կարևոր
1972 դիտում, 11 ժամ առաջ - 2025-07-29 17:06
Հասարակություն

ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դեռ շարունակում է ուսումնասիրել հեղուկ գազի շուկան․ վարույթ դեռ չկա

ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դեռ շարունակում է ուսումնասիրել հեղուկ գազի շուկան․ վարույթ դեռ չկա

ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դեռ շարունակում է ուսումնասիրել հեղուկ գազի շուկան, այս պահին վարույթ դեռ չկա։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրուցում նշեցին հանձնաժողովից։

Հուլիսի 11–ին հայտնել էինք, որ ավելի քան 100 գազատար մեքենա մնացել է Վրաստանում և չի կարողանում հատել հայ–վրացական սահմանը, ինչը հանգեցրել է գազի գների կտրուկ աճի։ Հեղուկ գազի գինը կարճ ժամանակում 120 դրամից հասավ 170–180 դրամի։ Այժմ հեղուկ գազի գինը հասել է 200 դրամի։ Հուլիսի 18–ին ՄՊՀ–ն հայտարարել էր, որ ուսումնասիրություն է սկսել հեղուկ գազի շուկայում, ինչի մասին նախապես տեղեկացված են եղել նաև գործընկերները:

ՄՊՀ–ից նաև հայտնեցին, որ հեղուկ գազի շուկայի ուսումնասիրությունը կարող է տևել մոտ մեկ ամիս, քանի որ շուկայի տնտեսվարողները մոտ 90 են: Այս պահին հարցումների փուլն է։

Թեմային անդրադառնալով` ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուքի» օգտատերերից մեկի հարցին ի պատասխան այսօր գրել էր, որ խնդիրը մրցակցության պաշտպանության հանձնաժողովի քննարկման տիրույթում է:

Օգտատերը նախարարին հիշեցրել է, որ արդեն 15 օր է՝ հեղուկ գազը նորմալ հասնում է Հայաստան, բայց գազալցակայանների սեփականատերերը բարձրացնում են դրա գինը, իսկ պետությունը չի ցանկանում կամ չի անում ոչինչ` ազդելու այս գործելոճի վրա։

Հիշեցնենք, որ մինչ այս պահը չկա որևիցե հստակ տվյալ, թե հեղուկ գազով լի քանի՞ բեռնատար է սպասում հայ–վրացական սահմանին ու քանի՞սն է արդեն հասել Հայաստան։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է միայն հուլիսի 17–ի տվյալներ, ըստ որոնց` ՀՀ է մտել հեղուկ գազով բեռնված 77 մեքենա։ Նախարարը նաև նշել է` ժամանակն է, որ ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը զբաղվի հեղուկ գազի շուկայում գների փոփոխության հարցով։