Փոխարժեքներ
02 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.32 |
EUR | ⚊ | € 455.06 |
RUB | ⚊ | ₽ 4.9092 |
GBP | ⚊ | £ 530.7 |
GEL | ⚊ | ₾ 141.61 |
Հուլիսի 9-ին սովորաբար հանդարտ Գլենդելը դարձավ միջազգային խոշոր բանավեճի կիզակետ, երբ քաղաքային խորհուրդը վավերացրեց մի հուշակոթող նվիրված «մխիթարության կանանց»` 200 հազար երիտասարդ աղջիկների, ովքեր սեռական ստրկության էին ենթարկվել Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ ու դրա ընթացքում` ճապոնական բանակի կողմից Կորեայի ու հարևան երկրների գրավման ժամանակ: Քաղաքային խորհուրդը, լսելով հակասական վկայություններ տեղական ճապոնական և կորեական համայնքների անդամների կողմից, ձայների չորս կողմ, մեկ դեմ հարաբերակցությամբ հաստատեց «մխիթարության կանանց» պատվին հուշարձանի տեղադրումը Գլենդելում:
Հուշարձանի բացման արարողության ժամանակ խորհրդի անդամներ Արա Նաջարյանը և Զարեհ Սինանյանը ցավակցություն հայտնեցին «մխիթարության կանանց» դժբախտ կացության համար, քանի որ իրենց հայ նախնիները նույնպես տառապել էին զանգվածային վայրագություններից Թուրքիայում: Մտահոգված Թուրքիայի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի Ցեղասպանության և ճապոնական զինվորականության կողմից «մխիթարության կանանց» սեռական ստրկացման միջև զուգահեռների անցկացումից` Լոս Անջելեսում Ճապոնիայի հյուպատոսությունը հանդիպում էր խնդրել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի հետ՝ այս հարցի վերաբերյալ իր կառավարության դիրքորոշումը ներկայացնելու համար: Փոխհյուպատոս Մասահիրո Սուգայի հետ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ունեցած հանդիպման ժամանակ ակնհայտ դարձավ, որ Ճապոնիայի կառավարությունը շատ ավելի արդարացի է վերաբերվել ճապոնական իմպերիալիստական բանակի կողմից կատարված ոճիրների առնչությամբ, քան Թուրքիայի կառավարությունը` Հայոց ցեղասպանության: Պարոն Սուգան հստակեցրեց, որ Ճապոնիան ընդունել է իր պատասխանատվությունը «մխիթարության կանանց» իրավունքների խախտման կապակցությամբլ՝ ներողություն խնդրելով զոհերից և փոխհատուցում վճարելով նրանց: Այնուամենայնիվ, «մխիթարության կանայք» դժգոհ են ճապոնական «քավության» քայլերից՝ մեղադրելով ճապոնացի պաշտոնատարներին այս հարցի վերաբերյալ հակասական հայտարարություններ անելու մեջար: «Մխիթարության կանանցից» շատերը նաև հրաժարվել են առաջարկվող ֆինանսական օգնությունից` պնդելով, որ այն մասամբ տրամադրվում է մասնավոր աղբյուրների, այլ ոչ թե Ճապոնիայի կառավարության կողմից:
2007 թվականին Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը «մխիթարության կանանց» աջակցության բանաձև ընդունեց` կոչ անելով Ճապոնիայի կառավարությանը «պաշտոնապես ճանաչել, ներողություն խնդրել և պատմական պատասխանատվություն ընդունել հստակ և միանշանակ կերպով` իր կայսերական զինված ուժերի կողմից երիտասարդ կանանց սեռական ստրկություն պարտադրելու համար»:
Պարզելու համար, թե «մխիթարության կանանց» հարցի վերաբերյալ Ճապոնիայի արձագանքն ինչպես է տարբերվում Հայոց ցեղասպանության նկատմամբ թուրքական կառավարության ժխտողական դիրքորոշումից, ես զրուցեցի Լոս Անջելեսում Ճապոնիայի գլխավոր հյուպատոս Հյուն Նիիմիի հետ: Նա ջերմորեն խոսեց հայերի հետ ունեցած իր «մտերմության» մասին, որ ձևավորվել է 1995-98 թվականներին Թեհրանում Ճապոնիայի դեսպանատանը ծառայելու տարիներին և Հայաստան կատարած իր հետագա այցերի ընթացքում, երբ աշխատում էր Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատանը: Ինչ վերաբերում է «մխիթարության կանանց» առնչությամբ Ճապոնիայի կառավարության դիրքորոշմանը, պարոն Նիիմին բացատրեց, որ 1995 թվականին Ճապոնիայի վարչապետ Տոմիիցի Մուրայաման հանդես է եկել հայտարարությամբ՝ «խոր զղջում» և «սրտագին ներողություն» հայտնելով: Ճապոնիան նաև «փոխհատուցում է տրամադրել Կանանց ասիական հիմնադրամի միջոցով»:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության կապակցությամբ Թուրքիայի և «մխիթարության կանանց» բռնի շահագործման կապակցությամբ Ճապոնիայի արձագանքների տարբերությանը` գլխավոր հյուպատոս Նիիմին նշեց երեք կետ. «Ճապոնիայի կառավարությունը քաջատեղյակ է անցյալ դարի սկզբին հայ ժողովրդին պատուհասած ողբերգությանը: Ցանկանում ենք մեր խորին ցավակցությունը և կարեկցանքը հայտնել զոհերին: Մենք հաստատակամ ենք, որ նման ողբերգություններ երբեք չպետք է կրկնվեն: Երկրորդ կետը վերաբերում է թուրքական կառավարության դիրքորոշմանը: Խոսքը գնում է այլ երկրի դիրքորոշման մասին: Թեև մենք տեղյակ ենք այդ վայրագության մասին, սակայն, ի վիճակի չենք մանրամասն հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել մեկ դար առաջ այդ տարածքում: Այնպես որ` մենք չենք կարող որևէ մեկնաբանություն անել Թուրքիայի կառավարության դիրքորոշման վերաբերյալ: Բայց ես ուզում եմ կրկնել, որ մենք տեղյակ ենք այդ ողբերգության մասին և ցանկանում ենք մեր կարեկցանքն ու ցավակցությունը հայտնել: Եվ երրորդ կետն այն է, որ, անկախ թուրքական կառավարության դիրքորոշումից, Ճապոնիայի կառավարության դիրքորոշումը «մխիթարության կանանց» հարցի վերաբերյալ հետևյալն է` այն ներողություն ու զղջում է հայտնել ու ջանքեր գործադրել աջակցելու` նախկին «մխիթարության կանանց»:
Ես գլխավոր հյուպատոսին տեղեկացրի, որ Ճապոնիայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ շատ չի տարբերվում Թուրքիայի ունեցած դիրքորոշումից: Պարոն Նիիմիին խնդրեցի իր երկրի արտաքին գործերի նախարարությանը փոխանցել, որ Ճապոնիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բացակայությունը ուժեղացնում է այն մարդկանց թերահավատությունը, որոնք կասկածի տակ են դնում Ճապոնիայի կառավարության անկեղծությունը «մխիթարության կանանց» հարցի արդարացի լուծման գործում: Ի պատասխան, Ճապոնիայի գլխավոր հյուպատոսը հայտնեց իր ըմբռնումը, որ «ողբերգություն բառն այնքան էլ լավ չի հնչում ձեզ համար, քանի որ այն ցեղասպանություն է»: Նա խոստացավ այս հարցի վերաբերյալ «հայ համայնքի զգացմունքները» փոխանցել իր կառավարությանը:
Հարութ Սասունյան
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի