կարևոր
478 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-25 15:57
Իրավական

Վարույթի առաջին իսկ օրվանից մի մեծ փիղ կա, որը բոլորը շրջանցում են․ Միքայել Սրբազանի գործով փաստաբան

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում մեկնարկել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով 5-րդ դատական նիստը։

Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատավոր Արմինե Մելիքսեթյանին բացարկ հայտնելու միջնորդություն էր ներկայացրել։ Դատավոր Արմինե Մելիքսեթյանը մերժել է պաշտպանների կողմից ներկայացված բացարկի միջնորդությունը:

Նաև հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ հետազոտվեցին պաշտպանության կողմի միջնորդությամբ ներկայացված ապացույցները՝ փաստաթղթեր, նախաքննական մարմինների որոշումներ, զեկուցագրեր, ԶԼՄ հրապարակումներ։  Դատարանում, մասնավորապես, հետազոտվեց 2024թ․ ապրիլի 25-ին գլխավոր դատախազին ներկայացված ԻՔՄ հաղորդումը և դրան ուղղված պատասխանը։ Մասնավորապես, փաստաբան Ռոման Ահարոնյանը հիշեցրել էր, որ Միքայել Սրբազանի՝ 2023թ սեպտեմբերի 26-ին «Օրագիր Նյուզին» տրված հարցազրույցից հետո Դանիել Իոաննիսյանը հաղորդում էր ներկայացրել՝ պահանջելով քրեական վարույթ նախաձեռնել՝ իբրև իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր կատարելու հատկանիշներով, սակայն դատախազությունը փաստել է, որ հանցակազմ առկա չէ և քրեական վարույթ չի նախաձեռնվել, հետապնդում՝ չի իրականացվել։ Փաստաբան Ռոման Ահարոնյանի դիտարկմամբ՝ դատախազության պատասխանից հետևում է, որ քննարկվել է կոնկրետ անձի կոնկրետ վարքագիծը և հանցանք առկա չէ։ Պաշտպանության կողմը նաև որպես ապացույց ներկայացրեց լեզվաբան-փորձագետի կարծիք՝ Սրբազանի խոսքի կոնտեքստի վերաբերյալ, համաձայն որի՝ հարցազրույցի տեսագրությունում որևէ կոչ չկա, պատմողական նախադասություն է։ 

Այսօրվա նիստի ժամանակ դատավորը պաշտպանական կողմից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ փորձագետ, և ոչ թե՝  մասնագետ։ Շուրջ կես ժամ  հանրային մեղադրողներին ու դատավորներին պաշտպանները բացատրում էին երկու հասկացությունների տարբերությունը։

Նշենք, որ Միքայել Սրբազանը կալանավորվել է հունիսի 28-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ։ Սրբազան հորը մեղադրում են իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված կոչեր հնչեցնելու մեջ։ Ըստ վարույթի նյութերի՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցների ընթացքում հայտարարել է, թե պետք է ռազմական հեղաշրջում կատարել, մինչդեռ, վիճարկվող հայտարարություններում  իրավապահները հանցակազմ չէին տեսել, քրեական վարույթ չէին նախաձեռնել և հիշել են միայն երկու տարի անց՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԱԵ-ի թիրախավորմանը զուգահեռ կամ դրան հաջորդելով։ Քրեական վարույթը նախաձեռնվել է 2025թ․ հունիսի 17-ին։ Միքայել Սրբազանը մեղադրանքը չի ընդունում։ Հատկանշական է մեկ հանգամանք ևս․ իրավապահները ոչ միայն, խախտելով անձի՝ նույն ենթադրյալ արարքի համար երկրորդ անգամ չդատվելու սկզբունքը հետապնդում են հարուցել տարիներ առաջ արված հայտարարության համար, այլև՝ քրեական գործի հարուցումից օրեր անց, առանց Սրբազանին ծանուցելու, հունիսի 26-ին նախ ներխուժել է Շիրակի թեմի առաջնորդարան՝ խուզարկությունների, ապա՝ զինված ներխուժել են Վեհարան, որտեղ քահանայաց ժողով էր ընթանում՝ փորձելով «մասկի շոու» բեմադրել, ինչը չի հաջողվել, քանի որ Սրբազանն ինքնակամ է ներկայացել։