|
Փոխարժեքներ
01 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.78 |
| EUR | ⚊ | € 434.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.9378 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 137.88 |
ԵՊՀ դոցենտ, պատմաբան Միքայել Մալխասյանը գրում է.
«ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՐԸ. «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ՕՐԱԿԱՐԳԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ Է (Մաս 1)
Ընդամենը իր քառորդ մասն անցնելով` 21-րդ դարն արդեն դարձել է ռազմական ծախսերի` 11 տարի անընդմեջ շարունակական աճի ցուցանիշով առաջատարը համաշխարհային պատմության մեջ` գերազանցելով 1936-1945 թթ. շարունակական աճի 10 տարվա շղթան, ընդ որում` 2022 թ. սկսած` ծավալն աննախադեպ է նույնիսկ Երկրորդ աշխարհամարտի տարիների համեմատ։ Միայն Եվրոպայում տասը տարում ռազմական ծախսերն ավելի քան կրկնապատկվել են։ Փաստորեն, 21-րդ դարը, ցավոք, կարելի է կոչել «Պատերազմի դար»։
Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) հրապարակած ապրիլյան զեկույցում նշվում է, որ 2025 թ. ռազմական կարիքների համար բոլոր պետությունների ծախսերի հանրագումարը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը` կազմելով 2.887 տրլն դոլար, ինչը 2.9%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը և կազմում համաշխարհային ՀՆԱ-ի 2.5%-ը, որը 2008-2009 թթ. համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո ամենաբարձր ցուցանիշն է։ Այդ ընթացքում ռազմական ծախսերի ամենամեծ աճը (9.7%) գրանցվել է 2024 թ.։ Աճը դանդաղել է 2025 թ., որովհետև ԱՄՆ-ն դադարեցրել է ռազմական ուղիղ ծախսերը Ուկրաինայի համար, և եթե ամերիկյան միտումը նկատի չի առնվում հաշվարկում, ռազմական ծախսերն աշխարհում շարունակել են պահպանել աճի բարձր տեմպը (9.2%)։
ԱՄՆ-ի, ՉԺՀ-ի և ՌԴ-ի ռազմական ծախսերը միասին կազմում են 1.48 տրլն $, ինչը համաշխարհային ցուցանիշի 51%-ն է։ Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի անդամ պետությունների պետական բյուջեների ծախսերում ռազմական կարիքների միջին մասնաբաժինը կազմել է 6.9%։ Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ-ի) ռազմական ծախսը 1.581 տրլն $ է, ինչը համաշխարհային ցուցանիշի 55%-ն է։
Ռազմական ծախսերով առաջին տեղում շարունակում է մնալ ԱՄՆ-ը` 954 մլրդ $ (-7.5%)։ 2022 թ. նրա ռազմական ծախսերը կազմել են 877, 2023 թ.` 916, իսկ 2024 թ.` ռեկորդային 997 մլրդ $։ 2022-2025 թթ. բյուջեի նախագծերով նախատեսվել է 127 մլրդ $ ռազմական օգնություն Ուկրաինային, սակայն հատկացվել է միայն կեսը` 65.1 մլրդ, և 2025 թ. գարնանից ուղիղ հատկացումները դադարեցվել են։ Իսրայելին այդ ընթացքում հատկացվել է խիստ կենսական երկու փաթեթ` 13 մլրդ $ 2024 թ., ևս 3.8 մլրդ` 2025 թ.։
ԱՄՆ-ն իրականացրել է ՆԱՏՕ-ի ծախսերի 60.3%-ը»։