կարևոր
358 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-14 19:52
Հասարակություն

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ, Բաքվում ապօրինի պահվող Դավիթ Իշխանյանի որդին՝ Արմեն Իշխանյանը ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանում, «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողովին.

...Սիրելի գործընկերներ,

2023 թվականին Արցախի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայից, շրջափակումից և էթնիկ զտումից հետո մեր ընտանիքը տեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն։ Հայրս մեզ հետ չեկավ Հայաստան, քանի որ, իբրև պետական պաշտոնյա, պարտականություն էր զգում ապահովել քաղաքացիական բնակչության տեղափոխումը և դրանից հետո միայն մեկնել Հայաստան։

2023 թվականի հոկտեմբերի 3-ին տեղեկացանք, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, այդ թվում՝ հորս։ Ձերբակալումից միայն տաս օր անց մենք առաջին տեղեկությունները ստացանք նրանից։ Այդ ընթացքում, ինչպես նաև դրանից հետո, մեր ընտանիքն անցնում էր հոգեբանական աննկարագրելի ապրումների միջով։

Չնայած երբեմն կարճ հեռախոսազրույցներ ենք ունենում, մեր մտահոգություններն ու անհանգստությունները փարատված չեն՝ հորս առողջական վիճակի, պահման պայմանների և նրա նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ՝ հաշվի առնելով նաև Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը։

Արդեն երկար ժամանակ է մենք մշտական անհանգստության ու ծանր ապրումների մեջ ենք։ Ադրբեջանում մեկնարկած կեղծ դատավարության արդյունքում հայրս դատապարտվեց ցմահ ազատազրկման, սակայն կարծում եմ՝ կարիք չկա անդրադառնալու այդ դատավարության շինծու բնույթին։

Հայ գերիներից հայրս, Ռուբեն Վարդանյանը և Դավիթ Բաբայանը ձայնագրությունների միջոցով հայ հանրությանը փոխանցել են դատավարության կեղծ բնույթի մասին տեղեկություններ։ Դրանք հանրածանոթ են նաև այս խորհրդարանում։

Փաստորեն, միջազգային իրավունքի հիմունքներից մեկը հանդիսացող ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի իրացման պայքարի համար մարդիկ դատապարտվում են, իսկ դատապարտող պետությունը խուսափում է պատասխանատվությունից։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ընթացիկ բանակցությունները որևէ կերպ չեն անդրադառնում հակամարտության հումանիտար կողմին և չեն հանգեցրել հայ ռազմագերիների ազատ արձակմանը։ Թեև միջազգային պրակտիկայում հայտնի գրեթե բոլոր խաղաղության համաձայնագրերը հանգեցրել են առաջին հերթին հենց ռազմագերիների ազատ արձակմանը։ Ադրբեջանը հետևողականորեն խուսափում է դրանից։

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ։ Հետևաբար, Բաքվում պահվող հայ ռազմագերիներն այսօր Ադրբեջանի կողմից օգտագործվում են Հայաստանի դեմ։ Այս հանգամանքը լրջորեն հարցականի տակ է դնում իրական խաղաղության հանդեպ Ադրբեջանի հանձնառությունը...»։