կարևոր
2686 դիտում, 1 օր առաջ - 2025-07-24 09:23
Քաղաքական

Կադրային սխալ քաղաքականություն, սահմանային անվտանգության բացակայություն. ամերիկյան հարցման ստվերային կողմը. «Ժողովուրդ»

Կադրային սխալ քաղաքականություն, սահմանային անվտանգության բացակայություն. ամերիկյան հարցման ստվերային կողմը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Համացանցը ողողած Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից արված հարցումը գրավեց բոլորի ուշադրությունը, սակայն այն ունի նաեւ ստվերային չհրապարակված կողմեր։

Բանն այն է, որ մինչ այս համացանցում ակտիվ պտտվել են ՔՊ-ի ցածր վարկանիշի, Խաղաղության պայմանագրի հանդեպ անվստահության եւ եկեղեցուն սատարելու վերաբերյալ թվերը։

Սակայն իշխանության ձախողումները, կարծես թե, վրիպել են անգամ հարցման հետեւում կանգնածների աչքից։

Հունիսի 16-ից 25-ը իրականացված հարցման արդյունքները ցույց են տալիս, որ վերջին 6 ամիսների ընթացքում իշխանությունների ամենամեծ ձախողումը եղել է սխալ արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը՝ ըստ հարցվածների 14%-ի։

2-րդ տեղում, որպես ամենամեծ ձախողում, տեղ է գտել կադրային սխալ քաղաքականությունը՝ 10% ցուցանիշով, եւ սա հետեւել է այն բանին, որ Նիկոլ Փաշինյանը մասսայական ազատումներ սկսեց «SMS-ի միջոցով»։ Ինչպես նախկինում եւս գրել էինք, «SMS-ի միջոցով» պետական համակարգը լքեցին ՏԿԵՆ նախկին նախարար Գնել Սանոսյանը, ՔԿ նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանը, ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանը, արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, եւ այս շարքը ապագայում եւս, կարող ենք համոզված լինել, կշարունակվի։

Իշխանությունների 3-րդ ամենամեծ ձախողումը համարվել է սահմանային անվտանգության բացակայությունը՝ 9%։

Խաղաղության պայմանագրի եւ խաղաղություն հաստատելու՝ իշխանության թեզերին զուգահեռ Հայաստանում անվստահություն կա իշխանությունների նկատմամբ, որ այդպես էլ բաղձալի խաղաղությունն ու սահմանային անվտանգությունը չեն տեսնի։

4-րդ տեղում, որպես իշխանության ամենամեծ ձախողում, կոնֆլիկտային իրավիճակն է հոգեւորականների հետ՝ 6% ցուցանիշով։

Նիկոլ Փաշինյանի՝ ամենօրյա ռեժիմով հրապարակվող ֆեյսբուքյան ստատուսները, կարծես թե, այդքան էլ արդյունք չեն տվել, եւ քաղաքացիները եկեղեցու դեմ հարձակումը համարում են ձախողում, իսկ հարցվածների 58%-ը, ինչպես գրել էինք, սատարում է հայ առաքելական եկեղեցուն։

Ամենամեծ ձախողումների շարքը համալրում են կոռուպցիայի դեմ պայքարի առաջընթացի բացակայությունը, կրթության ցածր որակը, գնաճը, արտաքին պարտքի աճը, բանակի թուլացումը։

Թվարկածները, թերեւս, երկրի կայացման եւ որպես պետություն ձեւավորման գործընթացի հիմնասյուներն են, էլ չասենք, որ այս ձախողումների մեծամասնությունը իշխանության նախընտրական խոստումներն են, որոնք այդպես էլ, կարծես թե, չեն կատարվելու»։