կարևոր
1408 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-27 22:48
Աշխարհ

Թրամփը հրաժարվել է հստակ հայտարարել, որ երրորդ ժամկետով չի առաջադրվի

Թրամփը հրաժարվել է հստակ հայտարարել, որ երրորդ ժամկետով չի առաջադրվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացառել է 2028 թվականի ընտրություններում փոխնախագահի պաշտոնում առաջադրվելը, սակայն հրաժարվել է հստակ հայտարարել, որ չի առաջադրվի երրորդ ժամկետով, հաղորդում է Reuters-ը։

Թրամփը բազմիցս խոսել է սահմանադրությամբ թույլատրված երկու ժամկետից ավելի պաշտոնավարելու մտքի մասին՝ հանրահավաքների ժամանակ կատակելով այդ թեմայով։ Նրա որոշ դաշնակիցներ լուրջ են ընդունել այս ազդանշանները՝ ակնարկելով, որ իրենք ուսումնասիրում են դա իրականություն դարձնելու իրավական կամ քաղաքական ուղիները։

ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը արգելում է նախագահի պաշտոնում երրորդ ժամկետով առաջադրվելը։

Որոշ կողմնակիցներ ենթադրել են, որ այս արգելքը շրջանցելու միջոցներից մեկը կլինի այն, որ Թրամփը առաջադրվի փոխնախագահի պաշտոնում, մինչդեռ մեկ այլ թեկնածու առաջադրվի նախագահի պաշտոնում և հրաժարական տա, ինչը Թրամփին թույլ կտա կրկին ստանձնել նախագահի պաշտոնը։

«Ես դա թույլ կտայի։ Բայց չէի անի։ Չեմ կարծում, որ մարդկանց դա դուր կգա։ Դա ճիշտ չէր լինի»,- շեշտել է Թրամփը երկուշաբթի՝ Մալայզիայից Տոկիո թռիչքի ժամանակ նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ շփվելիս։

Խոսելով երրորդ ժամկետի հնարավորության մասին՝ Թրամփն ասել է. «Շատ կցանկանայի դա անել։ Ես ունեմ լավագույն ցուցանիշը, որը երբևէ ունեցել եմ»։

Թրամփը նաև հայտարարել է, որ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրաշալի մարդիկ են, որոնք 2028 թվականին կարող են առաջադրվել նախագահի պաշտոնում։

«Կարծում եմ, որ եթե նրանք երբևէ միավորվեն, նրանց դեմն առնել չի լինի։ Ես իրոք այդպես եմ կարծում։ Ես հավատում եմ դրան», - ասել է ԱՄՆ նախագահը։