կարևոր
1795 դիտում, 4 ժամ առաջ - 2025-09-08 12:02
Քաղաքական

ԵՊՀ-ն չի կատարում ԿԳՄՍ նախարարի հրամանը

ԵՊՀ-ն չի կատարում ԿԳՄՍ նախարարի հրամանը

ՀՀ ում բուհերի մագիստրատուրայի ընդունելության քննությունները կարգավորվում են ՀՀ կրթության և գիտության նախարարի 06.12.2007 թ. թիվ 1193-Ն հրամանով: Ըստ այդ հրամանի` բուհերի շրջանավարտները մագիստրատուրա ընդունվում են բազային կրթության ընթացքում ուսումնասիրած դասընթացների ցանկի հաշվառմամբ իրականացվող մրցույթի արդյունքերով: 

Այլ կերպ ասած, նախարարությունը ոչ մի այլ լրացուցիչ պայման չի նախատեսում մագիստրատուրա ընդունվելու համար՝ քննություն, հարցազրույց կամ մասնագիտությունների, մասնաճյուղերի ու ավարտելու ժամկետների սահմանափակումներ:

Այդուհանդերձ, պարզվում է, որ որոշ բուհեր, անտեսելով նախարարի հրամանը, իրենք իրենց համար սահմանել են հրամանին հակասող կանոններ և առաջնորդվում են դրանցով:

Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի ընդունելության կարգում նախատեսված է, որ առկա ուսուցման ձևով առաջին փուլով անվճար և վճարովի ուսուցման համակարգի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման ձևերի նույն մասնագիտությամբ վերջին 3 ուսումնական տարվա շրջանավարտները: 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բակալավրիատի շրջանավարտներն առկա ընդունելության 1-ին փուլում կարող են մասնակցել միայն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին հատկացված անվճար տեղերի մրցույթին:

Ստացվում է, որ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հաշվի չի առնում ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանը և ընդունելությունը կազմակերպում է սեփական ցանկությամբ:

Yerkir.am-ը հաջորդիվ կներկայացնի նաև մյուս բուհերում տիրող իրավիճակը: