կարևոր
3034 դիտում, 5 ժամ առաջ - 2025-09-08 20:56
Քաղաքական

Դու ուր, Սրբազանը ուր․ պատգամավորի արձագանքը ՔՊ-ականին

Դու ուր, Սրբազանը ուր․ պատգամավորի արձագանքը ՔՊ-ականին

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը արձագանքել է ՔՊ-ական երեսփոխան Էմմա Պալյանին, նշելով․

«Թավշյա «հետհեղափոխական» Հայաստանում բազմիցս ենք տեսել տարբեր տրամաչափի չինովնիկների, ովքեր իրենց քաղաքական ամայությունը փորձել են փոխհատուցել դատարկ պոռոտախոսությամբ։ Սակայն կան սահմաններ, որոնք անցնելը ոչ միայն քաղաքական սխալ է, այլ բարոյական սնանկության հստակ ապացույց։

Մի քպ-ական պատգամավոր կա Գյումրի քաղաքից, որի անունն այսօր շատերը դժվարությամբ կհիշեն՝ ոչ թե մոռացկոտության, այլ անգործության պատճառով։ Արձանագրում ենք՝ ոչ մի արժեքային նախաձեռնություն, ոչ մի էական ներդրում մարզի քաղաքական, սոցիալական կամ մշակութային զարգացման գործում։ Միակ ակտիվությունը՝ ճառերի մակարդակով։ Եվ նույնիսկ այդտեղ՝ դատարկաբառ պաթոս՝ զուրկ քաղաքական և բարոյական կշռից։

Ավելին՝ տվյալ պատգամավորը նույնիսկ հասցրել է ճամբարափոխ լինել անգամ իր իսկ թիմի ներսում, մի ճկունություն, որն ակնարկում է ոչ թե ռազմավարություն, այլ սկզբունքների բացակայություն։

Ու հիմա, երբ չունի ոչ մի ձևի ներկայություն Շիրակի մարզում, սույն անձնավորությունն ընտրել է անբարո ճանապարհ՝ սեփական քաղաքական ձախողումները և դատարկությունը քողարկելու նպատակով․ արդեն որերորդ անգամ անամոթ ձևով թիրախավորում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։

Դու ուր, Սրբազանը ուր․․․․

Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ոչ միայն հոգևոր առաջնորդ է, այլ՝ կայացած հասարակական գործիչ, մտավորական, մարդ, ով տարիներ շարունակ եղել է մեր խղճի և արժանապատվության պահապանը։ Նրա ձայնը լսելի է, որովհետև նա ներկայացնում է իր ժողովրդին, նրա ցավը, պայքարը, արժանապատվությունը։ Նրա դիրքորոշումները խորքային են, և միաժամանակ՝ հոգևոր և ազգային շահերի լիարժեք արտահայտում։

Եվ վերջապես՝

Սրբազանն այսօր ձեզ բոլորիդ հաղթել է՝ լռությամբ, խոհեմությամբ ու ազատությամբ։

Նա ազատ է խոսքի մեջ, ազատ է մտածողությամբ, ազատ է՝ ճնշումներից։

Ի վերջո՝ սա հարց է ոչ թե անձի, այլ արժեքների։

Եվ երբ արժեքներից զուրկ մարդիկ փորձում են թիրախավորել արժեք ներկայացնող մարդուն, նրանք՝ ինքնադատապարտվում են մոռացության»։