|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Տեղեկացրել էինք, որ այսօր քաղաքապետարանը սկսել էր օպերայի թատրոնի հարակից սրճարանների ապամոնտաժման գործընթացը: Սրճարանատերերը պայմանագրեր ունեն քաղաքապետարանի հետ մինչև 2025-2026թթ., սակայն քաղաքապետարանը հայտարարում է, որ իրավասու է ցանկացած պահի խզել այդ պայմանագրերը, մանավանդ` եթե խոսքը կանաչապատ տարածքների մասին է:
Այսօր լրագրողների հետ զրույցում «Շոկոլադնիցա» սրճարանի մենեջեր Լաերտ Պողոսյանն իր դժգոհությունը հայտնեց` ասելով, որ պրոցեսը ոչ թե ապամոնտաժում է, այլ աշխատատեղերի վերացում. անգործ են մնում մատուցողներ, խոհարարներ, մատակարարներ...
«Այս երկրում ինչպե՞ս բիզնես անենք, եթե օրինական փաստաթուղթը հիմք չէ։ Սրճարանի տնօրենը պահանջում է ցույց տալ այն թուղթը, որի հիման վրա պետք է ապամոնտաժվի սրճարանը, քաղաքապետարանի աշխատակիցն ասում է, որ չունի նման թուղթ: Եթե տասնամյակներ այս ամենն անօրինական է եղել, ապա անօրինական է եղել նաև հոսանքի վճարումը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է կանաչապատմանը` որպես ապամոնտաժման հիմք, Լաերտ Պողոսյանը նշեց, որ քաղաքապետ Հայկ Մարությանն իր տան դիմաց մի ծառ անգամ չունի: «Հայկ Մարությանը թող իր տնից սկսի: Թող Հյուսիսային պողոտան քանդի, քանի որ նույն անօրինական ձևով է այդ տունը տրվել, ոչ թե ուրիշի հացը խլի»,- ասաց նա:
Ապամոնտաժման աշխատանքների մեկնարկի ժամանակ սրճարանատերերը հոսանքն անջատել էին՝ թույլ չտալով իրականացնել դա, սակայն հետո գեներատորներ են բերվել, և ապամոնտաժման աշխատանքները շարունակվել են: Ի դեպ, կողմերի բանակցելուց հետո որոշել են, որ սրճարաններն այսօր չեն ապամոնտաժվի: