կարևոր
1210 դիտում, 4 ժամ առաջ - 2025-11-01 11:48
Քաղաքական

Ընդամենը 8 դպրոց և 29 մանկապարտեզ Շիրակի մարզում՝ խոստացված 58 դպրոցի և 56 մանկապարտեզի փոխարեն․ շիրակցի պատգամավոր

Ընդամենը 8 դպրոց և 29 մանկապարտեզ Շիրակի մարզում՝ խոստացված 58 դպրոցի և 56 մանկապարտեզի փոխարեն․ շիրակցի պատգամավոր

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության կողմից Շիրակի մարզում իրականացված դպրոցաշինական աշխատանքների ձախողման պատկերը․

«Փաշինյանական իշխանությունը 2021 թվականին մեծ շուքով հայտարարեց, թե մինչև 2026 թվականը Հայաստանում կառուցվելու կամ վերանորոգվելու են 300 դպրոց և 500 մանկապարտեզ։ Այդ հայտարարությունը ներկայացվում էր որպես կրթական հեղափոխության սկիզբ: Սակայն այսօր՝ 2025 թվականի վերջին, փաստերն ավելի խոսուն են, քան ամեն խոստում։

Խոստացված կրթական հեղափոխությունը վերածվել է չիրականացված ծրագրերի և հերթական թվերի մանիպուլյացիաների։

Խոսքերը շատ են եղել, արդյունքը՝ չնչին։

Միայն Շիրակի մարզում, որտեղ իշխանությունը խոստացել էր կառուցել կամ վերանորոգել 58 դպրոց և 56 մանկապարտեզ, 2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ շահագործման է հանձնվել ընդամենը 8 դպրոց և 29 մանկապարտեզ։

Սա է նրանց՝ խոստացված առաջընթացը։

Այս թվերն ինքնին դատավճիռ են։ Դատավճիռ՝ անպատասխանատվության, անգործության և պետական մտածողության բացակայության։ Դե խոսք տալու մեջ այս իշխանությանը հավասարը չկա․ խոստումներ՝ անսահման, պատասխանատվություն՝ զրոյական։

Պարոնայք քպ-ականներ, կրթական համակարգը փլուզվում է ոչ թե ժամանակի կամ միջոցների պակասից, այլ իշխանության կամքի և խղճի բացակայությունից:

Այսօր, երբ մեր կրթական համակարգը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, գործող իշխանությունը շարունակում է զբաղվել կեղծիքով և ինքնագովազդով։

Նրանք խոսում են կառուցելու մասին, բայց իրականում՝ փակում են ապագան։

Այդ մասին է վկայում մեկ այլ ծրագիր, որով կառավարությունը նախատեսում է Շիրակի մարզում փակել 40-ից ավելի դպրոցներ:

Այսինքն՝ խոստացված «կառուցման և զարգացման» փոխարեն մենք ստանում ենք փակվող կրթօջախներ:

Այս իշխանությունը ոչ թե կառուցում է Հայաստանի ապագան, այլ հերթական անգամ փակում դրա դռները»։