ու ճակատագրական որոշումը, այն է՝ իր ճակատագիրը վստահել Արամ Մանուկյանին: Զորքն ու ժողովուրդը երթով շարժվեցին Արամի բնակարան և նրան հռչակեցին դիկտատոր: Եվ Արամը դարձավ պատմության մեջ այն եզակի դիկտատորներից, որոնք իրենց անսահմանափակ իշխանությունն օգտագործել են միայն ու միայն իրենց ժողովրդի շահերի համար:

1918 թ. մայիսի սկզբներին թուրքական զորքերը կանգնած էին Ախուրյան գետի աջ ափին, և շատերին թվում էր, թե թուրքերն այլևս չեն շարունակի իրենց արշավանքը, ինչպես 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո էր շատերին թվում, թե Արցախի 75 %-ին տիրանալուց հետո կովկասյան թուրքերը այլևս չեն շարունակի պատերազմը: Արամը, իհարկե, այլ կարծիքի էր, ուստի Դրոյի ու Մ. Սիլիկյանի հետ տենդագին պատրաստվում էր թուրքերին դիմադրություն ցույց տալուն: Մայիսի 15-ին թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլը, իսկ մայիսի 19-ին ներխուժեցին Արարատյան դաշտ: Նույն օրը գումարված Ազգային խորհրդի նիստում քննարկվում էր Երևանը թողնելու և Նոր Բայազետի լեռները քաշվելով պարտիզանական կռիվներ մղելու տարբերակը, ինչին Արամը կտրականապես դեմ էր: Նա բացառեց Երևանի հանձնումը թշնամուն՝ խստորեն ասելով. «….ոչ մի նահանջ ոչ մի գծի վրա: Նահանջ Երևանից՝ կնշանակե խաչ քաշել մեր ամբողջ գործունեության եւ մեր ապագա քաղաքական մուրազներուն վրա, բոլորդ պիտի մնաք եւ մեռնիք»9: Արամի որոշումը բեկանման ենթակա չէր և դարձավ վճիռ. «Ազգային Խորհրդի որոշումը՝ թշնամուն Սարդարապատում և Բաշ-Ապարանում ճակատամարտ տալու մասին, հանձնարարվեց զորահրամանատարությանը ի կատար ածելու»10: Ապա հաջորդեցին Մայիսյան հերոսամարտերը և Հայաստանի Հանրապետության ծնունդը: Մյուս իրադարձությունների մասին չխոսելով՝ վերադառնանք մեր օրեր, փորձենք հասկանալ, թե ինչ կտա մեզ Ռուսաստանի հեռացումը տարածաշրջանից այսօ՛ր: Շատերը գուցե պնդեն, որ այսօրվա Հայաստանն ու 1917 թ. վերջի-1918 թ. սկզբների Հայաստանը միանգամայն տարբեր կարգավիճակներ ունեն: Իհարկե ճիշտ է՝ այսօրվա Հայաստանը 31 տարվա կայացած պետություն է, բայց Ռուսաստանի հեռացումը Կովկասից նրա համար կարող է ունենալ նույն ողբերգական հետևանքը, ինչ 105 տարի առաջ:

Ինչո՞ւ: Որովհետև, սկսած 2018 թվականից, Հայաստանի Հանրապետության «թավշյա» իշխանությունները հետևողականորեն կազմալուծեցին տարածաշրջանում ամենամարտունակներից մեկը համարվող հայկական բանակը, վարկաբեկեցին հերոսներին ու ազգային պետականության գաղափարը, իսկ 2020 թ. նոյեմբերի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայոց պետականությանը հասցրեց ամենածանր հարվածը՝ հաղթող բանակի թիկունքում ստորագրելով կապիտուլյացիոն համաձայնագիր և դավաճանաբար Արցախի 75 %-ը հանձնելով թշնամուն, ինչն էլ գրեթե ոչնչացրեց Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությունը և հանգեցրեց 2022 թ. սեպտեմբերի 12-14-ի ողբերգությանը, երբ մեկ գիշերում թշնամին մխրճվեց Հայաստանի Հանրապետության խորքերը՝ հսկողության տակ վերցնելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մի շարք բնակավայրեր։ Այս պայմաններում խոսել ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու և ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին կա՛մ դավաճանություն է, կա՛մ մանկամտություն, որովհետև եթե Թուրքիայի Հանրապետության հետ սահմանին կանգնած չլինեն ռուսական զորքերը, և բարձրացված չլինի ռուսական դրոշը, ոչինչ չի կարող խանգարել Թուրքիային ներխուժել Հայաստանի Հանրապետության տարածք և միանալ Ադրբեջանին: Թե ինչ կլինի այդ դեպքում, կարծում եմ, պարզ է. հայ ժողովրդի՝ Հայաստանում մնացած վերջին հատվածի ցեղասպանություն, որը 1918 թ. կանխվեց բացառապես Արամի, Դրոյի ու Սիլիկյանի ջանքերով, իսկ որ այսօր Դրո, Սիլիկյան ու առավել ևս Արամ Մանուկյան չկան, ակնհայտ է:

Ի՞նչ անել այս աղետալի վիճակից դուրս գալու համար: Նախ պետք է պետության ու ազգի ճակատագիրը որոշելու հնարավորությունից զրկել սեփական բանակին թիկունքից դաշույնի հարված հասցրած և Հայաստանի 31-ամյա հանրապետությունը կործանման վտանգի առաջ կանգնեցրած Նիկոլ Փաշինյանին, այնուհետև՝ կազմավորել արտակարգ լիազորություններով օժտված ազգային համաձայնության կառավարություն, որը կանցկացնի համընդհանուր զորահավաք, կիրականացնի պատշաճ քայլեր Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը կազմակերպելու ուղղությամբ և պարտվողական քաղաքականությամբ թշնամուն Երևանի պատերի տակ չի հասցնի: Կառավարություն, որը կունենա Արամի վճռականությունը՝ արժանի հակահարված հասցնելու թշնամուն և կանգնեցնելու Հայաստանի Հանրապետության կործանումը, հակառակը կարող է 1915 թ. աղետից շատ ավելի մեծ աղետ բերել հայ ժողովրդին:

_______________________________________________

Հղումներ

1. Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն, Եր., 1993, էջ 65:
2. Ռուբեն, Հայաստանը միջմայրցամաքային ուղիների վրա, Եր., 2021, էջ 85:
3. Նույն տեղում:
4. Վրացյան Ս., Հայաստանը բոլշևիկյան մուրճի և թուրքական սալի միջև, Եր., 2022, էջ 19:
5. Նույն տեղում, էջ 23:
6. Տասնապետեան Հ., Հ.Յ. Դաշնակցութիւնը իր կազմութենէն մինչեւ Ժ. Ընդհ. Ժողով (1890-1924), Աթէնք, 1988, էջ 124:
7. Զարեւանդ, Միացեալ, Անկախ Թուրանիա, Աթէնք, 1987, էջ 112:
8. Ասրյան Ա., Արամ Մանուկյան: Հանրապետության հիմնադիրը, Եր., 2018, էջ 7-8:
9. Նույն տեղում, էջ 13:
10. Ասրյան Ա., Արամ Մանուկյան. կյանքը և գործը, Եր., 2008, էջ 19:

Օգտագործված գրականության ցանկ

1. Ասրյան Ա., Արամ Մանուկյան. կյանքը և գործը, Եր., 2008:
2. Ասրյան Ա., Արամ Մանուկյան: Հանրապետության հիմնադիրը, Եր., 2018:
3. Զարեւանդ, Միացեալ, Անկախ Թուրանիա, Աթէնք, 1987:
4. Ռուբեն, Հայաստանը միջմայրցամաքային ուղիների վրա, Եր., 2021:
5. Վրացյան Ս., Հայաստանը բոլշևիկյան մուրճի և թուրքական սալի միջև, Եր., 2022:
6. Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն, Եր., 1993:
7. Տասնապետեան Հ., Հ.Յ. Դաշնակցութիւնը իր կազմութենէն մինչեւ Ժ. Ընդհ. Ժողով (1890-1924), Աթէնք, 1988:

Անի Մելքոնյան

«Դրօշակ» թիվ 10, 2022թ