|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Հոկտեմբերի 8-9-ը Հայաստանի ազգային գրադարանում կանցկացվի «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային գիտաժողովը՝ նվիրված հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 360-ամյակին։
«Այս տարի գիտաժողովն առանձնահատուկ խորհուրդ ունի․ լրանում է 1666 թվականին Ամստերդամում հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի տպագրության սկզբի 360-ամյակը։ Եթե 360 տարի առաջ տպագրությունը նոր հնարավորություն էր լեզվի, մշակույթի և գիտելիքի պահպանման ու տարածման համար, ապա այսօր՝ արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների զարգացման պայմաններում, նույն առաքելությունը նոր մարտահրավերներ և հնարավորություններ է առաջադրում մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող հաստատություններին»,- նշում են Հայաստանի ազգային գրադարանից։
Հաղորդվում է, որ գիտաժողովին կմասնակցեն աշխարհի 22 երկրներից ավելի քան 110 մասնակիցներ, որոնցից 98-ը հանդես կգան մասնագիտական զեկուցումներով։
Երկօրյա գիտաժողովի աշխատանքները կանցկացվեն զուգահեռ նիստերի և աշխատարանների ձևաչափով՝ Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքի տարբեր սրահներում։
Գիտաժողովի մասնագիտական քննարկումները կընդգրկեն Աստվածաշունչը՝ որպես մշակութային ժառանգություն, Սփյուռքի ժառանգության պահպանումն ու հանրահռչակումը, ժառանգության թվային փոխակերպումը, ազգային տպագիր և վիզուալ ժառանգության պահպանումն ու հանրահռչակումը, մասնագիտական զարգացումն ու կառավարումը, լեզուն՝ ազգային ժառանգության պահպանման համատեքստում, ինչպես նաև փաստաթղթերի պահպանության, խնամքի և վերականգնման արդի խնդիրները։
Առանձին քննարկումներ կնվիրվեն ԱՊՀ երկրների գրադարաններում ազգային ժառանգության պահպանության և հանրահռչակման փորձին։
Ծրագրի շրջանակում նախատեսված են նաև մասնագիտական աշխատարաններ։ Գիտաժողովի շրջանակում թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում կբացվի թեմատիկ ցուցադրություն, որտեղ կներկայացվեն տարբեր տարիների Աստվածաշունչ մատյանների հնատիպ, հայատառ թուրքերեն հրատարակություններ։ Ցուցադրությունը կներկայացնի Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուում պահպանվող տպագիր ժառանգության արժեքավոր նմուշները՝ ընդգծելով դրանց պատմամշակութային նշանակությունը։
Գիտաժողովի պատվավոր խոսնակն է հայագետ, աստվածաբան, գիտնական և հոգևորական Գերապայծառ Տ. Լևոն Արք. Զէքիեանը։ Նրա երկարամյա գիտական, կրթական և մշակութային գործունեությունը նշանակալի ներդրում ունի հայագիտության զարգացման, հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրման և հանրահռչակման գործում։
«Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային գիտաժողովը նպատակ ունի ձևավորել մասնագիտական երկխոսության և միջազգային փորձի փոխանակման հարթակ՝ նպաստելով տարբեր երկրների մասնագետների միջև համագործակցության ընդլայնմանը, գիտական ու մասնագիտական կապերի ամրապնդմանը և մշակութային ժառանգության պահպանության ժամանակակից փորձի տարածմանը։
Ոսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողովը միաժամանակ հնարավորություն է վերարժևորելու հայ տպագիր ժառանգությունը։