կարևոր
2740 դիտում, 4 ժամ առաջ - 2025-10-20 20:40
Քաղաքական

Տարատեսակ ՔՊ-ականներ, խելոք նստեք տեղներդ․ դեռ շատ պիտի ապաշխարեք՝ «հանցագործություն» բառն արտաբերելու նվազագույն բարոյական իրավունք վաստակելը․ Բաբայան

Տարատեսակ ՔՊ-ականներ, խելոք նստեք տեղներդ․ դեռ շատ պիտի ապաշխարեք՝ «հանցագործություն» բառն արտաբերելու նվազագույն բարոյական իրավունք վաստակելը․ Բաբայան

«Հայրենիք» կուսակցության գործադիր մարմնի անդամ Արսեն Բաբայանի հայտարարությունը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին․

«Հայտարարությունս սկսեմ հռետորական հարցով․ իսկ ո՞վ չգիտեր, որ այսպես է լինելու։

ՀՀ ներկայիս իշխանության ենթակայությամբ գործող իրավապահ մարմինները վաղուց արդեն բոլորիս համոզել են, որ չեն վայելում վստահություն։ Այս պայմաններում և՛ տարածվող ձայնագրությունները, և՛ մեղսագրված արարքները կարող են լինել մոնտաժված ու կեղծ՝ ինչպես մենք բազմիցս համոզվել ենք տարբեր քրեա-քաղաքական արշավների օրինակներով։

Վարդան Ղուկասյանի նկատմամբ հետապնդումը նոր չէ․ դրա մեկնարկը տրվել է Ազգային ժողովի ամբիոնից՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից։

Այսինքն՝ քաղաքական իշխանության ղեկավարն ինքն է դրել այդ գործընթացի հիմքը։ Իսկ հնարավո՞ր է քաղաքական իշխանության կողմից, այն էլ՝ քաղաքական ամբիոնից տրված մեկնարկը չհամարել քաղաքական դրդապատճառներով հետապնդում։ Նույնիսկ մեծ ցանկության դեպքում դժվար կլինի։

Կոռուպցիոն բնույթի և առհասարակ՝ բոլոր հանցագործությունները պետք է քննվեն բացառապես օբյեկտիվության շրջանակներում՝ անկախ և չքաղաքականացված իրավապահ կառույցների կողմից։

Միայն այդ պայմաններում կարող է երաշխավորվել, որ յուրաքանչյուր կոռուպցիոներ, լինի իշխանության, թե ընդդիմության ներկայացուցիչ, կստանա իր արժանի պատիժը։ Մեզ համար աներկբա է, որ հանցանք կատարող անձ պետք է ենթարկվի պատասխանատվության։

Ինչ վերաբերում է տարատեսակ ՔՊ-ականների՝ խելոք նստեք տեղներդ (ձեզ հարազատ լեզվով)։ Դուք դեռ շատ պիտի «ապաշխարեք», նախքան «հանցագործություն» բառն արտաբերելու նվազագույն բարոյական իրավունք վաստակելը»։