կարևոր
955 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-15 12:20
Քաղաքական

Ռուսաստանն աջակցում է Հայաստանին «Թրամփի ուղի» նախագծի ստեղծման հարցում. Օվերչուկ

Ռուսաստանն աջակցում է Հայաստանին «Թրամփի ուղի» նախագծի ստեղծման հարցում. Օվերչուկ

Ռուսաստանն աջակցում է Հայաստանին Ադրբեջանի հետ «Թրամփի ուղի» նախագծի ստեղծման հարցում: Այս մասին լրագրողների հարցերին ի պատասխան ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մենք այս հարցը դիտարկում ենք հետևյալ համատեքստում՝ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և եթե Հայաստանը կարծում է, որ իրենց համար ինչ-որ բան լավ է, ապա մենք, իհարկե, աջակցում ենք Հայաստանին»,-ասել է Օվերչուկը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» համար (Trump Route for International Peace and Prosperity) հռչակագիրը ստորագրել են Վաշինգտոնում օգոստոսի 8-ին:  Հռչակագրի 4-րդ կետով, մասնավորապես, սահմանվում է.

«Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար»։

Հիշեցնենք, որ Վաշինգտոնի Հռչակագրով նախատեսված ճանապարհը, որով Ադրբեջանը ուղիղ կապ է հաստատում Նախիջևանի և Թուրքիայի հետ, հայրենական և միջազգային բազմաթիվ հեղինակավոր փորձագետներ համարում են ոչ միայն միջանցք, այլև Մեծ թուրանի ստեղծման մահաբեր ուղի։ 

Նշված ցամաքային կապի ստեղծումը արհեստածին Ադրբեջանի ստեղծման օրվանից եղել է Թուրքիայի օրակարգում, սակայն ձախողվել է 1918 թ. Մայիսյան հերոսամարտերի, Լեռնահայաստանի (Սյունիք-Զանգեզուրի) հերոսական պայքարի, Սովետական Հայաստանի ստեղծման և 1922 թ. ԽՍՀՄ-ի կազմում ներառվելու, ի վերջո, Արցախյան նորօրյա գոյապայքարի, հաղթանակի ու հայ ժողովրդի շուրջ 30-ամյա արժանապատիվ ընթացքի պայմաններում։ 

Ներկայումս ՀՀ-ում իշխող օկուպացիոն և թրքահաճ ռեժիմի գոյության և հանցավոր գործունեության պայմաններում Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են արդեն առանց զենքի, «հայկական» իշխանության ձեռքով իրագործել Թուրքիայի և Ադրբեջանի միացման ու հայկական սեպի վերացման իրենց դարավոր ծրագիրը։