|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․
«Երեկ մենք բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել։
2026 թ. սեպտեմբերի 27-ին ամեն ինչ արվել էր, որ մարդիկ չհիշեին Արցախը, մոռանային կորստի, արժեքների ու արժանապատվության մասին։ Այդ ստորությունը, որը սկսվել էր օրվա խորհրդի ու պատմական կարևորության ցուցադրական անտեսումով, հավելվեց ու իր վիզուալ գագաթնակետին հասավ պետական հեռուստատեսությամբ ժամանցային համերգի ցուցադրումով։
Պետք է հասկանալ, որ սա մոռացության մատնելու պարզ ակտ չէ, սա ցուցադրական արհամարհանք ու արգահատանք է Սեպտեմբեր 27-ը կարևորող հարյուր հազարավոր մարդկանց, քաղաքացիների ու սգավորների հանդեպ։ Այսպիսի վարքը գաղափարախոսության, քաղաքական ծրագրերի հետ կապ չունի։ Այն մարդկայինի ու անմարդկայինի, բարոյականի ու անբարոյականի տիրույթում է։ Որևէ նորմալ պետությունում ու հասարակությունում այսպիսի վարք ունեցողները որևէ պարագայում ոչ միայն պաշտոն, այլ հասարակական որևէ դերակատարում չէին կարող ունենալ։
Անձամբ ինձ համար, սակայն, սա միանգամայն սպասելի վարք է։ Ավելին, համոզված եմ, որ շուտով նույն ճակատագրին է արժանանալու ազգային ցանկացած խորհրդանիշ, նույնիսկ Երևանի փողոցներում դեռ հանդուրժվող ազգային պարերը։
Բայց այս գրառման բուն հասցեատերը բնավ դե-ֆակտո իշխանությունները չեն։ Ես գիտեմ, որ ինձ կարդում ու իրենց թաքուն խոհանոցներում քննարկում են բազմաթիվ լռակյաց «առաջնորդներ»՝ հանրային ու հասարակական գործիչներ, բլոգերներ, ինֆլուենսերներ։ Գիտեմ նաև, որ վախը ու հարմարվողականությունը նրանցից շատերին դարձրել է նույնիսկ չարիքն «արդարացնող»։ Բայց նույնիսկ այդպիսի կեցվածքում պետք է մնացած լինի մի քիչ մարդկություն ու բարոյականություն։ Լռել, ու այդպիսով անուղղակի մասնակցել այս ամենին, ձեզ դարձնում է նաև հանցակից։ Քաղաքականից անդին կա մարդկայինը. երեկ հարված է հասցվել մեր մարդկային արժեքին։
Ա. Սոլժենիցինը իր հայտնի էսսեներից մեկում՝ «Ապրել առանց ստի» գրում էր. «Մեր ազատագրության ամենահասանելի բանալին ստին մեր անձնական չմասնակցությունն է։ Ու թեև սուտն ամեն բան ծածկել է, ամեն ինչին տիրել է, բայց գոնե դիմադրենք ամենափոքր հարցում. թո՛ղ այդ սուտը չտիրի մեր միջոցով»։
Մասնակից մի դարձե՛ք այն մեծ ստին, որ մեզ համար Արցախն ու Հայաստանի ազատագրումը արժեքներ չեն եղել, որ մեր ժողովուրդը անդեմ է ու պատրաստ նվաստացման։ Ձեր լռությամբ մի նպաստեք այդ ստի հաստատմանը։ Ի վերջո, թույլ մի՛ տվեք ջնջել նրանց հիշատակը, ովքեր վերոնշյալ արժեքներին հավատալով՝ իրենց երկրային կյանքն են զոհաբերել։ Հարգե՛ք նրանց հիշատակը, պահե՛ք այն։ Դա ձեր պարտքն է, եթե կուզեք՝ առաքելությունը (Խոմսկու ասած՝ «ինտելլեկտուալների պատասխանատվությունը) այս դժնդակ օրերին ու մեր ներքին ու արտաքին ազատագրության միակ բանալին»։