|
Փոխարժեքներ
21 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.16 |
| EUR | ⚊ | € 427.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.3711 |
| GBP | ⚊ | £ 498.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2026թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։
Այսպես.
Արտաքին առևտրի զարգացումներն էլ ավելի են խորացնում տնտեսական աճի կայունության վերաբերյալ մտահոգությունները։ Առաջին կիսամյակում դոլարային արտահայտությամբ արտահանումը նվազել է 6.7%-ով, ներմուծումը աճել է 4%-ով, մինչդեռ ներմուծման իրական ծավալը նվազել է 10.3%-ով։ Արդյունքում արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը վատթարացել է 21.6%-ով:
Հատկանշական է, որ 20.9%-ով կրճատվել է առևտրաշրջանառությունը ՀՀ ամենախոշոր առևտրային գործընկեր ՌԴ-ի հետ. նվազել են թե՛ ներմուծումը և թե՛ արտահանումը։ Ի դեպ, ՌԴ-ի կողմից սահմանափակումների կիրառման պայմաններում արտաքին առևտրի դինամիկան կարող է ավելի վատթարանալ։
Եկամուտների բարձր կատարողականն ինքնին չի կարող վկայել հարկաբյուջետային քաղաքականության բավարար արդյունավետության մասին, քանի որ դրանց գերակատարումը տեղի է ունեցել միաժամանակ պետական ծախսերի զգալի թերակատարման պայմաններում։
Արձանագրվել է կապիտալ ծախսերի խիստ ցածր կատարողական՝ ընդամենը 56.4%։ Ի դեպ, կապիտալ ծախսերը նաև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալիորեն նվազել են՝ 28.3%-ով։
Լուրջ մտահոգության տեղիք է տալիս ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ծրագրերի ցածր կատարողականը, ինչը պարզապես առանձին ծրագրերի գծով պատահական կամ տեխնիկական շեղման խնդիր չէ, այլ վկայում է բյուջետային պլանավորման, ծրագրերի իրականացման և կառավարման արդյունավետության համակարգային խնդիրների առկայության մասին։ Ստացվում է, որ պետությունը նախատեսում է ծախսեր, սակայն չի ապահովում դրանց՝ ամբողջությամբ և ժամանակին իրականացումը՝ սահմանափակելով տնտեսական աճի, ենթակառուցվածքների զարգացման և պետական քաղաքականության հայտարարված առաջնահերթությունների իրականացման վրա հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը։
Վերը նշված ռազմավարական կարևորագույն ծրագրերի գծով լուրջ թերակատարումների ֆոնին ծայրահեղ մտահոգիչ է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կտրուկ՝ 41.9%-ով աճել են «Միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացում և պաշտպանություն, դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովում» ծրագրի գծով ծախսերը (հասնելով 2.7 մլրդ դրամի, կատարողականը՝ 91.4%)։ Այդպիսի աննախադեպ աճի հիմնական պատճառը, ըստ ամենայնի, ընդդիմադիր հայացքներ ունեցող մի քանի խոշոր գործարարների հետ փոխկապակցված ընկերությունների նկատմամբ պետության՝ վերջին շրջանում լայն թափ ստացած հետապնդումներն են։
2026թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության համաձայն` բարձր տնտեսական աճի և բյուջեի եկամուտների գերակատարման հետ մեկտեղ արձանագրվել են պետական ծախսերի զգալի թերակատարում ու բյուջեից զգալի շեղումներ։ Տնտեսական աճի կառուցվածքը, արտաքին առևտրային հաշվեկշռի վատթարացումը, գնաճի պահպանվող ճնշումները, կապիտալ ծախսերի անկումը, ռազմավարական ծրագրերի ցածր կատարողականը և բյուջեի փաստացի հաշվեկշռի ծրագրից հսկայական շեղումը ցույց են տալիս, որ հիմնական անլուծելի խնդիրը շարունակում է մնալ ոչ այնքան ռեսուրսների առկայությունը, որքան պետական տնտեսական քաղաքականության և կառավարման արդյունավետության ապահովումը։ Առանց այս ուղղությամբ էական բարելավման՝ բարձր տնտեսական աճի և բյուջետային եկամուտների դրական ցուցանիշներն ինքնին չեն կարող վերածվել կայուն տնտեսական զարգացման որակական առաջընթացի։
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.luys.am/index.php?m=publicationsOne&pid=494։