|
Փոխարժեքներ
04 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
2014 թվականի հունվար-մարտ ամիսներին ամենաշատը թանկացել են կարտոֆիլ-բանջարեղենի գները' 5,4 տոկոս գնաճ է արձանագրվել այս ապրանքախմբում, միրգ ապրանքախմբում գնաճը կազմել է 1,8 տոկոս, 2,1 տոկոս գնաճ է արձանագրվել կաթնամթերքի ապրանքախմբում, հրուշակեղենի ու այլ ապրանքախմբերում արձանագրվել է 0,3 տոկոս գնաճ, ոչ ոգելից խմիչքի գներն աճել են 0,3, իսկ ոգելից խմիչքի ու ծխախոտի գները' 0,2 տոկոսով: Այս թվերն այսօր լրագրողներին ներկայացրեց ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Ընդհանուր առմամբ, ըստ նրա, 2014 թվականի հունվարին հանրապետության սպառողական շուկայում արձանագրվեց բարձր գնաճ' 2,8 տոկոս, ապրիլին գրանցվել է 0.5 տոկոս գնաճ, իսկ դրան նախորդած 2 ամիսներին արձանագրվել է գնանկում, մասնավորապես' փետրվարին 1,2 տոկոս եւ մարտին' 0,4 տոկոս: Այս տարվա առաջին 4 ամիսների ընդհանուր գնաճը հանրապետությունում կազմել է 1,7 տոկոս:
Բանախոսը նշեց, որ 2014 թվականի ապրիլ ամսին, մարտի համեմատ, ընդհանուր 0,5 տոկոս գնաճի պարագայում պարենային ապրանքների ընդհանուր գնաճը կազմել է 1 տոկոս, ոչ պարենային ապրանքների գծով արձանագրվել է 0,1 տոկոս գնանկում, իսկ ծառայությունների ոլորտում արձանագրվել է 0,1 տոկոս գնաճ:
Պարենային 13 ապրանքախմբերից 6-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0,3-5,4 տոկոս գնաճ, 6 ապրանքային խմբում արձանագրվել 0,1-0,7 տոկոս գնանկում, իսկ 1 ապրանքային խմբում գների փոփոխություն չի գրանցվել:
«12-ամսյա պարբերականությամբ, այսինքն' 2014 թվականի ապրիլին` նախորդ տարվա ապրիլի համեմատ, հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է 4,4 տոկոս գնաճ: Այդ թվում' պարենային ապրանքների գներն աճել են 2,6 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը' 1,8 տոկոսով, իսկ ծառայությունների սակագների աճը կազմել է 8,5 տոկոս»,- մեկ տարվա կտրվածքով սպառողական շուկայում ապրանքների ու ծառայությունների գների աճը ներկայացրեց Գուրգեն Մարտիրոսյանը' մասնավորեցնելով, որ ծառայությունների ոլորտում արձանագրված գնաճի վրա իր էական ազդեցությունն է ունեցել նախորդ տարի տեղի ունեցած` գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումը` 2,5 տոկոսային կետի ազդեցություն, այսինքն' 8,5 տոկոս գնաճից 2,5 տոկոսը միայն ապահովել է գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումը:
Այս տարվա առաջին 4 ամիսների սպառողական գների 1,7 տոկոս հավելաճի պարագայում պարենային ապրանքները թանկացել են 3,3 տոեկոսով, ոչ պարենային ապրանքներն էժանացել են 0,7 տոկոսով, իսկ ծառայությունների սակագներն աճել են 0,2 տոկոսով: Այս ժամանակահատվածում 4,8 տոկոսով թանկացել է կաթնամթերքը, միրգը' 4,7 տոկսով, իսկ ամենաբարձր գնաճ գրանցած բանջարեղեն-կարտոֆիլ ապրանքախմբում գնաճը կազմել է 29,2 տոկոս, ինչը, մասնավորապես, պայմանավորված է կարտոֆիլի, կաղամբի ու գազարի թանկացմամբ:
Հունվար-ապրիլին 5,4 տոկոս գների աճ է արձանագրվել նաեւ ոգելից խմիչքների ու ծխախոտի ապրանքախմբում, ինչը պայամանավորված է հունվարի 1-ից ծխախոտի ակցիզային հարկի բարձրացմամբ գրանցված թանկացմամբ: Իսկ այս տարվա հունվար-ապրիլ ամիսների գնաճը, համեմատած 2013 թվականի հունվար-ապրիլի գնաճի հետ, կազմել է 4,6 տոկոս հավելաճ:
Վերջին մեկ ամսում հանրապետության ամբողջ տարածքում դիտարկված 11 քաղաքներից ամենաբարձր գնաճը դիտարկվել է Վաղարշապատում' 1,3 տոկոս, Երեւանում նշված ժամանակահատվածում գնաճը կազմել է 0,5 տոկոս, իսկ ամենացածր գնաճն արձանագրվել է Գավառ եւ Կապան քաղաքներում' 0,1 տոկոս:
Վերջին մեկ ամսում 470 անուն ապրանք-ծառայություններից թանկացում է արձանագրվել 248-ի համար, գնանկում' 179-ի համար, իսկ 43 ապրանք-ծառայությունների գներ մնացել են անփոփոխ:
Վերջին 6 տարիների դիտարկմամբ` միայն այս տարի է, որ փետրվար-մարտ ամիսներին գնանկում է արձանագրվել: Եվ եթե կարտոֆիլ-բանջարեղենի թանկացումը չլիներ, որն ընդհանուր գնաճի վրա 0,6 տոկոսային կետի ազդեցություն է ունեցել, ապա այս տարվա ապրիլին կդիտարկվեր 0,1 տոկոս գնանկում:
Ըստ Մարտիրոսյանի` եթե հասկանալի է, թե ինչով է պայմանավորված, օրինակ, ծխախոտի թանկացումը' ակցիզային հարկի բարձրացմամբ, ապա ԱՎԾ-ն չի ուսումնասիրում, թե ինչ պատճառահետեւանքային կապերով են պայմանավորված կարտոֆիլի ու բանջարեղենի թանկացումները: Իսկ այս տարվա ցրտահարությունը, նրաի կարծիքով, իր դերն ունեցել է բանջարեղենի ու կարտոֆիլի գների աճի վրա, թեեւ դեռ վաճառվում է անցյալ տարվա բերքը:
Իսկ այս տարվա առաջին 4 ամիսներին դիտարկված 1,7 տոկոս գնաճը վերջին 10 տարիներին արձանագրված ամենացածր գնաճն է' տվյալ ժամանակահատվածի համար: