կարևոր
685 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-20 15:46
Հասարակություն

Քաղաքացիներն ահազանգում են, որ դեկտեմբեր և հունվար ամիսներին էլեկտրաէներգիայի համար վճարել են կրկնակի, եռակի․ Գառնիկ Դանիելյան

Քաղաքացիներն ահազանգում են, որ դեկտեմբեր և հունվար ամիսներին էլեկտրաէներգիայի համար վճարել են կրկնակի, եռակի․ Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․

«Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեկտեմբեր և հունվար ամիսներին էլեկտրաէներգիայի համար վճարել են անհամեմատ ավելի շատ՝ կրկնակի, եռակի։

Նույնիսկ այն քաղաքացիների դեպքում, որոնք այս ամիսներին մեծամասամբ բացակայել են տանից, կազմել է բավականին մեծ գումար։

Սա տարակուսանք է առաջացրել հանրության շրջանում։ Այդ ինչպե՞ս են հաշվել էլեկտրաէներգիայի դիմաց վճարման հաշիվներն այն դեպքում, երբ սպառման ծավալների փոփոխություն չի եղել։

Ինչպես Էրեբունի համայնքում օրեր շարունակ էլեկտրականության անջատման և փոխհատուցման անհրաժեշտության, այնպես էլ այս հարցով դիմել էի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Խնդրի վերաբերյալ ՀԾԿՀ-ն տվել է ոչ բավարար պատասխան՝ հայտնելով, որ 2026 թվականի հունվար ամսին Հանձնաժողով ներկայացվել է նմանօրինակ ընդամենը 1 դիմում։

Մեր այն հայրենակիցները, որոնք բախվել են խնդրին, կխնդրեմ, որպեսզի արձագանքեն մեկնաբանություններում․ գուցե այսպես «ՀԷՑ»-ի և ՀԾԿՀ-ի համար ավելի տեսանելի դառնա հանրային դժգոհությունը։

Հետևողական եմ լինելու, որպեսզի հարցն, ի վերջո, պարզաբանվի։ Մեր հայրենակիցները թալանի միջոց չեն»։