կարևոր
2650 դիտում, 4 ժամ առաջ - 2025-07-01 13:49
Քաղաքական

Փաշինյանն ինքն իր դե՞մ. ի՞նչ է առաջարկել նա ՀԷՑ-ի մասին նախագծերի փաթեթի առնչությամբ

Փաշինյանն ինքն իր դե՞մ. ի՞նչ է առաջարկել նա ՀԷՑ-ի մասին նախագծերի փաթեթի առնչությամբ

Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք զավեշտներն ու աբսուրդները շարունակվում են: Փաշինյանի՝ օրեր առաջ հայտնի գործարար Սամվել Կարապետյանի կալանավորմանը հաջորդեց հայտարարությունն առ այն, որ ՀԷՑ-ը ազգայնացվելու է, իսկ բաժնետոմսերը դրվելու են վաճառքի (արդեն իսկ խոսակցություններ կան Թուրքիայի ներգրավման մասին): Փաշինյանի այդ հայտարարությունները հավանաբար այն աստիճան են եղել ոտքի վրա, չմտածված ու էմոցիաներից ծնված, որ արդեն իսկ երեկ՝ ԱԺ-ում քննարկումների նախօրեին կառավարությունն արդեն իսկ առաջարկություններ է ներայացրել «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եվ «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ եվ փոփոխություն կատարելու մասին» հայաստանի հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

Ընթերցելով այդ առաջարկություններն ու դիտողությունները՝ տպավորություն է, թե Նիկոլ Փաշինյանն ինքն էիր դեմ բաներ է գրել: Այսպես, անդրադառնալով նախագծերի հիմնավորմանը՝ կառավարությունը նշում է, որ «իրավական ակտի հիմնավորման մեջ պետք է ներառել իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները, տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը»:  

Հղում կատարելով Սահմանադրական դատարանի որոշումներին, օրենսգրքերին և այլնին, կատավարության առաջարկներում նշված է, որ «նախագծի որոշ կարգավորումներում առկա են տեխնիկական անհամապատասխանություններ կամ բացեր, որոնք նույնպես անհրաժեշտ է շտկել»:

«Ամփոփելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ նախագծերի փաթեթը լրամշակման կարիք ունի»,- եզրակացրել է ՀՀ կառավարությունը:

Փաշինյանի այս «ինքնաքննադատությունը» և սեփական նախաձեռնության դեմ դիտողություններ, առարկություններ ու համապատասխան եզրահանգումներ անելն արդյո՞ք չի նշանակում, որ գործող վարչակարգը կա՛մ այս փուլում ձախողել է ՀԷՑ-ի իբր ազգայնացման մասին Նիկոլ Փաշինյանի որոշումը, կա՛մ առաջացել են այնպիսի անհաղթահարելի խոչընդոտներ ու հանգամանքներ, որոնք որևէ կերպ հաշվի չեն առնվել ամբոխահաճո և ամպագոռգոռ հայտարարություններ անելիս, կա՛մ էլ կան որոշ իրողություններ, որոնք ստիպում են Նիկոլ Փաշինյանին հետաձգել նշված գործընթացը:

Վ. Սարգսյան