կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-25 18:23
Առանց Կատեգորիա

Քննչական գերմարմին ''սիստեմ''-ի համա՞ր

Քննչական գերմարմին ''սիստեմ''-ի համա՞ր

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել պաշտպանության նախարարության, ոստիկանության, կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում գործող քննչական մարմինների հենքի վրա միասնական քննչական մարմին կազմավորելու իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին: Այդ կարգադրությամբ նա նաև նոր հանձնաժողովի նախագահ է նշանակել ընդամենը օրեր առաջ պաշտոնավարման ժամկետը լրանալու պատճառով ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատված Աղվան Հովսեփյանին:

 

Քննչական մարմինների գերկենտրոնացման նախաձեռնությունը կարգադրության մեջ բացատրվում է «քննչական մարմինների անկախությունն ամրապնդելու, քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու» նպատակներով: Հանձնաժողովը, փաստորեն, ստեղծելու է այդ նոր կառույցի մոդելը, իրավական նոր կարգավիճակը` շեշտը դնելով հատկապես նախաքննության նկատմամբ դատախազության հսկողության հնարավորինս թուլացման վրա: Քննչական համակարգի կտրտվածությունը և հատկապես դրա կախվածությունը դատախազությունից և ոստիկանությունից, ինչը ստիպում էր շատ դեպքերում խաղալ երկու լարերի վրա, այս համակարգը դարձնում էր չափազանց խոցելի:

 

Նման կառուցվածքային վերափոխումներ կատարելու անհրաժեշտությունն իսկապես հասունացել էր վաղուց, և նախագահի քայլն ինչ-որ իմաստով նույնիսկ ուշացած կարելի է համարել: Սակայն հատկապես Աղվան Հովսեփյանին միասնական քննչական մարմին կազմավորելու իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ նշանակելը ցույց է տալիս, որ դրանով Սերժ Սարգսյանը նախևառաջ փորձում է միաժամանակ մի քանի տակտիկական հարցեր լուծել: Նախ` ակնհայտորեն հաշվի է առնվել Հովսեփյանի հսկայական ազդեցությունը դատախազության համակարգի վրա և նրա ունեցած քաղաքական կշիռը, ինչը, թերևս, բավարար ռեսուրս է նոր քննչական գերմարմնի ստեղծման աշխատանքները կողմնակի, գերատեսչական ազդեցություններից ու ճնշումներից զերծ պահելու և իսկապես համակարգի ներսում հնարավորինս անկախ մինիհամակարգի նախադրյալներ դնելու համար: Պարզ է արդեն, որ հանձնաժողովի նախագահից մինչև այդ նոր կառույցի ղեկավարի պաշտոնը Աղվան Հովսեփյանի համար ընդամենը լինելու է մեկ քայլ: Հովսեփյանը գլխավորելու է մի մարմնի ձևավորման աշխատանքները, որը հետագայում նաև ղեկավարելու է: Բնականաբար, նա փորձելու է առաջին հերթին անձամբ իր համար ոչ միայն իրավապահ մյուս ստրուկտուրաներից անկախ, այլև հնարավորինս ազդեցիկ մարմին ստեղծել` պահպանելու համար իր ազդեցությունը թե' համակարգի ներսում և թե' դրանից դուրս:

 

Սերժ Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, հենց սրա վրա էլ դրել է հիմնական խաղադրույքը` շատ լավ իմանալով, որ Աղվան Գառնիկիչը երբեք չի համակերպվի աշխատել այն համակարգի ստվերում, որի ղեկավարը եղել է մեկ տասնամյակից ավելի: Աղվան Հովսեփյանի անձի, պրոֆեսիոնալ կարողությունների գործոնը էական է լինելու այդ նոր մարմինը ոտքի հանելու և դրա բնականոն ընթացքը նախնական փուլում ապահովելու համար: Սակայն, մյուս կողմից, Հովսեփյանը հենց այն համակարգի ճարտարապետն է, որը ներկայումս նախագահը փորձում է կոսմետիկ լուծումներով փոխել: Նա ամբողջությամբ կրում է գործող ու իրեն ոչ մի կերպ չարդարացնող դատախազական համակարգի ողջ արժեքային կոդը, մշակույթը, և, դրանից բացի, այլ բան Հովսեփյանն իր հետ նոր կառույց տանել չի կարող: Նրա ստեղծած համակարգը ակնհայտորեն լինելու է նույնի, ներկայումս գործողի ու հանրային վստահությունից բացարձակապես զերծ դատախազության տրամաբանական շարունակությունը: Եթե որոշակի փոփոխություններ էլ լինեն, ապա դրանք կապված են լինելու ոչ թե որակի կամ բովանդակության, այլ ընդամենը ձևի հետ: Աղվան Հովսեփյանը «սիստեմի» մարդ է, իշխանական նոմենկլատուրայի վաղ ներկայացուցիչ: Իսկ այդպիսի «կադրավիկը» չի կարող համակարգ ստեղծել «սիստեմի» նախասիրություններից, պատկերացումներից ու շահերից դուրս: Հետևաբար, այն հակակշիռը, որը ստեղծվելու է իրավապահ համակարգում, ուղղված է լինելու այն ավելի կառավարելի դարձնելուն և հենց սիստեմի համար արդյունավետությունը բարձրացնելուն, քան նախաքննության արդարացիությունն ու օբյեկտիվությունը բարձրացնելուն:

 

Հետաքրքրական է, սակայն, որ վերափոխումների այս գործընթացը նախագահն սկսում է մի ժամանակահատվածում, երբ իր իսկ նախաձեռնությամբ տրվում է սահմանադրական բարեփոխումների մեկնարկը: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը սեպտեմբերի 4-ին ստորագրած հրամանագրում նախագահը բացատրում է «իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու» հրամայականով: Այսինքն` պարզ է, որ դրանք ցանկացած պարագայում չեն շրջանցելու արդարադատության համակարգը, եթե չասենք, որ հենց այս ոլորտն է դառնալու վերաձևումների հիմնական թիրախներից մեկը: Մանավանդ` եթե հաշվի առնենք, որ անցած երկու տարիներին Սերժ Սարգսյանը առիթը բաց չէր թողնում հրապարակայնորեն դժգոհելու այդ համակարգը կազմող պետական մարմինների` դատախազության, հատուկ քննչական ծառայության, ոստիկանության, դատավորների աշխատանքների որակից:

 

Եվ հարց է առաջանում`ի՞նչ իմաստ ունի ներկայումս համակարգը ենթարկել կոսմետիկ փոփոխությունների, եթե հնարավոր է, որ ընդամենը երկու տարի հետո Սահմանադրական բարեփոխումների արդյունքում բոլորովին այլ` համակարգային լուծումներ տրվեն: Միակ տրամաբանական բացատրությունն այն է, որ ոչ թե նոր մարմինը կամ ընդհանրապես ողջ արդարադատության համակարգն է հարմարվելու այդ փոփոխություններին, այլ բարեփոխումներն են կատարվելու վերջիններիս «հագով», ինչպես եղել է միշտ:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ