կարևոր
1183 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-26 19:33
Քաղաքական

Իրավական ամենաթողություն Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքի շուրջ․ փաստաբանական թիմի հայտարարությունը

Իրավական ամենաթողություն Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքի շուրջ․ փաստաբանական թիմի հայտարարությունը

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի հայտարարությունը․

«Անվանի գործարար, բարերար Սամվել Կարապետյանը 2025 թվականի հունիսի 18-ի ակնհայտ անհիմն և ապօրինի որոշմամբ՝ կալանավորված է: Փաստաբանական խմբի բողոքը 2025 թվականի հունիսի 20-ին մակագրվել էր ամենից ցածր վարկանիշ ունեցող դատավոր Արմեն Դանիելյանին: Նշված և այլ հանգամանքներից ելնելով 2025 թվականի հունիսի 23-ին Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի կողմից ներկայացվել էր միջնորդություն՝ բողոքը հետ վերցնելու վերաբերյալ: 

Այս կարճ ժամանակահատվածում ամբողջությամբ բացահայտվեց այն, որ կատարվել էր ամեն ինչ, որպեսզի միայն Արմեն Դանիելյանը քննության առնի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի վերաբերյալ բողոքը:

Նախ՝ Արմեն Դանիելյանը պարտավոր լինելով անհապաղ կարճելու վարույթը, մատնվել էր հատուկ անգործության: Այնուհետև՝ Դատախազությունը ներկայացնում է վերաքննիչ բողոք, այն պայմաններում, երբ քննիչի միջնորդությունը բավարարվել էր ամբողջությամբ, այսինքն բողոքարկման հարցի բացակայության պայմաններում՝ բողոք է ներկայացվել: Այս ամենը կատարվել է զուտ նրա համար որպեսզի Արմեն Դանիելյանը ամեն գնով շարունակի մնալ բողոքը քննող դատավոր: Միաժամանակ սրանով Արմեն Դանիելյանը չի սահմանափակվել: Այսօր Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը ուղարկել է որոշում, որով վարույթ է ընդունել դատախազի բողոքը, բայց նաև սահմանել է նոր նշաձող իրավունքի սահմանազանցման՝ փաստաբանական խմբի ներկայացրած բողոքը, որից հրաժարվելու միջնորդություն էր ներկայացվել՝ ևս վարույթ է ընդունվել: Ավելին՝ պաշտպանության կողմին տրվել է ընդամենը 1 օր ժամկետ դիրքորոշումներ ներկայացնելու համար, իսկ դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 2025 թվականի հուլիսի 4-ը:

Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման, դրա բողոքարկման խայտառակ ընթացքի, պետական մարմինների վարքագիծը՝ ցանկացած անաչառ դիտորդի մոտ աներկբա են դարձնում քաղաքական հետապնդման ակնհայտ և  ուղիղ առկայությունը»: