|
Փոխարժեքներ
10 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.89 |
| EUR | ⚊ | € 423.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.2891 |
| GBP | ⚊ | £ 492.6 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության համար վարչապետի աշխատակազմն այս տարի ավելի շատ գումար է նախատեսել․ ասել է թե՝ հերոսի գինն այս տարի ավելի թանկ է։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ «Մեր ժամանակների հերոսը» նախագծի և մրցանակաբաշխության անցկացման համար այս տարի տրամադրվել է 143 միլիոն 997 հազար դրամ, մինչդեռ նախորդ տարի տրամադրվել էր 130 միլիոն 600 հազար դրամ։
Պայմանագիրը կնքվել է «Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ՍՊ ընկերության հետ։ Ուշագրավն այն է, որ անցկացվել է բաց մրցույթ, որին մասնակցել է միայն այս ընկերությունը։ Նշենք նաև, որ նախորդ տարի ևս բաց մրցույթով այս ընկերությունն էր հաղթել ու կազմակերպել միջոցառումը։ Վերը նշված գումարից ընկերության հոնորարը կազմելու է 7 միլիոն 450 հազար դրամ։
Եթե նախորդ տարի՝ 2025 թվականին, միջոցառումն իրականացվել էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ապա այս տարի նախատեսվում է այն անցկացնել «Մերիդիան» էքսպո կենտրոնում։
Պայմանագրում նշված է, որ միջոցառումն անցկացվելու է 2026 թվականի դեկտեմբերի վերջին, տևելու է 2 ժամ և նախատեսված է լինելու առավելագույնը 1200 անձի համար։ Միջոցառումը տեսանկարահանվելու և եթեր է հեռարձակվելու Հանրային հեռուստաընկերության կողմից 2027 թվականի հունվարի 1-ին։ Վերը նշված ընկերությունը պետք է պատրաստի 13 հաղթողների մասին կարճ ֆիլմեր՝ յուրաքանչյուրը 1 րոպե տևողությամբ, և միջոցառման մասին պատմող 3 րոպեանոց ֆիլմ։
Ընկերությունը պարբերաբար հաղթում է խոշոր մրցույթներում։ Այն հիմնադրվել է 2010 թվականին, իսկ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ սեփականատերը Աշոտ Առաքելյանն է։
Ինչ վերաբերում է միջոցառմանը, նշենք, որ այն անցկացվում է 2019 թվականից․ այս տարվա մրցանակաբաշխությամբ կփորձեն մեծարանքի արժանացնել և խրախուսական մրցանակներ շնորհել ՀՀ մի շարք քաղաքացիների։ Մրցանակաբաշխության էությունը վերցված է Փաշինյանի քարոզչական թեզից՝ «Եվ այդ մեկ մարդը Դո՛ւ ես»։ Մրցանակաբաշխությունը, կարծես, բավականաչափ քաղաքականացված է լինելու։ Պայմանագրի համաձայն՝ հասարակության լայն շերտերին փորձելու են հասցնել այն միտքը, որ մարդը ոչ թե որևէ այլ մեկից է աշխատատեղ կամ այլ միջոց ակնկալում, այլ ինքն է ստեղծում այդ միջոցն ու հմտությունը՝ ոչ միայն իր, այլև ուրիշների համար, ինչպես նաև հարկեր է վճարում։