կարևոր
2065 դիտում, 10 ամիս առաջ - 2023-05-30 16:39
Քաղաքական

Անհրաժեշտ են համարձակ որոշումներ․ Շառլ Միշելը Քիշնևում կայանալիք հանդիպման ակնկալիքների մասին

Անհրաժեշտ են համարձակ որոշումներ․ Շառլ Միշելը Քիշնևում կայանալիք հանդիպման ակնկալիքների մասին

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը հունիսի 1-ին Քիշնևում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայանալիք հանդիպմանն ընդառաջ գրառում է կատարել «Թվիթեր»-ում՝ հույս հայտնելով, որ հանդիպումը հնարավորություն կտա շարունակել քննարկումները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրառման մեջ մասնավորապես ասվում է․ «Ակնկալում ենք Քիշնևում շարունակել քննարկումները Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ։

Անհրաժեշտ է վերահաստատել հարգանքը մեկը մյուսի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, առաջխաղացում գրանցել սահմանների դելիմիտացիայի հարցում, ինչպես նաև նվազեցնել սահմանային շրջանների ռիսկերը։

Այժմ կենսական է Բաքվի և նախկին ԼՂԻՄ տարածքում բնակվող հայերի միջև երկխոսությունը նրանց իրավունքների և անվտանգության վերաբերյալ։

Կարևոր է զերծ մնալ առավելապաշտական դիրքորոշումներից և ձգտել երկխոսության։ Հակամարտության ավելի քան 30 տարիներից հետո ժամանակ է հարկավոր, որ վերքերը սպիանան։ Անհրաժեշտ են համարձակ որոշումներ»։

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ քննարկումները կշարունակվեն հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում նախատեսվող հանդիպման ժամանակ։ Ակնկալվում է ինչպես եռակողմ՝ Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպում, այնպես էլ հնգակողմ հանդիպում՝ արդեն նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ։