Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 15 տարի առաջ - 2011-02-02 05:34
Արցախ

Սոցիալական ցանցերն Արցախում էլ ազդեցություն ունեն

Սոցիալական ցանցերն Արցախում էլ ազդեցություն ունեն

Սոցիալական ցանցերի քննարկումներն ու քննադատությունները սկսել են հայտնվել նաեւ Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում:

 

Այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրվել` նվիրված Արցախի պետական համալսարանի հանրակացարանի կենցաղային պայմանների բարելավման հարցին:

 

Ինչպես տեղեկացնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, Բակո Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին մայր բուհի հանրակացարանի պայմանների բարելավման նպատակով համակողմանի ծրագրեր մշակելու ուղղությամբ:

 

Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ սոցիալական ցանցերում, հատկապես` «Ֆեյսբուքում», ակտիվ քննարկումների նյութ է դարձել Armenia Today-ի հրապարակած ֆոտոռեպորտաժը, որում ներկայացված էին Արցախի մայր բուհի հանրակացարանային պայմանները:

Սոցիալական ցանցերում բազմաթիվ մարդիկ համեմատություններ էին անում այդ պայմանների եւ համալսարանի ռեկտորի նորաոճ ու թանկարժեք մեքենայի միջեւ: Ուսանողները նաեւ նույն թեմայով  նյութ էին ուղարկել հայաստանյան լրատվամիջոցներին:

Ահա մի հատված այդ նյութից. «ԱրՊՀ հարեւանությամբ հանրակացարանի պայմանները, որտեղ մենք ապրում ենք, ահավոր են: Ճիշտ ինչպես հայտնի երգչի հայտնի երգում` система коридорная - на 38 комнаток всего одна уборная… Նշանակում է օտարերկրյա՞ ուսանողներ պիտի լինեն, որ վերանորոգվի, իսկ մենք… Եթե ռեկտորն ասում է, թե «դեռևս առկա են արատավոր, կոռուպցիոն երևույթներ, որոնք հարիր չեն մտավորականին», նաեւ մեր հանրակացարանի ֆոնին հարիր չէ նրա թանկարժեք մեքենան: Դա նույնպես կոռուպցիա է (կոռուպցիա ընդհանրապես շատ կա համալսարանում)»:

 

Փաստորեն, սոցիալական ցանցերը Ղարաբաղում էլ են սկսում դժգոհության ու բողոքի ամբիոն դառնալ: Հայաստանյան սոցիալական ցանցերի միջոցով «հարցեր լուծելու եւ իշխանությունների վրա ազդելու մշակույթը» կարծես թե սկսում է ձեւավորվել նաեւ Արցախում: