կարևոր
685 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-09 10:58
Հասարակություն

Զինված հետապնդում՝ «Բյուրեղ» թաղամասում

Զինված հետապնդում՝ «Բյուրեղ» թաղամասում

Աշոտ Արսենյանին պատկանող «Բյուրեղ» թաղամասում ուշագրավ և միաժամանակ մտահոգիչ միջադեպ է արձանագրվել։ «Իշխանություն» լրատվականի ձեռքի տակ հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է ավտոմատով զինված քաղաքացին վազում մեկ այլ քաղաքացու հետևից՝ ընթացքում հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ։

Ուշագրավ է, որ նորակառույց «Բյուրեղ» թաղամասում անվտանգության այդ մակարդակն է, որ քաղաքացին կարող է ավտոմատով վազել մեկ այլ քաղաքացու հետևից։ Իսկ եթե այդ ընթացքում զենքից կրակոց արձակվե՞ր։ Ո՞վ էր երաշխավորելու, որ գնդակի թիրախում չէր հայտնվի դեպքի հետ որևէ կապ չունեցող բնակիչ կամ պատահական անցորդ։

ՆԳՆ-ից «Իշխանություն» լրատվականը տեղեկացավ, որ դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ: Ավտոմատով քաղաքացուն հայտնաբերել են:

«Սեպտեմբերի 4-ին օպերատիվ տեղեկություն ենք ստացել, որ Արշակունյաց պողոտայում երկու քաղաքացի վիճաբանել են, տղամարդկանցից մեկը մեքենայի բեռնախցիկից հանել է հրազենին նմանվող առարկա, հնչեցրել է հայհոյանքներ, կրակոցներ չեն եղել: Ինքնությունը պարզել ենք, բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացին ներկայացել է, ձերբակալել ենք»,- ասաց Նարեկ Սարգսյանը:

Ահա ամբողջ պատկերը մեր երկրում տիրող «խաղաղության» և անվտանգ միջավայրի մասին: