կարևոր
1108 դիտում, 52 րոպե առաջ - 2026-09-15 15:33
Քաղաքական

Քրիստինե Վարդանյանը ոչ միայն վերջին դաշնակցականը չի լինելու, այլև մինչև խոր ծերություն բացատրելու է, թե ինչպես մնալ երկրի և կուսակցության նվիրյալ․ քաղաքագետ

Քրիստինե Վարդանյանը ոչ միայն վերջին դաշնակցականը չի լինելու, այլև մինչև խոր ծերություն բացատրելու է, թե ինչպես մնալ երկրի և կուսակցության նվիրյալ․ քաղաքագետ

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է․

«Քրիստինե Վարդանյանը ոչ միայն վերջին դաշնակցականը չի լինելու, այլև մինչև խոր ծերություն ՀԵՄ-ի, «Նիկոլ Աղբալյանի», «Զավարյանի» ու «Նոր Սերնդի» երիտասարդ դաշնակցականների սերունդներին վերջին ՔՊ-ական և ոչ միայն ՔՊ-ական քաղաքական էքսպոնատների օրինակով բացատրելու է և սովորեցնի, թե ինչպես մնալ երկրի և կուսակցության նվիրյալ, երբ այլևս պաշտոն չկա, և ինչպես հարատևել, երբ հավատարմության դիմաց այլևս ոչինչ չեն բաժանում։

Եվ այդպես 1890 թվականից մինչև այսօր, արդեն շուրջ 136 տարի:

Կան և դեռ շատ կլինեն տարբեր արխիվացված կուսակցական ծեր և վերջին քաղաքական էքսպոնատներ և կա ՀԱՅ Հեղափոխական Դաշնակցության նոր ու նոր սերնդի հազարավոր լուսավոր ու ձիգ երիտասարդներ: Եվ թող էդպես էլ լինի ևս մի 136 տարի:

P.S. Էս գրառումը ՀՅԴ-ի մասին չէ: Էս գրառումը քոնին տեր կանգնելու մասին է, լինի վատը, թե լավը, բայց քոնի մասին է: Օտարապաշտությանից վատ բան մեկ էլ օտարամոլությունն է»:

Հիշեցնենք՝ այսօր Ազգային Ժողովում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու՝ Կառավարության անդամի երդման տեքստը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին օրենքի նախագծի քննարկումը վերածվեց քաղաքական բախման։ ՔՊ-ական Արման Եղոյանն, անդրադառնալով երդման տեքստի «Հանուն Հայաստանի հարատևության, անկախության և ինքնիշխանության» դրույթին, քննադատությամբ հարձակվեց ՀՅԴ-ի վրա՝ հայտարարելով, թե այդ նպատակների համար անհրաժեշտ է «դաշնակցականությունն արմատախիլ անել հայ քաղաքական մտքից» և հավելեց, որ «Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը»։

Ի պատասխան՝ Քրիստինե Վարդանյանը նշեց․ «Ինչքան էլ տարօրինակ լինի, պարո՛ն Եղոյան, շնորհակալություն ձեր անկեղծության համար, շնորհակալություն ձեր դիմակները պատռելու համար, որովհետև դուք ինչքան պայքարեք դաշնակցականության և Դաշնակցության դեմ, Դաշնակցությունը այնքան ուժեղանալու է։ Դուք այս ամբիոնից ունեցաք բառացիորեն և տառացիորեն ֆաշիստական ելույթ: Այո՛, ինչպես թուրքերն էին ուզում աշխարհում թողնել մի հայ՝ այսպես օրինակ, որ տենց բան եղել է, դուք բառացի նույնը կրկնեցիք, բառացի։ Բայց ինչպես թուրքերը իրենց ծրագրում չեն հաջողել, նույնը չեք հաջողելու դուք: Ես մի տերմին եմ մտածել ձեզ համար, որը, կարծում եմ, ձեզ ամենալավն է բնութագրում․ դուք երիտբոլշևիկներ եք: Դուք երիտբոլշևիկներ եք, դուք ունեք նույն թիրախները, ինչ որ երիտթուրքերը, և նույն գործիքակազմը, ինչ որ բոլշևիկյան մտածողությունը: Շնորհավորում եմ, կարող եք այսուհետ ձեզ դիմել որպես երիտբոլշևիկներ: Եվ իրականում, գիտեք, 135 տարվա ընթացքում որքան արմանեղոյաններ են եղել, ձեզնից ավելի մեծ ուժեր են պայքարել Դաշնակցության դեմ: Փորձե՛ք, փորձե՛ք, կրկնում եմ, դուք դրանով միայն մեզ ուժեղացնում եք»։