կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-01 10:46
Քաղաքական

Հովիկ Աբրահամյանը «կտրու՞մ է պորտալարն» օլիգարխիայից

Հովիկ Աբրահամյանը «կտրու՞մ է պորտալարն» օլիգարխիայից

«Առավոտը» գրում է.

 

«Վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո Հովիկ Աբրահամյանը որոշել է վերանայել իր կենսակերպը: «Առավոտի» տեղեկություններով` վարչապետը, որը ԱԺ նախագահ եղած տարիներին կուսակցական քեֆ-ուրախությունների ակտիվ մասնակիցն էր, հաճախ նաև կազմակերպիչը, այժմ, որոշել է այլ քաղաքականություն վարել: Հովիկ Աբրահամյանն այլևս հրաժարվում է «ամեն տեսակ» կուսակցական քեֆերին մասնակցելուց: Նա ընդունում է բացառապես պաշտոնական ընդունելությունների հրավերները:


Հովիկ Աբրահամյանի սույն կեցվածքի համար երկու պատճառաբանություն կա: Պատճառաբանություն առաջին` իշխանական որոշ շրջանակներում խոսվում է այն մասին, որ այսպիսով վարչապետը ցանկանում է «պորտալարը կտրել» խոշոր և միջին օլիգարխիայից, որպեսզի կարողանա ինչ-որ չափով գոնե կյանքի կոչել իր իսկ հռչակած ծրագրի կարևորագույն դրույթը` ստվերի դեմ պայքարը:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից, ըստ Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրի, ստվերի դեմ պայքարի շրջան է մեկնարկել Հայաստանում: Ավելի վաղ, ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը խորհրդարանում  սկանդալային հայտարարություն է արել` ասելով, որ պետբյուջեի 70 տոկոսն անարդյունավետ է ծախսվում:


Ավելի հանրամատչելի լեզվով ասած` ի հեճուկս ընդդիմադիր քաղաքական գործիչների ու քաղաքական ուժերի, որ Հայաստանում, պաշտոնական թվերով, ստվերը 50 տոկոս է կազմում, Իշխան Զաքարյանն ասաց, որ Հայաստանում ստվերը 70 տոկոս է:


Պատճառաբանություն երկրորդ` նույն իշխանական շրջանակներում շրջանառվող խոսակցությունների համաձայն, վարչապետի` կուսակցական քեֆ-ուրախություններին ընտրովի մոտեցումը նկատելի էր դեռ հետընտրական շրջանում, երբ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ին ծառայած հասարակական շրջանակների` բժիշկներ, ուսուցիչներ և այլն, մարզային երախտիքի երեկոներից Հովիկ Աբրահամյանը ոչ բոլորին մասնակցեց: Ժամանակին սա բացատրվում էր անձնական հակա և համակրանքներով:


Հովիկ Աբրահամյանի` վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո կառավարությունում ևս մի կարգ է «վերանայվել» , որ, ի դեպ, արարողակարգի խախտում է: Ըստ արարողակարգի, երբ վարչապետը երկրից մեկնում է պետական կամ պաշտոնական այցով, նրան օդանավակայանում պետք է ճանապարհեն նախարարները: Իբրև վարչապետ` Հովիկ Աբրահամյանի առաջին այցը ՌԴ, Սոչի, աչքի ընկավ հենց դրանով: Օդանավակայանում վարչապետին ճանապարհում էին միայն փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:


Մեր աղբյուրի փոխանցմամբ` վարչապետը հատուկ նպատակ չի ունեցել արարողակարգ խախտելու և ոչ էլ «խնայել» է սեփական նախարարներին, պարզապես ցանկացել է «ավելորդ շքեղություններից» խուսափել: Մինչդեռ Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք, ականատեսների պատմելով, շատ նախարարներ անգամ խորհրդակցություններ են ընդհատել , մարզային հանդիպումներ կիսատ թողել` սիրելի վարչապետի հետևից թաշկինակ թափահարելու համար»: