կարևոր
604 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-21 12:42
Իրավական

«Հորդորում եմ չհորդորել փաստաբաններին, թե ինչպես պաշտպանել մեր վստահորդներին»․ Մարինե Ֆարմանյան

«Հորդորում եմ չհորդորել փաստաբաններին, թե ինչպես պաշտպանել մեր վստահորդներին»․ Մարինե Ֆարմանյան

Փաստաբան Մարինե Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Հարգելի Բարձրագույն դատական խորհուրդ, հորդորում եմ չհորդորել փաստաբաններին, թե ինչպես պաշտպանել մեր վստահորդներին, հակաիրավական հայտարարություններով չսահմանափակել ազատ կարծիք արտահայտելու և մեր վստահորդների շահերը օրենքով չարգելված միջոցներով պաշտպանելու մեր իրավունքները: Ոչ մեկին չի հաջողվելու Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված փաստաբանների իրավունքների բովանդակությունը ձևափոխել և հարմարեցնել ներկայումս երկրում տիրող աննախադեպ հակաիրավական գործընթացներին: Դուք գործ ունեք ինքնաբավ, իրավագիտակից, համարձակ և անարդարությունների դեմ պայքարող պրոֆեսինալ հանրության հետ, և ձեր կամ իշխանությունների ճաշակով չէ, որ մենք պետք է քննադատենք ապօրինությունները և դրվատենք օրինականությունը: Ուստի, հաջորդ անգամ այսօրինակ ապօրինի հայտարարություն անելուց առաջ, մտածե՛ք, որ ուղղակիորեն միջամտում եք փաստաբանական գործունեությանը, որն արգելված է օրենքով: Փաստաբաններին լռեցնելու փորձ կատարելու փոխարեն, ես կարծում եմ, որ պետք է զբաղվեք ձեր իրական առաքելությամբ, հետամուտ լինեք դատական իշխանության հեղինակությանը վնասող և շատ անգամ առերևույթ հանցակազմ պարունակող դատական ակտերին, «քաղաքական կալանքների» քննությունը մշտապես նույն դատավորներին մակագրվելու դեպքերին և դատական համակարգին վերաբերող այն բոլոր խնդիրներին, որոնք «դանայան տակառի» նման անսպառ են և սպանում են մեր հասարակությանն հավատն առ արդարադատություն»։