կարևոր
661 դիտում, 9 ժամ առաջ - 2026-11-14 10:03
Քաղաքական

Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ»

Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ֆուտբոլ սիրողները, նույնիսկ չսիրողները, բայց այդ խաղի մասին տեղյակները գիտեն, որ աշխարհում կան ֆուտբոլիստներ, մարզիչներ, նույնիսկ՝ թիմեր, որոնք «հակաֆուտբոլ» են խաղում:

Ի՞նչ է դա նշանակում խաղադաշտում: Դա նշանակում է, որ նրանք անընդհատ սադրում են մրցակիցներին ու մրցավարներին, անընդհատ կանոնները խախտում են, անհարկի կոպտություններ են թույլ տալիս մրցակիցների նկատմամբ, արհամարհում են ֆուտբոլի գրված ու չգրված օրենքները, ոչինչ չեն ստեղծում խաղի ընթացքում, ընդամենը «քանդում են» մրցակցի խաղը: Հայտնի են նաև դեպքեր, երբ «հակաֆուտբոլ» և «կեղտոտ ֆուտբոլ» դավանող մարզիչն ու թիմը հասել են չեմպիոնության...

Իրականում քաղաքականության մեջ էլ են նման բաներ արտապատկերվում: Քաղաքականության մեջ էլ կան գործիչներ և ուժեր, որոնք ոչ թե պարզապես «հակաֆուտբոլ» կամ «կեղտոտ ֆուտբոլ» են խաղում, այլ «հակաամենինչ» են խաղում: Ու Հայաստանի գործող իշխանությունները դրա վառ օրինակն են: Անընդհատ սադրում են, անընդհատ թքած ունեն օրենքների ու բարոյական նորմերի վրա: Իշխանության լծակները, նրանց հասկացողությամբ, գոյություն ունեն բացառապես այն բանի համար, որ կոպտորեն կիրառվեն իրենց քաղաքական հակառակորդների դեմ: Փաշինյանի ու ՔՊ-ի պարագայում ոչ միայն երկիրը, ամեն ինչ է «հակառակ կողմից»: Կրթությունը լինի, թե տնտեսությունը, իրավունքը լինի, թե նույնիսկ քաղաքային երթևեկությունը: Քննադատո՞ւմ են, ընդդիմադի՞ր են, ընդդիմախո՞ս են, կալանավորե՛լ: Հաղթահարե՞լ են ԱԺ անցողիկ շեմը, ձայները զրոյացնե՛լ, մանդատներ չտա՛լ: Հաղթե՞լ են մրցակիցները ՏԻՄ ընտրություններում, հաղթողներին բանտարկե՛լ, նոր ընտրություններ անցկացնե՛լ...

Էլ որն ասենք, էլ որը...

Հիշեցնում են չար մեկին, որ ցեխաջուրն ընկնելուց հետո անասելի աղմուկ է բարձրացնում, որպեսզի շուրջը մարդիկ հավաքվեն: Իսկ երբ բազմություն է հավաքվում, ամբողջ ուժով չլմփացնում է այդ ջրափոսում, որպեսզի մնացած բոլորն էլ ցեխոտվեն: Ու հենց միայն դրանից արդեն լավ է զգում...

Թերևս մնում է հուշել, որ Օտյանի «Ընկեր Փանջունին» սատիրա է, այլ ոչ թե ուղեցույց: Կհիշեք. ինչ ջարդում էր, ասում էր՝ «շինեցի»: Իսկ «համոզեցուցիչ փաստարկը» չհամաձայնողի գլխին նետված քարն էր: