կարևոր
334 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-19 14:40
Հասարակություն

Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառ Հայրապետի խոսքը՝ նորաօծ եկեղեցում

Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառ Հայրապետի խոսքը՝ նորաօծ եկեղեցում

Սեպտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի է ունեցել Կոտայքի թեմի Բյուրեղավան քաղաքի նորակառույց եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը։ Եկեղեցին կառուցվել է ռուսաստանաբնակ հայորդիներ Մխիթար և Յուրի Արոյան եղբայրների բարերարությամբ՝ ճարտարապետ Էդիկ Պողոսյանի նախագծով։

Սրբազան արարողությանը ներկա են եղել Մայր Աթոռի միաբաններ, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Կոտայքի թեմի հոգևոր սպասավորներ, մշակույթի և հասարակական գործիչներ, ինչպես նաև եկեղեցու օծման առիթով Կոտայքի մարզից ու Հայաստանի տարբեր բնակավայրերից Բյուրեղավան ժամանած բազում ուխտավորներ։

Ավանդական աղ ու հացով հանդիսավոր դիմավորումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը եկեղեցու բակում կատարել է ծառատունկ։ Ապա Նորին Սրբությունը, իր հայրապետական օրհնությունը բաշխելով ներկաներին, մուտք է գործել եկեղեցի, ուր սկսվել է օծման սրբազան արարողությունը։

Արարողության ընթացքում շարականների և սաղմոսների երգեցողությամբ ջրով ու գինով լվացվել են եկեղեցու Սուրբ Սեղանը, սյուները և մկրտության ավազանը։ Այնուհետև «Հրաշափառ» շարականի ներքո խորան է բարձրացվել Սրբալույս Մյուռոնը, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է Սուրբ Սեղանի օծումը։

Այնուհետև Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի, Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, Տ. Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանի, Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանի, Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանի, Տ. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի, Տ. Անանիա եպիսկոպոս Ծատուրյանի և Տ. Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանի ձեռմաբ օծվել են խորանի սյուները, մկրտության ավազանը և եկեղեցու մնացյալ սյուները։

Աղոթքներից և սուրբգրային ընթերցվածքներից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը նորակառույց եկեղեցին կոչել է Սուրբ Աստվածածնի անունով։

Եկեղեցու օծման բերկրալի առիթով Հայոց Հայրապետն իր հայրական պատգամն ու օրհնությունն է բերել հավատացյալ ժողովրդին։

Նորին Սրբությունը գոհություն է մատուցել  Աստծուն՝ Բյուրեղավանի բնակիչների համար երկար սպասված աստվածօրհնյալ ձեռնարկի իրագործման առիթով։ Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ հավատքով են կառուցվում և նվիրագործվում Տիրոջ վկայարանները, որոնց շուրջ հավատացյալների համախմբմամբ ամրապնդվում է հոգևոր միասնությունը, զորանում են հավատը, հույսն ու սերը, և առավել պայծառանում է Սուրբ Եկեղեցին։

«Եկեղեցին Աստծո տունն է, որտեղ միավորվում են երկրայինն ու երկնայինը, ժամանակավորն ու հավիտենականը։ Սրբազան այս վայրում մարդը հանդիպում է իր Արարչին, աղոթքով խոսում Նրա հետ, հոգու խաղաղություն գտնում և ուժ ստանում ընթանալու փրկության ճանապարհով։ Դրա համար է սաղմոսերգուն Աստծո տաճարի մասին հիացմունքով բարձրաձայնում. «Տե՛ր, սիրեցի Քո տան վայելչությունը և Քո փառքի բնակության վայրը» (Սաղմ. 25.8)»,– ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Անդրադառնալով հայրենիքի և ժողովրդի առջև ծառացած դժվարություններին ու մարտահրավերներին՝ Նորին Սրբությունը շեշտել է, որ փորձությունները հնարավոր է դիմագրավել միաբանությամբ, տոկունությամբ, հայրենանվեր ու քաջարի ոգով և առ Տերն ապավինությամբ։

«Ինչպիսին էլ լինեն նեղություններն ու խնդիրները, դրանց հանդիման գոտեպնդվնեք հույսով և անխախտ հավատով։ Միշտ ընտրենք ազնվությունը, բարությունը, ներողամտությունը և մերժենք ամեն տեսակ անարդարություն, սուտ ու անօրինություն։ Արդարև, հավատքի վեմի վրա հիմնված եկեղեցում թագավորում են միայն տերունավանդ սերը, փոխըմբռնումն ու համերաշխությունը՝ ապրելու ազնիվ հանձնառությամբ և նվիրյալ ծառայությամբ առ Աստված, ազգն ու հայրենին»,– պատգամել է Հայոց Հայրապետը։

Դիմելով բյուրեղավանցիներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրաբար հորդորել է շեն պահել նորակառույց եկեղեցին՝ մշտահունչ աղոթքով, կանոնավոր այցելություններով, հոգատարությամբ ու սիրով պայծառացնելով Աստծո տունը։

Եկեղեցու օծման ուրախալի առիթով Վեհափառ Հայրապետն իր հայրապետական բարձր գնահատանքն ու բարեմաղթանքներն է բերեց նվիրյալ բարերարներ Մխիթար և Յուրի Արոյան եղբայրներին՝ ընդգծելով, որ նրանք իրենց եկեղեցաշեն գովելի վաստակին հավելել են ևս մեկ աստվածահաճո և նշանակալի իրագործում։ Նորին Սրբությունը գնահատանք է հայտնել  նաև եկեղեցու ճարտարապետ տիար Էդիկ Պողոսյանին, համայնքի ղեկավար տիար Հակոբ Բալասյանին և գովարժան ձեռնարկին իրենց զորակցությունը բերած բոլոր անձանց։

Նորին Սրբությունը նաև շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է հղել Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանին, ով առողջական պատճառով ի վիճակի չեղավ մասնակցել եկեղեցու օծման սրբազան արարողությանը։

Ապա Վեհափառ Հայրապետը հորդորել է, որ մարզային և քաղաքային իշխանություններն աջակից լինեն թեմում սպասավորող հոգևորականներին և նպաստեն նորաօծ եկեղեցու կարևոր առաքելության բարվոք իրականացմանն ու արդյունավորմանը։

Խոսքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոս հայցել է, որ Ամենակալ Տերը Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ Իր ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո պահպանի հավատավոր ժողովրդին և նորաօծ եկեղեցին, խաղաղություն պարգևի ողջ աշխարհին և հայրենի երկրին, ապահով ու անվտանգ կյանք՝ համայն հայ ժողովրդին ի Հայաստան և ի սփյուռս։

Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման առիթով Նորին Սրբությունը եկեղեցուն ընծայել է Սուրբ Ծննդյան սրբապատկեր՝ որպես մշտաբուխ աղբյուր Սուրբ Էջմիածնից բաշխվող օրհնության, իսկ Արոյան եղբայրներին շնորհեց Հայրապետական օրհնության գրեր։

Այնուհետև նորաօծ եկեղեցում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Բառնաուլ քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Մաշտոց քահանա Հակոբյանի ձեռամբ։