|
Փոխարժեքներ
04 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հետք»-ը գրում է։
«Հաշվեքննիչ պալատը հրապարակել է Կառավարության «Հողերի կոնսոլիդացիա» ծրագրի իրականացման հաշվետվությունը։ Ծրագրով նախատեսվում էր միավորել մասնատված գյուղնշանակության հողերը՝ դրանց նպատակային և արդյունավետ օգտագործումը խթանելու, չօգտագործվող հողերը շրջանառության մեջ դնելու նպատակով։ 2023-2025 թթ.-ին նախատեսվել էր ﬕավորել 1363 հեկտար հող։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ փաստացի ﬕավորվել է 0 հեկտար։
««Հաշվեքննությամբ արձանագրվեց, որ հողերի կոնսոլիդացիային ուղղված պետական քաղաքականության ﬕջոցառուﬓերի կատարման ընթացքում չեն ապահովվել նախատեսված նպատակներն ու ակնկալվող արդյունքները»,- ասվում է Հաշվեքննիչ պալատի (ՀՊ) հաշվետվության մեջ:
Կառավարությունը ծրագիրը հաստատել էր 2021-ի օգոստոսին (N 1363-Ա որոշում), այն մեկնարկել է 2023-ին։ Ծրագրի իրականացման պատասխանատու էկոնոմիկայի նախարարությունը հողերը միավորելու անհրաժեշտությունը հիմնավորել է նրանով, որ հողի սեփականաշնորհման արդյունքում ձևավորվել էր շուրջ 338 հազար գյուղացիական տնտեսություն՝ բավական փոքր և մասնատված հողաբաժնով։ Գյուղացիական տնտեսությունների 45 %-ը կազմված են երեք և ավելի հողամասերից, իսկ 20 %-ը՝ հինգ և ավելի հողամասերից:
«Հողամասերի փոքր չափերն ու մասնատվածությունը խիստ բացասական ազդեցություն են ունենում արդյունավետ օգտագործման և տնտեսությունների ստացած եկամուտների վրա: Փոքր, մասնատված հողակտորներում գյուղատնտեսական գործունեություն ծավալելը կապված է մեծ դժվարությունների, երբեմն էլ՝ անհաղթահարելի խոչընդոտների հետ, ինչն էլ հաճախ հողերը չմշակելու պատճառ է դառնում»,– ասվում է նախարարության հիմնավորումների մեջ։
Նախարարությունը ծրագրով պլանավորել էր շուրջ 400 հեկտարով նվազեցնել չօգտագործվող հողերի քանակը։ Նրանց կարծիքով՝ փոքր հողակտորները միավորելը կնպաստի՝
–գյուղնշանակության հողերի բերրիությանը,
–ջրավազաններով ապահովված ոռոգելի հողատարածությունների ավելացմանը,
–տնտեսվարողների եկամուտների աճին՝ 2-3 անգամ,
–մշակվող հողատարածքներում ներդրուﬓերի ծավալների ավելացմանը,
–ﬕավորված հողամասում գյուղատնտեսական տեխնիկայի և աշխատուժի ծախսերի կրճատմանը՝ առնվազն 11%-ով,
–հողերի շուկայի զարգացմանը և այլն։
Հաշվեքննիչ պալատը հայտնում է, որ Էկոնոմիկայի նախարարությունը «ՀՀ–ում գյուղնշանակության հողերի ﬕավորմանը (կոնսոլիդացիային) աջակցություն» ﬕջոցառմամբ վերը նշված արդյունքներից ոչ մեկը չի ապահովել։ 2023–2025թթ.–ին նախարարությունը ծրագրին մասնակցելու 25 հայտ է ստացել։ Շահառուների հետ փոխհատուցում տրամադրելու պայմանագրեր են կնքել, սակայն որևէ շահառուի փոխհատուցում չի տրամադրվել, քանի որ ծրագրի պայմաններին չեն բավարարել։
Ծրագրի կատարողականն ապահովելու համար նախարարությունը ﬔղմացրել է սահմանված դրույթները։ 2023թ․-ի մայիսին կատարված փոփոխությամբ ﬕավորվող հողատարածքի նվազագույն մակերեսը 30 հեկտարի փոխարեն սահմանվել է 10 հեկտար։ 2024թ․–ի հունիսին կրկին փոփոխվել է նվազագույն մակերեսն ապահովելու պահանջը՝ սահմանվել է 5 հեկտար։ Այս դեպքում պետական աջակցությունը տրամադրվելու էր փոխհատուցման պայմանագիրը կնքելուց հետո ձեռք բերված առանձին գույքային ﬕավոր հանդիսացող հողամասերի կադաստրային արժեքի 30 %-ի չափով։
2025թ․–ի նոյեմբերին ﬕավորված հողամասի նվազագույն մակերեսը նվազեցվել է ﬕնչև 3 հա, իսկ պետական աջակցության չափն ավելացվել է ﬕնչև հողամասերի կադաստրային արժեքի 50 %-ը։ Միաժամանակ, ծրագրի իրականացման ժամկետը երկարաձգվել է ﬕնչև 2026թ․–ի տարեվերջ։
Էկոնոﬕկայի նախարարությունը ՀՊ–ին հայտնել է, որ 2026թ․-ին փոխհատուցման համար երկու դիմորդ է եղել։ Նրանցից մեկը՝ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արտիﬔտ բնակավայրում ﬕավորել է 16 կտորից բաղկացած, 5.94 հա ընդհանուր մակերեսով հողատարածք (հնարավոր փոխհատուցման գումարի չափը կազմում է 11 մլն 103 հազար դրամ)։ Երկրորդ շահառուն Արարատի մարզի Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ﬕավորել է 5 կտորից բաղկացած, 4.26 հա ընդհանուր մակերեսով հողատարածք (հնարավոր փոխհատուցման գումարի չափը կազմում է 17 մլն 500 հազար դրամ)։ ՀՊ–ն տեղեկացնում է, որ ներկայումս նախարարությունը դիմորդների փաստաթղթերն է ուսուﬓասիրում, ծրագրի պահանջներին համապատասխանության դեպքում այդ անձանց կփոխհատուցեն նշված չափերով:
Նույն ծրագրի «Հողային բարեփոխուﬓերի փորձնական ծրագիր» ﬕջոցառման շրջանակում 2023 և 2024 թվականներին հողեր պետք է գնեին։ ՀՊ-ն ծրագրի այս միջոցառումը նույնպես ձախողված է համարում։ Միայն 2023թ․-ին պլանավորված էր 130 հեկտար հողակտոր ձեռք բերել, որը չի հաջողվել։ Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում ավելի քան 50 մլն դրամով ձեռք է բերվել 39 հողակտոր՝ 11.4 հա ընդհանուր մակերեսով, որոնք հետագայում ﬕավորվել էին և ձևավորվել էր 15 հողակտոր։
«Այդ նպատակի համար 2023թ. պետական բյուջեով նախատեսված 650 մլն դրաﬕց ծախսվել է 50 մլն 87 հազար դրամը (7.7 %), որի պայմաններում չեն ապահովվել ակնկալվող արդյունքները»,- հայտնում է ՀՊ-ն։
Հաշվեքննիչ պալատը պարզել է նաև, որ 2023թ.-ին պետական բյուջեից ծրագրին հատկացված 350 մլն դրամից մոտ 11 մլն դրամի դրամարկղային ծախս է կատարվել, որի նպատակն անհայտ է։ «Ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշի (բարելավված հողերի, չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի շրջանառության ﬔջ ներառման) մասով կատարողական չի արձանագրվել: Նշված մոտ 11 մլն դրամը 2025թ. տարեկան հաշվետվությամբ դեռևս ձևակերպված է եղել որպես դեբիտորական պարտք։ Ըստ Էկոնոﬕկայի նախարարության, քայլեր են ձեռնարկվում դեբիտորական պարտքը վերադարձնելու ուղղությամբ»,- հայտնում է ՀՊ-ն:
Այս գործողությունը, անարդյունավետության պատճառով, 2023թ․ դեկտեմբերին դադարեցվել է։
Հաշվեքննիչ պալատը վերլուծել է նաև ծրագրի անարդյունավետության պատճառները։ «Նախարարությունը հողերը միավորելու գործընթացի իրավական կարգավորման ուղղությամբ նախաձեռնություններ է իրականացրել, սակայն հաշվեքննության ավարտի դրությամբ ոլորտը շարունակում է գործել առանց համապատասխան օրենքով սահմանված կարգավորումների»,- հայտնում է ՀՊ-ն։ Էկոնոմիկայի նախարարությունը Պալատին հայտնել է, որ 2020թ․-ին մշակվել և շրջանառվել է օրենքի նախագիծ, սակայն որոշում է կայացվել ընթացք չտալ դրան։ Նախարարության տեղեկացմամբ՝ որոշումը պայմանավորված էր երկրում ռազմական դրությամբ և համավարակով։
Այսինքն՝ Կառավարությունը 2023թ․-ից իրականացնում է մի ծրագիր, որի համար պետական բյուջեից միլիարդներ էր նախատեսել հատկացնել, բայց առանց օրենսդրական հիմնավորման։ Այդուհանդերձ, ձախողված ծրագրով ավելի քան 61 մլն դրամի ծախս են կատարել, և ինչպես ՀՊ-ն է հայտնում՝ ծրագրային արդյունքներ չունենալով։
Հողերի միավորման ծրագիրը Կառավարության 2021-26թթ․-ի ծրագրի գյուղատնտեսության ոլորտի համար նախատեսված 19 նպատակներից մեկն է։ Հաշվեքննիչ պալատը դեռևս չի անդրադարձել, թե ինչպիսի կատարողական ունեն մյուս նպատակների իրագործմանն ուղղված ծրագրերը։ Առհասարակ, պետական այս կառույցը չափազանց պասիվ է իր տարեկան ծրագիրն իրականացնելու հարցում։ Պլանավորած ստուգումները մի տարուց մյուսն է տեղափոխում՝ առանց բացատրությունների, առանց հիմնավոր պատճառաբանությունների»,-գրում է կայքը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։