կարևոր
781 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-08 10:15
Քաղաքական

Գյումրին ունի ընտրված ղեկավարություն, որի առաքելությունն է՝ ծառայել քաղաքին. քաղաքը չպետք է դառնա ՔՊ-ի նեղ շահերի գերի․ շիրակցի պատգամավոր

Գյումրին ունի ընտրված ղեկավարություն, որի առաքելությունն է՝ ծառայել քաղաքին. քաղաքը չպետք է դառնա  ՔՊ-ի նեղ շահերի գերի․ շիրակցի պատգամավոր

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրել է.

«Գյումրու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից անցել է արդեն վեց ամիս, և քաղաքական գործընթացներն իրենց իրավական հանգուցալուծումն ստացել են։ Սակայն, դժբախտաբար, մենք շարունակում ենք ականատես լինել մի մտահոգիչ իրականության՝ երբ իշխանական որոշ շրջանակներ դեռևս չեն համակերպվում ժողովրդի հստակ արտահայտած կամքի հետ։

Երբ իշխանությունը հրաժարվում է ընդունել պարտությունը, իսկ կուսակցական շահը գերադասվում է քաղաքացու օրակարգից, սկսվում են վտանգավոր գործընթացներ, որոնց ականատեսն ենք այսօր Գյումրիում։

Այս ամիսների ընթացքում հետևողականորեն նկատվում են փորձեր՝

▪️ խաթարելու համայնքապետարանի կայուն աշխատանքը,

▪️ արգելակելու համայնքի զարգացման ծրագրերը,

▪️ ճնշում գործադրելու համայնքային ինստիտուտների վրա,

▪️ և ամենասարսափելին՝ ապակայունացնելու իրավիճակը համայնքում՝ արհեստական լարվածություն ստեղծելով։

Սա այլևս ոչ թե քաղաքական անհամաձայնություն է, այլ՝ պետականության համար վտանգավոր քաղաքական վարքագիծ։

Պետք է հստակ ընդգծել՝ քաղաքական մրցակցությունը պետք է առաջնորդվի օրենքով և քաղաքացիական պատասխանատվությամբ։ Նման ապակայունացման փորձերը ոչ միայն անտեսում են ժողովրդի ընտրությունը, այլև ապակայունացնում են պետական ինստիտուտների աշխատանքը՝ հասցնելով անմիջական վնաս համայնքի բնակիչներին։

Հետևաբար այսօրվա իրողությունը պահանջում է`

- Անմիջապես դադարեցնել՝ որևէ ձևով խոչընդոտել համայնքապետարանի և տեղական իշխանության աշխատանքը,

- Զերծ մնալ ցանկացած քայլից, որը կարող է միտումնավոր սրել լարվածությունը կամ խաթարել քաղաքի սոցիալ-տնտեսական ծրագրերը,

- Ցուցաբերել քաղաքական հասունություն՝ հարգել ժողովրդի ընտրությունը և ծառայել բացառապես համայնքի շահերին։

- Եվ թույլ չտալ, որ մի ամբողջ քաղաք դառնա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նեղ շահերի գերի։

Պարտությունը երբեք դյուրին չի լինում։ Բայց պարտությունը քաղաքական մշակույթի բացակայության պայմաններում վերածվում է ապակառուցողական և վտանգավոր քաղաքականության:

Գյումրին ունի ընտրված ղեկավարություն, որի առաքելությունն է՝ ծառայել քաղաքին։

Եվ այդ առաքելության ճանապարհին խոչընդոտելն արդեն բացարձակ անպատասխանատվություն է պետականության նկատմամբ»։