|
Փոխարժեքներ
05 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանը գրում է.
Այսօր դիտեցի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ելույթը, որտեղ նա հանդես է գալիս ՀՀ ժողովրդագրական խնդիրները լուծողի դերում: Ես սովորաբար չեմ անդրադառնում պաշտոնատար անձանց ելույթներին, բայց այս անգամ չեմ կարող անտարբեր լինել, քանի որ խնդիրն առնչվում է ՀՀ ժողովրդագրական անվտանգությանը: Ամենայն հարգանքով մեծահարգ պաշտոնյայի նկատմամբ` պետք է փաստեմ, որ ժողովրդագրական խնդիր ժողովրդագրական անցման արդի փուլում միգրացիայով չեն լուծում: Ժամանակակից հետազոտություններում արդեն պարզ ճշմարտություն է, որ միայն բնակչության ընդլայնված կամ առնվազն պարզ վերարտադրության ապահովումն է նշանակում լուծել ժողովրդագրական խնդիր: Չափազանց ուրախալի կլինի, երբ գործնական քայլեր ձեռնարկվեն հայրենադարձության կազմակերպման ուղղությամբ, սակայն արաբների և այլ էթնոսների` ՀՀ-ում վերաբնակեցնելու մասին հանձնակատարի հայտարարությունը չի կարող լինել լուծում ՀՀ ժողովրդագրական խնդիրների համար: Այն դեպքում, երբ արդեն 2022 թվականին (նախկինում մեր հաշվարկները ցույց էին տալիս 2024 թվից) ՀՀ-ում կարող է ավելի քիչ մարդ ծնվել, քան մահանալ, սեփական էթնոսի վերարտադրության և երկարաժամկետ հեռանկարում առհասարակ գոյության հարց կարող է բացվել: Նման ելույթներից առաջ անհրաժեշտ է, որ գոնե խորհրդականները հուշեն` Եվրոպայի Խորհրդի անդամ 30-ից ավելի երկրներում, Ռուսաստանի Դաշնությունում, Ճապոնիայում և տարբեր այլ երկրներում ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգային փաստաթղթերում հստակ նշված է, որ առաջնահերթ խնդիրը սեփական էթնոսների (դոմինանտ էթնոսի և ազգային փոքրամասնությունների) վերարտադրության, այսինքն` բնական աճի համար նպաստավոր պայմանների ապահովումն է: Ամենայն կարեկցությամբ, հարգանքով և սիրով նշյալ էթնոսների հանդեպ` հույս ունեմ, որ ելույթը կանխամտածված քաղաքականություն չէ և ասվել է պարզապես օրինակի համար: