|
Փոխարժեքներ
11 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.84 |
| EUR | ⚊ | € 447.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.8218 |
| GBP | ⚊ | £ 510.83 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է 2025թ. առաջին 9 ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությանը։
Մաս 1 | Տնտեսության ընդհանուր նկարագիրը, պետական բյուջեի եկամուտները և ծախսերը
2025թ. 9 ամիսներին արձանագրվել է բավական բարձր տնտեսական աճ, սակայն դրա կառուցվածքը բավական խնդրահարույց է։ Աճին հիմնականում նպաստել են ծառայությունների և շինարարության ոլորտները, մինչդեռ արդյունաբերությունում անկում է՝ պայմանավորված մշակող արդյունաբերության զգալի անկմամբ։ Արտաքին ապրանքաշրջանառության անկումը նույնպես զգալի է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 39.3%-ով պակաս։ Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը 2025թ. 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վատթարացել է 19.2%-ով` պայմանավորված ներմուծման համեմատ արտահանման ավելի մեծ անկմամբ: Արտահանումը դոլարային արտահայտությամբ նվազել է 46.8-ով, իսկ ներմուծումը՝ 33.4%-ով: Ավելին, ըստ էության տնտեսական աճը ներառական չէ։ Իրական ՀՆԱ-ի 6% աճի պայմաններում իրական աշխատավարձն աճել է ընդամենը 1.9%-ով։ Բարձր է մնում աղքատության մակարդակը։ Սպառողական և հիպոթեքային վարկերի ծավալները զգալիորեն՝ համապատասխանաբար 31.1%-ով և 30.6%-ով, աճել են, մինչդեռ բնակչության եկամուտների աճն անհամեմատ ավելի ցածր է։
2025թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն ունեցել է 2,126 մլրդ դրամ եկամուտ։ Ի տարբերություն հարկային եկամուտների և պետական տուրքերի, որոնց գծով հաջողվել է կատարել պլանը, պաշտոնական դրամաշնորհների մասով առկա է չափազանց մեծ թերակատարում` պայմանավորված նպատակային դրամաշնորհային ծրագրերի ցածր կատարողականով։ ՀՀ պետական բյուջեի այլ եկամուտներում զգալիորեն՝ 28.4%-ով աճել են իրավախախտումների համար գործադիր, դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից ստացված մուտքերը՝ հիմնականում պայմանավորված ՀՀ ներքին գործերի նախարարության գանձումների աճով։
2025թ. 9 ամիսներին պետական բյուջեի ծախսերը կազմել են 2,205 մլրդ դրամ։ Ճշտված պլանի համեմատ ծախսերի թերակատարումը 14.3% կամ 366.6 մլրդ դրամ է։ Թերակատարվել են և՛ ընթացիկ, և՛ կապիտալ ծախսերը։
Տոկոսային արտահայտությամբ կապիտալ ծախսերի թերակատարումն էապես՝ 2.7 անգամ ավելի մեծ է, քան ընթացիկ ծախսերինը։ Այսինքն՝ տնտեսության վրա ծախսերի թերակատարման բացասական ազդեցությունն իրականում շատ ավելի խոր է, քան կարող է թվալ առաջին հայացքից, քանի որ պետությունն առաջին հերթին հենց կապիտալ ծախսերով է ավելացնում տնտեսական աճի պոտենցիալը։ Կապիտալ ծախսերի գծով թերակատարումը հիմնականում պայմանավորված է «ՀՀ պաշտպանության ապահովում», «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» և «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրերի շրջանակներում իրականացված կապիտալ ծախսերի ցածր կատարողականով:
Շարունակելի…
Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ: