կարևոր
1423 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-24 19:39
Հասարակություն

«Ադրբեջանում հրահանգը տրվում է, այստեղ գործիքակազմն աշխատում է»․ Մասյացոտնի թեմում ծառայած քահանան փակագծեր է բացում․ Yerkir.am-ի բացառիկ անդրադարձը

«Ադրբեջանում հրահանգը տրվում է, այստեղ գործիքակազմն աշխատում է»-ի այս մասին  Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Մասյացոտնի թեմում ծառայած Տեր Զարեհ քահանա Աշուրյանը։ Նրա հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորև․
 

-Օրհնեցեք Տեր Հայր, բոլորովին վերջերս հոգևոր ծառայության եք նշանակվել Ղրիմի Հանրապետության Թեոդոսիա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Մինչ այդ, Մասյացոտնի թեմում էիք ծառայում և մշտապես աչքի եք ընկել հոգևորականի՝ Ձեր ազնիվ ու նվիրյալ տեսակով։  Հաշվի առնելով սա, կխնդրեմ պատասխանեք մեր մի քանի հարցերին՝ կիրակի օրը, Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ մատուցված Պատարագի և դրա շուրջ բարձրացված աղմուկի հետ կապված։

Տեր Հայր, Պատարագի ժամանակ պատարագիչ քահանան  չհիշատակեց Վեհափառ Հայրապետի անունը, արդյո՞ք սա կանոնական խախտում չէ։

-Աստված օրհնի, Վեհափառի անունն անտեսել,  անցել է և դա արել է դիտավորությամբ, ինչպես իր բացատրության մեջ է դա նշվում, բայց դա եղել է առաջնորդ Սրբազան Հոր ներկայությամբ և փորձ չի արվել կանխվել այդ ոչ կանոնական ընթացքը քահանայի։

-Իսկ ի՞նչ եք կարծում, դա Գևորգ Սրբազանի անձնակա՞ն որոշումն էր, թե՞ հնարավոր է քաղաքական իշխանության հատուկ հրահանգ է եղել։

- Իր անձնական որոշումն է, թե՝ ոչ, ասել չեմ կարող, ոչ էլ կարող եմ ասել ճնշումներ կան, թե՝ ոչ, մեկնաբանությունը Գևորգ Սրբազանն ինքը պետք է տա, բայց մի բան ակնհայտ է, մի քանի օր առաջ,  չեմ ասում ամիսներ կամ շաբաթներ, այլ դիրքորոշում է ունեցել և այս պահին ուրիշ դիրքորոշում ունի։

-Կարծո՞ւմ եք, որ Սրբազանը գիտակցում էր իր քայլի հնարավոր հետևանքները։

-Իհարկե վստահ եմ, որ գիտակցում է, որովհետև բազմաթիվ անգամներ առիթ եմ ունեցել անձամբ իր կողմից խիստ քննադատության խոսքեր լսել, քննադատական մոտեցում է ունեցել այն բոլոր հոգևորականներին, դրանք լինեն բարձրաստիճան, թե ամուսնացյալ քահանա կամ աբեղա, ովքեր որ Մայր Աթոռի դեմ, այս կամ այն կերպ, ոտնձգություններ են արել, կամ Վեհափառի հասցեին ինչ-որ բան են խոսել։ Վստահ եմ, ինքը՝ Սրբազանն ամբողջությամբ գիտակցում է։

-Ինչպե՞ս եք վերաբերվում հասարակության բուռն արձագանքին․ արդյոք այն արդարացված է։

-Հասարակության այս արձագանքը սպասելի էր, որովհետև բոլորն էլ գիտեին, որ Գևորգ Սրբազանը մինչև այդ պահը աչքի է ընկել Մայր Աթոռին, և այսպես ասած, նրա գահակալին ցուցաբերած ակտիվ  աջակցությամբ և տարակուսելի էր միանշանակ, թե պետք է տեղի ունենա, որպեսզի մարդն այդքան շուտ իր կողմնորոշումը փոխի։ Որևիցե բացատրություն կամ մեկնաբանություն, որ այդ թեմայով տրվում է, ինձ համար անհասկանալի է։ Ես ուղղակի կուզեմ, որ սխալված լինեմ իմ գնահատականների մեջ, իմ դատողական գնահատականների մեջ, կուզեմ, որ սխալված լինեմ և կուզեմ, որ նաև մեր հասարակությունն էլ սխալված լինի, միայն թե այս ամենը, ինչ տեղի է ունենում, մի երազ լիներ, որ այսպես մղձավանջային եղավ ու անցավ։
 

-Տեր հայր, գիտենք, որ մշտապես արտահայտել եք Ձեր անհամաձայնությունը՝ Եկեղեցու և եկեղեցականների դեմ իշխանության մակարդակով արշավին, ոտնձգություններին, ինչպե՞ս էր արձագանքում Ձեր համարձակ  դիրքորոշումներին Գևորգ Սրբազանը՝ որպես թեմի առաջնորդ։ Ձեզ լռեցնելու փորձեր եղե՞լ են։
 

-Իմ հանդեպ որոշակի սահմանափակումներ թեմի առաջնորդի կողմից եղել է, հրահանգներ է եղել կոնկրետ մամուլի հետ հաղորդակցման մասով, որ մամուլի հետ չհաղորդակցեմ, և անգամ շատ ժամանակ ես մամուլի տարբեր հարցազրույցներից հրաժարվել եմ՝ պատճառաբանելով, որ վիրահատված եմ, և այդ պատճառով չեմ կարող խոսել, բայց իրականում իմ արգելված է եղել Սրբազանի կողմից, և անգամ նկատողության եմ արժանացել գրավոր, Հրապարակ-ին  տված հարցազրույցում  պաշտպանել եմ Վեհափառ Հայրապետին։ 

-Իսկ որո՞նք են այն սահմանները, որոնցից չպետք է անցնի իշխանավորը, երբ խոսքը վերաբերում է եկեղեցու և իշխանության հարաբերություններին։

- Բոլորիս համար գոյություն պետք է ունենան կարմիր գծեր։ Եթե մենք այդ կարմիր գծերն անցնում ենք, այլևս մեր ընթացքի մեջ շեղվում ենք։ Այս իշխանություններն իր կարմիր գծերը շատ վաղուց է անցել, երբ պայքար սկսեց Եկեղեցու դեմ, երբ հանձնեց Արցախի Հանրապետությունը, երբ թշնամուն տվեց մեր վանքերն ու դպրոցները, հերոսների գերեզմանները, երբ անտեսեց բոլոր ձեռքբերումները, երբ խեղվեց Հայոց պատմությունը կամ դրա ճշմարտացիությունը կասկածի տակ դրվեց, այդ ժամանակ այդ կարմիր գծերը ինքը հատեց։
 

Մարդը կարող է չընդունել այս կամ այն հոգևորականին, բայց դուրս գալ Եկեղեցու դեմ, նրա գահակալի դեմ, դա արդեն ուրիշ հարց է։ Այստեղ շատ մեծ վտանգ կա և հասկանում ենք, որ այդ ամենի պատվիրատուներն ովքեր են։ Վստահ եմ, որ բոլորդ էլ հասկանում եք, չի կարող այսքան զուգադիպություն լինել, երբ Ադրբեջանից Փաշազադեն հոխորտում է Եկեղեցու դեմ, այստեղից արձագանք է տեսնում։ Այսինքն՝ այնտեղ հրահանգը տրվում է, այստեղ գործիքակազմն աշխատում է,-ասաց Տեր Զարեհ քահանաԱշուրյանը։

Հարցազրույցը՝ Հերմինե Զեյնալյանի։