Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Sueddeutsche Zeitung պարբերականի հետ զրույցում հայտարարել է. «Այն ժամանակ (դարասկզբին Օսմանյան Թուրքիայում-հեղ.) տեղի ունեցածը հնարավոր կլիներ անվանել «ցեղասպանություն» եզրույթով: Ես կարող եմ հասկանալ դրա հիմքերը, զգացումները»:
Առաջին անգամ է, որ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը բացահայտ խոսում է Ցեղասպանության մասին: Բունդեսթագում առաջիկայում քննարկման է դրվելու Օսմանյան Թուրքիայում դարասկզբին հայերի նկատմամբ կատարվածը դատապարտող բանաձև ընդունելու հարցը: Նախնական մոտեցումն այն էր, որ անհրաժեշտ է խուսափել «ցեղասպանություն» եզրույթի կիրառումից: Ըստ էության՝ արտգործնախարարի մակարդակով Գերմանիայի կառավարությունը Բունդեսթագի պատգամավորներին հասկացնում է, որ դեմ չի լինի, եթե բանաձևում այդ եզրը տեղ գտնի:
Ըստ Sueddeutsche Zeitung-ի՝ Շտայնմայերի այս նոր դիրքորոշումը համաձայնեցված է Գերմանիայի Դաշնության նախագահի գրասենյակի հետ: Իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրաժարվել է մասնակցել ապրիլի 24-ին Գալիպոլլիի ճակատամարտի 100-ամյակի կապակցությամբ Թուրքիայում կազմակերպվող տոնակատարություններին: Սա արդեն իսկ ուժեղ հարված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ստվերելու, նսեմացնելու՝ Թուրքիայի նպատակներին:
Այս ամենը խոսում է այն մասին, որ Հայոց ցեղասպանության հարցում իսկապես շրջադարձային փոփոխություններ են տեղի ունենում մի երկրի քաղաքական ուղեգծում, որը գործուն մասնակցություն է ունեցել Ցեղասպանության իրականացման հարցում: Հարցն այն է, թե ապրիլի 24-ի շրջանակներում ինչպիսի՞ն կլինի Գերմանիայի կատարած քայլը` լիարժեք ցատկ ամբողջական ճանաչման ուղղությա՞մբ, թե՞, այնուամենայնիվ, կեսքայլ:
Իրականում Գերմանիայի պարագայում նույնիսկ կեսքայլ կատարելը պակաս կարևոր չէ: Նախ՝ կատարվածը ցեղասպանություն որակելը նաև դրանում սեփական մասնակցության անուղղակի ինքնախոստովանություն է լինելու: Հոգեբանորեն այնքան էլ հեշտ չէ Հոլոքոստը ճանաչելուց հետո խոստովանել, որ Գերմանիան թաթախված է եղել նաև անմեղ հայերի արյան մեջ: Ճանաչումն ինքնըստինքյան հանգեցնելու է գերմանական արխիվների բացմանը, ինչը հենց Գերմանիայի համար հղի է պատմական ճշմարտությունների հետ առերեսվելու չափազանց տհաճ հեռանկարով: Երկրորդ՝ ճանաչումը լրջագույն քաղաքական կամք է պահանջում Բեռլինից ոչ միայն Թուրքիայի անասելի քաղաքական ճնշումներին, այլև մոտ 8 միլիոնի հասնող թուրքական համայնքի և նրանց լոբբինգի ազդեցությունը հաղթահարելու առումով: Սա իսկապես հերոսական ջանքեր է պահանջելու պառլամենտի քաղաքական ուժերից: Թերևս դա է պատճառը, որ Գերմանիայի իշխանությունները նախընտրում են այս խնդրի աստիճանաբար սրման մարտավարությունը, մանավանդ, որ այն տալիս է Թուրքիային դրանից որոշակիորեն կախվածության մեջ պահելու դիվիդենդ:
Եվ, այնուամենայնիվ, իրականում ո՞րն է Գերմանիայի պաշտոնական դիրքորոշման մեջ կատարվող այս փոփոխությունների իրական պատճառը: Միամտություն է կարծել, թե այն տեղի է ունենում միայն 100-րդ տարելիցի բարոյահոգեբանական ներգործությամբ, կամ հանկարծ արթնացել է գերմանական իշխանությունների խիղճը: Հետաքրքրական է, որ Բունդեսթագում Ցեղասպանության հարցով բանաձև ընդունելու մասին դեռևս ապրիլի 9-ին նշել էր Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը՝ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի եւ ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի հետ կայացած հանդիպման ժամանակ: Ընդ որում` դատելով այդ մասին հաղորդագրությունից` դեսպանը բավական մեծ հետաքրքրություն էր դրսևորել պահանջատիրության հետ կապված`հայկական կողմի մոտեցումների նկատմամբ և արել գերմանական քաղաքականության տեսանկյունից արտառոց մի հայտարարություն, թե Ցեղասպանության հարցը չպետք է դիտվի որպես անցյալին առնչվող խնդիր: Սա ցույց է տալիս հարցը քաղաքականացնելու, օրակարգ հանելու և այդ տեսանկյունից հայկական կողմի պահանջներն ու մոտեցումները խորքից ընկալելու՝ պաշտոնական Բեռլինի մոտ ի հայտ եկած հակվածությունը:
Բայց հայկական կողմի դիվանագիտական և լոբբիստական աշխատանքը, թերևս, բավարար չլիներ, եթե առկա չլինեին որոշակի աշխարհաքաղաքական նպաստավոր պայմաններ, որոնք ստիպում են Գերմանիային վերանայել Թուրքիայի նկատմամբ իր քաղաքականությունը: Առաջին հերթին խոսքը վերաբերում է ԵՄ-ին ինտեգրման նկատմամբ Անկարայի հետաքրքրության կտրուկ նվազմանը, որի պատճառը դեպի Արևելք ինքնուրույն ծավալվելու՝ Թուրքիայի ներկայիս իսլամիստական վարչակարգի ձգտումներն են, որոնք ավելի ու ավելի սանձարձակ են դարձնում Անկարային: Երկրորդը ռուս-թուրքական տնտեսական գործակցության շարունակական խորացումն է, որի պատճառով հնարավոր չի լինում կենսագործել այնպիսի այլընտրանքային էներգետիկ նախագծեր, որոնք կնվազեցնեին ռուսական էներգակիրներից Եվրոպայի և, մասնավորապես, Գերմանիայի կախվածությունը: Եվ վերջապես մյուս` ոչ պակաս կարևոր գործոնը` առհասարակ իսլամական ծայրահեղականության նկատմամբ Եվրոպայի աշխարհայացքային փոփոխություններն են, որոնց ծիրում Թուրքիան սկսել է ընկալվել որպես այդ տենդենցները գեներացնող հիմնական օջախ:
Մեծ հաշվով այս ամենը քաղաքական հաշվարկների, տվյալ դեպքում՝ Ցեղասպանության հարցը քաղաքական շահերին ծառայեցնելու արդյունք է: Իսկ այդ հաշվարկներն ու շահերը սովորություն ունեն հաճախակի փոփոխությունների ենթարկվելու՝ հայությանը կանգնեցնելով տխուր փաստերի առջև: Եվ որքան էլ մեզ համար բարոյահոգեբանական առումով կարևոր է Գերմանիայի և առհասարակ աշխարհի առաջատար երկրների կողմից Ցեղասպանության ճանաչումը, շատ ավելի կարևոր է, թե որքանով ենք կարողանում այս պրոցեսներից մեզ համար կոնկրետ արդյունքներ քաղել: Բայց դա արդեն ոչ թե Գերմանիայի գործն է, այլ մեր...
Գեւորգ Աղաբաբյան