կարևոր
589 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-15 16:29
Հասարակություն

«Մուսիկյան» դպրոցը ժողովրդական է երգում

«Մուսիկյան» դպրոցը ժողովրդական է երգում

Երբ բեմում հնչում է հայկական ժողովրդական երգը, կենդանանում են մեր ժողովրդի հիշողությունը, հոգին և արմատները։ Հենց այս գաղափարով «Մուսիկյան» ժողովրդական և աշուղական երգի դպրոցը ներկայացրեց իր առաջին մենահամերգը՝ վերածելով այն ազգային երգարվեստի և մշակութային ժառանգության իրական տոնի։

«Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի կենդանի նվագակցությամբ դպրոցի սաները հնչեցրին հայկական ժողովրդական երգարվեստի գոհարները, ինչպես նաև Սայաթ-Նովայի, Ջիվանու, Շերամի, Հավասու, Գուսան Աշոտի և այլ մեծանուն աշուղների ստեղծագործությունները՝ ապացուցելով, որ ազգային երգը ոչ միայն անցյալի հիշողություն է, այլև ներկայի ուժն ու ապագայի վստահությունը։

Երեկոն իր ներկայությամբ օրհնեցին ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ռիմա Սարիբեկյանը, Ստեֆանի Քոչարյանը և Մավր Մկրտչյանը, որոնց մասնակցությունը դարձավ սերունդների մշակութային կապի գեղեցիկ խորհրդանիշ։

Այս համերգը պարզապես երաժշտական միջոցառում չէր. այն հավատարմության խոստում էր մեր ազգային արմատներին, խոնարհում՝ հայ երգի մեծերին և պատգամ՝ ապագա սերունդներին։ Քանի դեռ հայ երեխան երգում է Սայաթ-Նովա, Ջիվանի և Շերամ, քանի դեռ բեմում հնչում է հայկական ժողովրդական երգը, մեր ազգային ոգին շարունակում է ապրել, ստեղծագործել և հաղթել։

Մանրամասն՝ «Մուսիկյան» ժողովրդական և աշուղական երգի դպրոցի Ֆեյսբուքյան պաշտոնական էջում։