կարևոր
946 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-19 23:29
Հասարակություն

Էդիկ Մինասյանին ներկայացված մեղադրանքը չունի որևէ հատման գիծ որևէ քաղաքակրթության կողմից կիրառված քրեական իրավունքի հետ. Գալստյան

Էդիկ Մինասյանին ներկայացված մեղադրանքը չունի որևէ հատման գիծ որևէ քաղաքակրթության կողմից կիրառված քրեական իրավունքի հետ. Գալստյան

Փաստաբան Բենիկ Գալստյանը գրել է.

«Կարճ անդրադարձ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի «սենսացիոն տեսահոլովակին»։

Ինձ պատիվ է վիճակվել պաշտպանելու մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի երկարամյա դասախոսի, Հայոց Պատմության ամբիոնի ղեկավարի, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսորի, կարկառուն գիտնականի և աներևակայելի պարկեշտ մարդու՝ Էդիկ Գարեգինի Մինասյանին։

Պարոն Մինասյանին ներկայացված մեղադրանքը չունի որևէ հատման գիծ ժամանակակից կամ նույնիսկ մեզ երբևէ հայտնի որևէ քաղաքակրթության կողմից կիրառված քրեական իրավունքի հետ, այն չունի որևէ հատման գիծ նույնիսկ հասարակ տրամաբանության հետ, միգուցե մեղադրանքը հնարավոր լինի բացատրել քվանտային մեխանիկայի տիրույթում, բայց ես այդ գիտությունից հեռու եմ։

Մի բանի մեջ եմ վստահ. ոչ շատ հեռու ապագայում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելու է պարոն Մինասյանի անմեղությունը, իսկ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն մեկ այլ տեսահոլովակով հերքելու է անմեղության կանխավարկածի բացահայտ և կոպիտ խախտմամբ այսօր տարածված տեսահոլովակում պարոն Մինասյանի վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը։

Դատաքննությունը լինելու է հրապարակային և լիահույս եմ, որ այն լրատվամիջոցները, որոնք այսօր բավականին օպերատիվ տարածեցին հակակոռուպցիոն կոմիտեի «սենսացիոն տեսահոլովակը», նույնպիսի ջանասիրությամբ կլուսաբանեն հիշյալ դատական գործի ընթացքը»։