Խմբագիր, քաղաքական մեկնաբան Էդուարդ Սարիբեկյանը գրում է․
«Բարձրագույն դատական խորհուրդը մի մտահոգիչ հայտարարություն է տարածել փաստաբանների վերաբերյալ: Փաստաբանները մեղադրվում են, ոչ ավել, ոչ պակաս, դատական իշխանության ինքնուրույնությունը վտանգելու, արդարադատության արդյունավետ իրականացմանը խոչընդոտելու մեջ:
Ինչպես կասեր դասականը, յա՜հ, իրո՞ք:
Այն, որ ԲԴԽ նախագահը SMS-ով հեռացվեց աշխատանքից, այն, որ երկրի վարչապետի մի հրահանգով շրջափակվեցին դատարաններն ու որոշ դատավորների նկատմամբ բռնություններ կիրառվեցին, այն, որ դատավորները մի ակնթարթում բաժանվեցին «վնգստացողների» ու «սռդի դատավորների», այն, որ դատարան մտած գործերի ճնշող մեծամասնությունն ավարտվում են կալանքի որոշումներով իսկ գործերը դատավորներին մակագրվում են առանց էլեկտրոնային համապատասխան ծրագրի, դա դատական իշխանության ինքնուրույնությունը վտանգելու, արդարադատության արդյունավետ իրականացմանը խոչընդոտելու փո՞րձ չի: Նման դեպքերն ու աշխատաոճի դրվագներն այնքան շատ են, որ նույնիսկ թվարկելը դժվար է:
Մեկ այլ դրվագով ԲԴԽ-ն բողոքում է, իբր փաստաբանների կողմից դատավորների հասցեին սոցիալական ցանցերում հրապարակվող գրառումները չեն բխում մասնագիտական էթիկայի նորմերից և վարկաբեկում են դատավորի հեղինակությունը և ողջ դատական համակարգը:
Իսկ ինչպե՞ս վարվի փաստաբանը, երբ դատական պրոցեսի ընթացքում հանդիպում է դատավորի կողմից օրենքի տառի կամայական մեկնաբանությանը, երբ դատավորը, կաշվից դուրս գալով, անտեսում կամ արհամարում է նախադեպային որոշումները, ակնհայտ տարբերակված մոտեցումներ է ցուցաբերում ընդդիմադիր և իշխանության հետ աֆիլացված մարդկանց նկատմամբ նույնաբնույթ մեղադրանքների դեպքում: Փաստաբանը ինչպե՞ս իրականացնի իր գործառույթը, երբ իր միակ զենքը օրենքն է, իսկ դատավորը նրա բերած փաստարկները կամ չի ընդունում, կամ անտեսում է:
Բայց այս ամենը նրա համար չէ, ինչը հիմա ներկայացվում է: Խնդիրն առավել գլոբալ է և ահա թե ինչում է կայանում: Հայաստանում դեռևս կայուն դիմադրում է մի համակարգ՝ փաստաբանական համայնքը: Փաստաբաններին գործողությա կամ խոսքի վրա բռնացնելն ու պատժելը գրեթե անհնար է: Բնականաբար դժվար է նաև նրանց ստիպել, որ «վնգստան» իշխանությունների առաջ: Այ սրան է միտված ԲԴԽ հայռտարարությունը, որ «օվերտոնի պատուհան» է բացում արդեն փաստաբանական համայնքի վրա հարձակվելու և նրան ենթարկացնելու համար:
Բազմաթիվ փաստաբվաններ կան, որ փող են աշխատում, դա միայն Հայաստանին չէ բնորոշ: Բայց Հայաստանին բնորոշ է շատ ավելի շատ սկզբունքային փաստաբանների առկայությունը, ովքեր նույնիսկ անվճար կամ նվազագույն վարձով են ծառայություններ մատուցում, միայն թե հաղթի արդարությունը: Հենց այդպիսի փաստաբանների դեմ է լինելու առաջիկա հալածանքների ալիքը: Նիկոլ Փաշինյանին արդարադատություն պետք չէ, նրան կատարյալ ռեպրեսիոն համակարգ է պետք, որին խանգարում են փաստաբանները»: