կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-12-12 11:38
Քաղաքական

«Ինքներս մեզ հարցնենք, թե ինչ ենք արել բանակի համար, նոր պահանջատիրական դիրքերից հանդես գանք»

«Ինքներս մեզ հարցնենք, թե ինչ ենք արել բանակի համար, նոր պահանջատիրական դիրքերից հանդես գանք»

Այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը լսումներ է կազմակերպել` «Պահեստազորային պատրաստության համակարգի կատարելագործումը» թեմայով:

Հիմնական զեկուցող` ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի կազմզորահավաքային վարչության պետ Կամո Քոչունցին հարց ուղղեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, թե ՊՆ-ն ի՞նչ դասեր է քաղել ապրիլյան պատերազմից, ի՞նչ փոփոխություններ են կրել պահեստազորայինների պատրաստվածության հետ կապված խնդիրները:

Կամո Քոչունցը նշեց, թե ինչ դասեր քաղել են ապրիլյան պատերազմից, դա գաղտնիք է, իսկ, ընդհանուր առմամբ, ապրիլին շատ են եղել Սփյուռքից կամավորականները, ովքեր ցանկացել են մասնակցել ռազմական գործողություններին, և նրանց հետ իրականացվել են պահեստազորային պատրաստության դասընթացներ: «Մատների արանքով չի նայվել պահեստազորայինների պատրաստվածության հարցին` թե' մինչև ապրիլ, թե' ապրիլից հետո»,- ասաց նա:

Թևան Պողոսյանն արձագանքեց` ասելով, որ մեր երկիրը կանգնած է անվտանգության հետ կապված մշտական մարտահրավերների առաջ, որոնք դառնալու են սերունդների համար մարտահրավեր, ուստի ռեալ փոփոխություններ են պետք ԶՈՒ-ում, և որ հասարակությանն արագորեն պետք է պատրաստեն, որ բոլորը «դուխով դիմակայեն» փորձություններին:

«Գուցե շատ բան գաղտնի է, բայց, միևնույն է, օրենքով են կարգավորելու շատ բաներ, իսկ օրենքը հրապարակային է»,- ասաց պատգամավորը:

Թևան Պողոսյանի արձագանքը դուր չեկավ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին: «Վրդովված տոնով եք խոսում, պահանջատիրական: Եկեք ամեն մեկս մեզ հարցնենք, թե ինչ ենք արել բանակի համար, նոր պահանջատիրական դիրքերից հանդես գանք: Անում ենք այն, ինչի հնարավորությունը ունենք, մենք վարդագույն ակնոցներով չենք նայում: Խնդրում եմ` եկեք ազնիվ լինենք, ըմբռնումով մոտենանք»,- ասաց Արա Նազարյանը: