Փոխարժեքներ
17 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը մարտի 10-ին տոնում էր իր ծննդյան 54-ամյակը: Իր արտասովոր գործելաոճով աչքի ընկնող մարզպետն այս անգամ էլ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել ծննդյան օրվա կապակցությամբ ստացած «ճոխ-ճոխ» նվերներով:
«Հրապարակ» օրաթերթում տեղ գտած հրապարակման համաձայն՝ մարզպետի օգնական Կարեն Տոնոյանը որոշել է մարզպետի ծննդյան օրն անակնկալ անել և բոլոր համայնքների՝ գյուղերի ու քաղաքների ղեկավարներին հրահանգել է մարզպետին իրենց նվերները մատուցել: Համայնքները, ըստ մեծության, 50-80 հազարական դրամ են հավաքել, դպրոցների տնօրեններից ավելի «համեստ» նվեր են պահանջել՝ 10 հազարական դրամ:
Այս գործի գլուխ բերելուն լծվել են մի քանի համայնքապետեր, որոնցից մեկը՝ Արագածի գյուղապետ Հենրիկ Հովհաննիսյանը, Yerkir.am-ի հետ զրույցում, նշեց, որ մարզպետի ծննդյան օրն ինքը պարզապես գնացել է համայնքների միության ժողովին և ժամանակ չի ունեցել շնորհավորելու մարզպետին: Թերևս տեղին է ուշագրավ մի դիտարկում անել. հայտնի է, որ այդ նվերները մարզպետին փոխանցվել են որպես հարկատեսակ:
«Ես արդեն տեղյակ եմ, որ նման ինֆորմացիա կա, ուրեմն նշեմ, որ այդ օրը ես եղել եմ համայնքների միության ժողովին, թե ժամանակ ունենայի մեծ սիրով կշնորհավորեի մարզպետին»,- նշեց գյուղապետը: Նա մեզ հետ զրույցում թվացյալ զարմանքով փորձեց մեզանից ճշտել՝ ի՞նչ գումարի մասին է խոսքը: «Ի՞նչ գումար, ի՞նչ նվեր, ես տենց բաներ չգիտեմ»,- ասաց Հովհաննիսյանը:
Մեր այն հարցին, թե եթե ոչ ինքը, ապա ո՞ր համայնքների ղեկավարներն են նման նվերներ մատուցել Սարգիս Սահակյանին, գյուղապետը պատասխանեց. «Ճիշտն ասած, տեղյակ չեմ, նման բաներ ոչ մեկ էլ ո'չ խոսում է, ո'չ ասում, եթե տեղյակ լինեի, անպայման կասեի: Պարզապես անկեղծ եմ ասում, որ տեղեկություն չունեմ»:
Տեղեկացնենք նաև, որ փորձեցինք կապ հաստատել նաև Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ, սակայն մեր զանգերն, ինչպես սպասելի էր, անպատասխան մնացին: