|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Լիեժ քաղաքում ոստիկանությունը բերման է ենթարկել 107 ուսանողների, որոնք ցույցի էին դուրս եկել Բելգիայի կրթական համակարգում տիրող իրավիճակի դեմ բողոքելու նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Belga լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները։
Լիեժում բողոքի գործողության մասնակիցները հրկիզել են քաղաքային գույքը։ Ցույցեր են ընթանում նաև Բելգիայի այլ քաղաքներում։ VRT հեռուստաալիքի հաղորդմամբ՝ մայրաքաղաք Բրյուսելում հոկտեմբերի 7-ին կրթական քաղաքականությունից դժգոհող մոտ 250 մարդ է մասնակցել բողոքի երթին։Արդեն մի քանի օր շարունակվող ցույցերին մասնակցող ուսանողներն ու աշակերտները մասնավորապես բողոքում են բուհերում ուսման վարձի թանկացման, ծանրաբեռնված դասացուցակների և դասասենյակների գերծանրաբեռնված լինելու դեմ։
Համանման պահանջներով ցույցեր են ընթանում նաև հարևան Ֆրանսիայում։ Այդ երկրի ազգային կրթության նախարարության ներկայացրած վերջին տվյալներով՝ հոկտեմբերի 7-ին դասերը լիովին կամ մասնակիորեն չեղարկվել են 459 ուսումնական հաստատություններում։
Հոկտեմբերի 6-ին նման պատկեր էր 891 կրթական հաստատություններում։ Իսկ կրթության ոլորտի ֆրանսիական արհմիությունները կոչ են արել հոկտեմբերի 8-ին համազգային գործադուլներ և ցույցեր նախաձեռնել ի պաշտպանություն բողոքող ուսանողների և աշակերտների։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովում տեղեկացրել է, որ ցույցերի ընթացքում բերման է ենթարկվել 6629 մարդ։ Տուժել են 761 ոստիկաններ, 215 աշակերտներ և դպրոցների 89 աշխատակիցներ։