կարևոր
493 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-06 19:42
Աշխարհ Տարածաշրջան

Ինչու՞ է Թուրքիան զորք ուղարկում Սաուդյան Արաբիա

Ինչու՞ է Թուրքիան զորք ուղարկում Սաուդյան Արաբիա

Թուրքիայի վերջին տարիների արտաքին քաղաքականության մեջ աստիճանաբար ձևավորվում է մի միտում, որը դուրս է գալիս միայն Անկարայի ավանդական դիվանագիտական ակտիվությունից։

Թուրքիան փորձում է իրեն ներկայացնել ոչ միայն որպես տարածաշրջանային գործընթացների մասնակից, այլև որպես անվտանգության ճարտարապետության ձևավորող և այդ անվտանգության ապահովման ռազմական կարողություն ունեցող պետություն։

Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն է ստանում օգոստոսի 7-ին Մեքքայում Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի ստորագրած «Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը» (Մեքքայի դաշինք)։ Փաստաթղթի առանցքային դրույթներից մեկի համաձայն՝ երեք երկրներից որևէ մեկի դեմ զինված հարձակումը դիտարկվելու է որպես հարձակում բոլոր երեք կողմերի դեմ։ Համաձայնագիրը նաև նախատեսում է հավաքական զսպման, պաշտպանական համագործակցության և ռազմական փոխգործակցության զարգացում։

Մեքքայի համաձայնագրի նշանակությունն առավել հստակ է դառնում այն պահից, երբ դրա շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները սկսում են վերածվել կոնկրետ գործողությունների։

Եմենի հութիների կողմից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ իրականացվող հարձակումների ֆոնին Անկարան, Էր Ռիադն ու Իսլամաբադը որոշել են ակտիվացնել համաձայնագրով նախատեսված հավաքական զսպման մեխանիզմները։ Երեք երկրները հայտարարել են Սաուդյան Արաբիա ռազմական ուժերի և միջոցների ուղարկման ու դրանց արագ տեղակայման մասին։

Հենց այստեղ է Մեքքայի համաձայնագիրը ստանում իր առավել լայն ռազմավարական նշանակությունը։ Այն այլևս չի սահմանափակվում երեք երկրների քաղաքական համերաշխությամբ կամ պաշտպանական համագործակցությամբ․ համաձայնագրի գործարկումը Թուրքիային հնարավորություն է տալիս Սաուդյան Արաբիայի տարածքում ռազմական ներկայություն ապահովել՝ արդեն դաշինքային պարտավորությունների շրջանակում։

Ավելին՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը սեպտեմբերին հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիայի՝ հատկապես տեխնիկական բնույթի ռազմական կարիքների դեպքում Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել։

Այսպիսով Մեքքայի համաձայնագիրը կարելի է դիտարկել որպես այն հարթակը, որի միջոցով Անկարայի և Էր Ռիադի միջև վերջին տարիներին խորացող ռազմավարական հարաբերությունները տեղափոխվում են նոր՝ անմիջական ռազմական համագործակցության մակարդակ։

«Առանց ահաբեկչության Թուրքիա» տեսլականից դեպի «Առանց ահաբեկչության տարածաշրջան»

Հարկ է նշել, որ այստեղ կա ևս մեկ կարևոր հանգամանք, որը Մեքքայի գործընթացը կապում է Թուրքիայի վերջին շրջանի ներքին և արտաքին անվտանգության քաղաքականության հետ։

Անկարան վերջին շրջանում առաջ է քաշում «Առանց ահաբեկչության Թուրքիա», իսկ դրանից ավելի լայն՝ «Առանց ահաբեկչության տարածաշրջան» գաղափարը։ Եթե առաջինը սկզբնական շրջանում հիմնականում ներկայացվում էր այդ երկրում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» զինաթափման, լուծարման և Թուրքիայի ներսում անվտանգության նոր փուլ ձևավորելու համատեքստում, ապա երկրորդը ենթադրում է այդ տրամաբանության տարածում երկրի սահմաններից դուրս։

Ուստի, Մեքքայի դաշինքը ցույց է տալիս, որ այդ գաղափարը երկար սպասել չտվեց իր արտաքին դրսևորումներից մեկին։

Անկարայի պաշտոնական մեկնաբանությամբ՝ համաձայնագիրը որևէ երկրի դեմ ուղղված ռազմական ճակատ չէ։ Թուրքիայի իշխանական շրջանակները այն ներկայացնում են որպես տարածաշրջանային անվտանգության և հավաքական զսպման մեխանիզմ, որը պետք է հակազդի Սաուդյան Արաբիայի քաղաքացիական և տնտեսական ենթակառուցվածքների դեմ հարձակումներին։ Թուրքիայում իշխանության ներկայացուցիչները նաև շեշտադրում են Մեքքայի և Մեդինայի՝ որպես սրբավայրերի պաշտպանության հանգամանքը և Թուրքիայի «պատմական պատասխանատվությունը» դրանց անվտանգության հարցում։

Այս տրամաբանությունն ուշագրավ է. Թուրքիան իր «Առանց ահաբեկչության տարածաշրջան» գաղափարը այլևս չի սահմանափակում սեփական տարածքով։ Անվտանգության սպառնալիքը ներկայացվում է որպես տարածաշրջանային, իսկ դրա դեմ պայքարը՝ որպես տարածաշրջանային պատասխանատվություն։ Իսկ երբ այդ պատասխանատվությունը ստանում է ռազմական ուժերի տեղակայման ձև, քաղաքական հայեցակարգը վերածվում է կոնկրետ անվտանգության գործիքի։

Թուրքիայում ինչպե՞ս արձագանքեցին Սաուդյան Արաբիա զորք ուղարկելու որոշմանը

Իշխանությունն ու վերջինիս աջակիցները Մեքքայի դաշինքն ու Սաուդյան Արաբիային ռազմական աջակցությունը ներկայացնում են որպես տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու և իսլամական աշխարհի համերաշխությունն ամրապնդելու ռազմավարական անհրաժեշտություն։ Հաքան Ֆիդանն ու Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը շեշտում են հութիների հարձակումների զսպման անհրաժեշտությունը և այն գաղափարը, որ կողմերից յուրաքանչյուրի անվտանգությունը մյուսների հավաքական անվտանգության մաս է։

Այս մեկնաբանության մեջ Թուրքիան հանդես է գալիս ոչ թե որպես արտաքին ուժ, որը ներգրավվում է Եմենի կամ Սաուդյան Արաբիայի հակամարտությունների մեջ, այլ որպես տարածաշրջանային անվտանգության համակարգի պատասխանատու մասնակից։

Ընդդիմությունը, սակայն, հարցը բոլորովին այլ կերպ է տեսնում։ Ընդդիմադիր կուսակցությունները կոշտ քննադատում են Թուրքիայի՝ Մերձավոր Արևելքի ռազմական և կրոնական հակամարտությունների անմիջական կողմ դառնալու վտանգը։ Որոշ ընդդիմադիր գործիչներ այդ քաղաքականությունը բնութագրում են որպես «արկածախնդրություն»՝ պնդելով, որ Թուրքիան կարող է ներքաշվել տարածաշրջանի նոր ռազմական ճգնաժամերի մեջ։

Հատկապես սուր է հնչում նաև խորհրդարանական վերահսկողության հարցը։ CHP-ի պատգամավոր Նամըք Թանը հարցականի տակ է դրել համաձայնագրի իրավական հիմքը՝ քննադատելով այն, որ նման ռազմական պարտավորությունների շրջանակն ու հնարավոր զորքերի տեղակայման գործընթացը, ընդդիմության պնդմամբ, բավարար թափանցիկությամբ և խորհրդարանական վերահսկողությամբ չեն իրականացվում։

Այս ֆոնին ուշագրավ է նաև ընդդիմադիր հայացքներով թուրք լրագրող Հյուսեին Գյունալի արձագանքը։ Նա քննադատել է Թուրքիայի կողմից Սաուդյան Արաբիա ռազմական ուժեր ուղարկելու որոշումը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ այդ քայլը դրական արձագանք է ստացել ԱՄՆ-ում։

Գյունալն իր X-ի գրառմանը կցել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ջո Ուիլսոնի հայտարարությունը։ Վերջինս «Մեքքայի պաշտպանական դաշինքը» ներկայացրել է որպես կառույց, որն ունի «Մերձավոր Արևելքի ՆԱՏՕ» դառնալու ներուժ, և երախտագիտություն է հայտնել Թուրքիային, Պակիստանին ու Սաուդյան Արաբիային՝ հութիների դեմ դաշինքը գործի դնելու համար։

Այս գնահատականը, անկախ նրանից՝ այն որքանով է արտահայտում ամբողջ Վաշինգտոնի դիրքորոշումը, կարևոր է մեկ այլ պատճառով։ Այն ցույց է տալիս, որ Մեքքայի դաշինքը կարող է դիտարկվել ոչ միայն որպես երեք մուսուլման պետությունների պաշտպանական համաձայնություն, այլև որպես Մերձավոր Արևելքում անվտանգության նոր բազմակողմ հարթակի ձևավորման հնարավորություն։

Ի դեպ, հենց Թուրքիայի իշխանական մեկնաբանությունն էլ համաձայնագիրը կապում է «Առանց ահաբեկչության տարածաշրջան» նպատակի հետ։ Թուրքիայի պաշտոնական աղբյուրները համաձայնագիրը բնութագրել են որպես այդ նպատակին նպաստող քայլ՝ միաժամանակ ընդգծելով, որ այն չի թիրախավորում որևէ կոնկրետ պետության։

Ռազմական ներգրավվածության մյուս կողմը․ Մեքքայի դաշինքի շրջանակում Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելու որոշումը Թուրքիայում նաև անվտանգության հնարավոր ռիսկերի տեսանկյունից է գնահատվում։ Թուրքիայի ռազմածովային ուժերի պաշտոնաթող կոնտրադմիրալ Յանք Բաղջըօղլուն զգուշացրել է, որ եթե Թուրքիան Եմենում անցնի հարձակողական գործողությունների կամ անմիջականորեն ներգրավվի ռազմական բախման մեջ, չի կարելի բացառել թուրքական ստորաբաժանումների և Թուրքիայի հետ կապ ունեցող առևտրային նավերի՝ հութիների հարձակումների թիրախ դառնալու վտանգը։

Բաղջըօղլուն ուշադրություն է հրավիրել նաև հութիների և Սոմալիում գործող «Աշ Շաբաբ» ահաբեկչական կազմակերպության միջև զենքի, լոգիստիկայի և տեխնիկական համագործակցության վերաբերյալ բաց աղբյուրներում առկա տեղեկությունների վրա։ Նրա գնահատմամբ՝ այս հանգամանքը պետք է հաշվի առնել հատկապես Սոմալիում և Ադենի ծոցում Թուրքիայի ռազմական, տնտեսական և ծովային առևտրային շահերի պաշտպանության տեսանկյունից։

Այս դիտարկումը կարևոր է, քանի որ ցույց է տալիս Մեքքայի դաշինքի հնարավոր հետևանքների մյուս կողմը․ Սաուդյան Արաբիայի անվտանգության ապահովման նպատակով Թուրքիայի ռազմական ներգրավվածությունը կարող է անվտանգության նոր ռիսկեր ստեղծել նաև հենց Թուրքիայի համար։ Եթե Անկարայի ներկայությունը սահմանափակվի դաշինքային զսպման և պաշտպանական աջակցության շրջանակում, դրա բնույթը մեկ բան է, իսկ Եմենի հակամարտության մեջ ուղղակի ռազմական մասնակցության վերածվելու դեպքում՝ բոլորովին այլ։

Սաուդյան Արաբիան՝ Անկարայի նոր անվտանգության աշխարհագրության մեջ

Այս ամենի մեջ ամենաէական փոփոխությունը, թերևս, աշխարհագրական է։

Թուրքիան վերջին տարիներին ռազմական ներկայություն է ունեցել Սիրիայում և Իրաքում, ակտիվորեն ներգրավվել է Լիբիայի գործընթացներում, ընդլայնել է իր ռազմական և պաշտպանական համագործակցությունը Կատարի, Պակիստանի և այլ գործընկերների հետ։ Այժմ այդ անվտանգության աշխարհագրության մեջ առանձնահատուկ տեղ է ստանում Սաուդյան Արաբիան։

Սա կարևոր է նաև այն պատճառով, որ Սաուդյան Արաբիան Մերձավոր Արևելքի սովորական գործընկեր չէ։ Այն Պարսից ծոցի առանցքային պետություններից է, իսլամական աշխարհի ամենակարևոր կենտրոններից մեկը և տարածաշրջանային ուժային հավասարակշռության հիմնական դերակատարներից։

Ուստի թուրքական ռազմական ներկայությունը Սաուդյան Արաբիայում, եթե այն վերածվի երկարաժամկետ մեխանիզմի, իր նշանակությամբ շատ ավելի լայն կլինի, քան հութիների կոնկրետ հարձակումներին տրված պատասխանը։

Այն կարող է նշանակել, որ Անկարան փորձում է իր համար նոր դեր սահմանել՝ ոչ միայն Թուրքիայի սահմանների անվտանգությունն ապահովող, այլև տարածաշրջանային անվտանգության համակարգեր ձևավորող և դրանց ռազմական բաղադրիչը ապահովող պետության դերում։

Մեքքայի համաձայնագիրը հենց այս պատճառով արժե դիտարկել ոչ թե մեկ ռազմական ճգնաժամի շրջանակում, այլ Թուրքիայի արտաքին քաղաքականության ավելի լայն վերափոխման համատեքստում։ Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջև նախկինում առանձին զարգացող երկկողմ հարաբերություններն այժմ միավորվում են մեկ ընդհանուր ռազմավարական հարթակում։

Պետք է նշել, որ այս համաձայնագիրը Թուրքիայի համար կարևոր է ոչ միայն այն պատճառով, որ այն ամրապնդում է Անկարայի և Էր Ռիադի ռազմավարական կապերը։ Դրա առավել կարևոր հետևանքն այն է, որ համաձայնագրի շրջանակում Թուրքիան պատրաստ է իր ռազմական ուժերը տեղակայել Սաուդյան Արաբիայում։ Այս քայլով Անկարան դաշինքային պարտավորությունը վերածում է իրական ռազմական ներկայության և իր անվտանգության քաղաքականության աշխարհագրությունն ընդլայնում է մինչև Պարսից ծոցի տարածաշրջան։

Սակայն զինուժի տեղակայումը միաժամանակ նշանակում է նաև նոր պատասխանատվության ու ռիսկերի ստանձնում։ Թուրքական ուժերի ներգրավվածությունը կարող է սահմանափակվել Սաուդյան Արաբիայի պաշտպանությամբ, բայց եթե այն վերածվի Եմենի հակամարտության անմիջական մասնակցության, Թուրքիան կարող է հայտնվել հութիների հարվածների թիրախում՝ վտանգելով ինչպես իր զինվորականներին, այնպես էլ տարածաշրջանում ունեցած տնտեսական և ծովային շահերը։

Հետևաբար, Մեքքայի համաձայնագիրը պետք է դիտարկել որպես Թուրքիայի տարածաշրջանային հավակնությունների և դրանց հնարավոր հետևանքների կարևոր հանգրվան։ «Առանց ահաբեկչության տարածաշրջան» գաղափարը այս դեպքում առաջին անգամ ստանում է հստակ ռազմական չափում, իսկ թուրքական զորքերի հայտնվելը Սաուդյան Արաբիայում ցույց է տալիս, որ Անկարան պատրաստ է այդ նոր դերակատարությունն ամրապնդել ոչ միայն քաղաքական հայտարարություններով, այլև ռազմական ներկայությամբ։

Աղբյուր՝ Ermenihaber.am